«Փաստինֆո». Բաքվում շարունակում է գերության մեջ պահվող հայերի դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօրվա նիստում շարունակվել է փաստաթղթերի ընթերցումը։
Ադրբեջանական կայքերը նշում են, որ ՊՆ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի փաստաբան Օկտայ Մադաթովը խնդրել է դատարանին հնարավորություն տալ իրեն հանդիպել իր պաշտպանյալի հետ ընդմիջման ժամանակ։ Դատավորը նշել է, որ դրա համար պայմաններ կստեղծվեն։
Գեներալ Դավիթ Մանուկյանը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով հանել կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու մեղադրանքը քրեական գործից և քննարկել այն առանձին վարույթում։ Դատարանը, տեղում խորհրդակցություն անցկացնելուց հետո, միջնորդությունը մերժել է, նշում են ադրբեջանական աղբյուրները։
Կարդացեք նաև
Այնուհետև Մադաթ Բաբայանի փաստաբան Լեյլա Նամազզադեն միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով հանել որոշակի միջադեպեր իր պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործից։ Դատարանը հայտարարել է, որ միջնորդությունը կքննարկվի խորհրդակցական սենյակում, և կտրվի պատասխան։


















































 
                         
          
          
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   