«Հայցվորը ոչ թե պետք է ասի՝ գնացեք կարդացեք, գործի նյութերում կա, այլ հարցը պարզ է հնչել՝ հարցում արե՞լ եք, թե՞ ոչ, պատասխանը պարզ է ենթադրվում՝ արել ենք կամ չենք արել։ Գնացեք-կարդացեքը, պատասխան չէ»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ դիմելով նախագահող դատավոր Կարապետ Բադալյանին՝ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, Կարապետ Բադալյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եւ նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատական նիստը։
Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը եւ նրա որդին՝ Նաիրի Ներսիսյանը ձերբակալվել էին հոկտեմբերի 17-ին՝ փողերի լվացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Վարուժան Ներսիսյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, սակայն դատարանն այն չի բավարարել։ Վարուժան Ներսիսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Խնդրո առարկա «ՆՆՎ ՍՊԸ»-ի մասին, որը բռնագանձելու պահանջ է ներկայացրել դատախազությունը, դատախազ Արեւիկ Ավոյանին հարց էր տվել Վարուժան Ներսիսյանը։ ՍՊԸ-ն հիմնադրվել է 10 հազար դրամով եւ գործել է մեկ ժամ, ապա գործունեությունը կասեցվել է ու էլ չի վերականգնվել։ ՍՊԸ-ի գործառույթները եղել են սպասարկող, օժանդակող ծառայությունների ոլորտը։ Վարուժան Ներսիսյանը դատախազին հարցրեց՝ պարզե՞լ եք, որ բանկային հաշիվ է բացել, որպեսզի հնարավորություն լիներ թեկուզ ապօրինի ներդրումներ կատարել։ Դատախազը պարզաբանեց՝ քանի որ այդ ժամանակահատվածի համար անկանխիկ գործառույթները պարտադիր չէին, ենթադրվում է, որ կանխիկ ապօրինի ներդրումներ են կատարել։ Ըստ Արեւիկ Ավոյանի, 10 հազարը բավարար չէ, որ կազմակերպությունը գործունեություն իրականացնի եւ հավանականությունների հավասարակշռության սկզբունքը կիրառելով, դատախազությունում ավելի հավանական են համարել, որ ապօրինի միջոցներով ներդրումներ են կատարվել։
Կարդացեք նաև
Նախագահող դատավորը եւ Արամ Օրբելյանը վեճի բռնվեցին։ Կարապետ Բադալյանը հայտարարեց՝ ոչ Արամ Օրբելյանը, ոչ դատավորը չեն կարող միջամտել, թե դատախազն ինչպես պետք է պատասխանի կամ չպատասխանի հարցերին։ Արամ Օրբելյանը տարակուսեց՝ կարող է նաեւ չպատասխանե՞լ հարցերին։ Դատավորը դրական պատասխանեց՝ ասելով, որ դա նաեւ պաշտպանական կողմին էլ է վերաբերում։
«Հարգելի դատարան, հայցի առարկան եւ հիմքը որ ձեզ պարզ չլինի, ո՞նց եք գործը քննելու»,-հարցրեց Արամ Օրբելյանը։
Վարուժան Ներսիսյանը հայտարարեց՝ դատախազը ծանոթ չէ իր կողմից ներկայացվող գործի նյութերին։ Ըստ գործի նյութերի, ընկերությունում կատարվել են ներդրումներ, որոնք հնարավորություն են տվել զբաղվել ծառայությունների մատուցմամբ, բայց միաժամանակ՝ ՊԵԿ-ից ներկայացված է փաստաթուղթ, որ այդ ընկերությունը մեկ ժամ աշխատել է ու փակվել, հետեւաբար, անհասկանալի է դատախազության դիտարկումը, որ ընկերությունում ներդրումներ են եղել։
Դատախազը պնդեց՝ ողջամիտ եզրակացություն է, որը հավանականությունների հավասարակշռման հիման վրա է արվել՝ փաստերի եւ հակադրությունների ուսումնասիրման արդյունքում։ Վարուժան Ներսիսյանի հարցը՝ ի՞նչ փաստերի եւ հակադրությունների ուսումնասիրություն է կատարվել, ինչպե՞ս է արվել՝ արժանացավ նույն պատասխանին։
Արամ Օրբելյանը միջամտեց՝ ասելով, որ, օրինակ, 10 հազար դրամով կարելի է փաստաբանական գործունեություն իրականացնել՝ տանը նստած, առանց հավելյալ ծախսերի, ուստի իր համար անհասկանալի է դատախազության եզրահանգումը, որ 10 հազար դրամով անհնար է ծառայությունների մատուցում իրականացնել։
Արամ Օրբելյանի եւ Կարապետ Բադալյանի վեճը բորբոքվեց։ Կարապետ Բադալյանը դիմելով Արամ Օրբելյանին՝ ասաց․ «Եկեք այստեղ նստեք, քննությունը վարեք։ Դա՞ եք ուզում։ Հարցերը տվեք՝ պատասխանները կհնչեն։ Եթե դժգոհ եք պատասխաններից․․․ այդպես է գործընթացը»։ «Հարց եմ տալիս՝ ասում է՝ «քննության չեմ, որ պատասխանեմ»․․․ Ասում եմ՝ ի՞նչ գործունեություն է իրականացրել, քանի որ գրել եք՝ անհնար է, որ գործունեություն իրականացներ․․․ Ասում է՝ «նյութերը կան, դուք պիտի իմանաք, ես քննության չեմ, որ պատասխանեմ»,- ասաց Արամ Օրբելյանը՝ նկատելով, որ այս իրավիճակում անիմաստ է դառնում հարցեր տալը։
«Սա դատավարություն չի, կլոունադա է»,- ասաց Արամ Օրբելյանը։ Կարապետ Բադալյանը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց եւ նկատողություն հայտարարեց։
«Ակնկալում էի տուգանք, որպեսզի բողոքարկեի Վերաքննիչ դատարան, որպեսզի դատարանը անդրադառնար, թե սա ի՞նչ գործընթաց է։ Հաջորդ փուլում այլ գործիքակազմով կանդրադառնամ գործընթացին»,-ասաց Արամ Օրբելյանը։
«Սպառնո՞ւմ եք դատարանին»,- վրա բերեց Կարապետ Բադալյանը՝ ստանալով հետեւյալ պատասխանը․ «Ոչ։ Տեղեկացնում եմ»։
Վարուժան Ներսիսյանի հաջորդ հարցերը վերաբերում էին ԱՄՆ-ում բնակվող իր դստեր կողմից ավտոմեքենայի ձեռքբերմանը եւ Իջեւանի քաղաքապետ աշխատած շրջանում իր արտասահմանյան գործուղումներին, որոնց համար ինքը փոխհատուցումներ է ստացել։ Ի դեպ, գործի նյութերում առկա են այդ փոխանցումները հաստատող բանկային տվյալները։ ԱՄՆ-ում բնակվող իր ամուսնացած աղջկա՝ Մերի Ներսիսյանի ձեռք բերած մեքենան դատախազությունը համարել է Վարուժան Ներսիսյանի հետ փոխկապակցված, իսկ արտասահմանյան գործուղումներից գումարները՝ ապօրինի ձեռք բերված։
«Բացի Մերի Ներսիսյանից, այլ անձ 2008-ից հետո մեքենա ձեռք չի բերել։ Մերի Ներսիսյանը ձեր երեխան չի՞»,- արձագանքեց դատախազը՝ պարզաբանելով, որ Վարուժան Ներսիսյանը կարող է հանդիսանալ Մերի Ներսիսյանի գույքի իրական շահառուն։ «Մերին հիմա որ ԱՄՆ-ում ինքնաթիռ ձեռք բերի՝ դա իմ սպառողական զամբյուղի հետ ի՞նչ կապ ունի»,- զարմացավ Վարուժան Ներսիսյանը։
Հարցուպատասխանից պարզ դարձավ, որ դատախազությունը պատկան պետական մարմիններից հարցումներ չի կատարել նաեւ Վարուժան Ներսիսյանի որդուն՝ Նաիրի Ներսիսյանին պատկանող «Իջեւան ՍՊԸ»-ի մասով անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերելու համար։ Օգտվել են միայն բաց աղբյուրներից։
«Ճի՞շտ եմ հասկանում, այն, որ դուք այս մեքենաները վերագրել եք «Այգեվազին» եւ գտել եք, որ դրա իրական շահառուն Վարուժան Ներսիսյանն է, այլ ոչ Նաիրիին պատկանող «Իջեւան» ՍՊԸ-ին, հիմքը նա էր, որ «Իջեւան» ՍՊԸ-ն, բացի նրանից, որ տաքսի ծառայություններ էր մատուցում, մատուցում էր նաեւ այլ ծառայություններ, իսկ «Այգեվազը» միայն տաքսի ծառայություններ։ Սա՞ է եղել ձեր հիմնական դրդապատճառը, որ Նաիրիի մեքենաները վերագրեք «Այգեվազին» եւ ոչ իրեն պատկանող «Իջեւան» ՍՊԸ-ին»,- հստակեցրեց պաշտպաններից Արթուր Հովհաննիսյանը։
Դատախազը ընդհանրական ասաց, որ փաստերի համադրության արդյունքում են եկել իրենց եզրակացությանը, իսկ «Իջեւան» ՍՊԸ-ի մասով տվյալներ չեն ստացել։
Վարուժան Ներսիսյանը տարակուսեց՝ որ տվյալներ չեք ստացել, ինչպե՞ս եք ասում, որ այլ ծառայություններ է մատուցել, միայն այն հիմքով, որ կանոնադրությունը դա թո՞ւյլ է տալիս։
Դատավորը կրկին վրդովվեց, այս անգամ նկատողություն անելով Վարուժան Ներսիսյանին, որը դատախազի հայոց լեզվի գիտելիքների մասով էր տարակուսանք հայտնել․ «Պարոն Ներսիսյան, մենք անձանց չենք քննարկում, փաստերով ենք նայում։ Ձեր արտահայտությունը՝ դուք իրավաբան եք, հեգնանքը․․․ անհարգալից վերաբերմունք է հայցվորի եւ դատարանի նկատմամբ։ Անձը չպետք է թիրախավորվի։ Պրոֆեսիոնալ իրավաբան է, ներկայացնում է, դուք ձեր հեգնական արտահայտություններով չպետք է փորձեք անձին պիտակավորել»։
Թեեւ դատարանը առարկություն թույլ չտվեց, Արամ Օրբելյանն այնուհանդերձ ասաց․ «Դատավորը անհավասար վերաբերմունք է ցույց տալիս կողմերի նկատմամբ։ Երբ հայցվորն ասում է՝ «թող գնան կարդան», ոչ մի հեգնանք չեք տեսնում»։ Արամ Օրբելյանը վրդովված է «տրամաբանության իսպառ բացակայությունից», քանի որ կարելի էր նիստը չշարունակել, ներկայացված փաստաթղթերը հետազոտել, հայցի հիմքը վերանայել, ինչը դատախազը չարեց։
Վարուժան Ներսիսյանը, հղում անելով գործի նյութերին, նաեւ ասաց, որ հաշվի չի առնվել հանգամանքը, որ իր որդին մեքենաները ձեռք է բերել 2007 թվականին, իսկ «Այգեվազ» ընկերությունը ստեղծվել է 2008-ին եւ փոխկապակցվածություն են տեսել, նաեւ նշվում է՝ քանի որ մեքենաների ձեռք բերման պահին Վարուժան Ներսիսյանի կինը եւ դուստրերը վարորդական իրավունք չեն ունեցել, ապա ենթադրվում է, որ մեքենաները օգտագործվել են «Այգեվազ» ՍՊԸ-ում եւ հետաքրքրվեց, իսկ 2013-ին, երբ իր կինն ու դուստրերը վարորդական իրավունք են ձեռք բերել, այդ հիմքը վերացե՞լ է։ Նա խնդրեց, որպեսզի դատախազությունը ԱԱԾ-ից օպերատիվ տվյալներ խնդրի եւ ստանա՝ հասկանալու համար, թե որտե՞ղ են խնդրո առարկա մեքենաները, որոնց մասով դատախազությունը բռնագանձման հայց է ներկայացրել, ի՞նչ է դրանցով արվում։ Արդյունքում, եթե կպարզվի էլ, որ ինքն է «Այգեվազ» ՍՊԸ-ի սեփականատերերը, այն կնվիրի դատախազությանը։
«Այն որ մեքենաները հաշվեկցված են «Իջեւան ՍՊԸ»-ին եւ հաստատագրված վճարներն էլ տրվում էին դրա կապակցությամբ, «Այգեվազ ՍՊԸ»-ի հետ կապ չունեին եւ փաստորեն, պետության կողմից տրամադրված փաստաթղթերով մեքենաները «Իջեւան ՍՊԸ»-ի տակ են ծառայություն մատուցել․ մեթոդաբանությունն եմ ուզում հասկանալ՝ օպերատիվ տվյալները, որոնք ստացվել էին ԱԱԾ-ից, պարզվեց որ իրականությանը չեն համապատասխանում, պաշտոնական փաստաթղթերն այլ բանի մասին են, ուզում եմ հասկանալ՝ դատախազությունը ո՞ր մեկին է առաջնահերթություն տալու, որ ապացույցները ներկայացնելուց մենք էլ հասկանանք։ Հենվելո՞ւ է ԱԱԾ-ի ասածների վրա, թե պետական-պաշտոնական փաստաթղթերի վրա»,- պաշտպան Արթուր Հովհաննիսյանը խնդրեց հստակեցնել։
Նելի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































 
                         
          
          
                                    
 
                                    
                                    
                                   