2026 թվականին Երեւանի քաղաքապետարանին պետբյուջեից կհատկացվի շուրջ 56 մլրդ 567 մլն դրամ: Այս մասին ասել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հոկտեմբերի 31-ի համատեղ նիստում ներկայացնելով 2026 թվականի բյուջեի նախագծով Երեւանի քաղաքապետարանին նախատեսված ֆինանսական հատկացումներն ու իրականացվելիք միջոցառումները:
Տիգրան Ավինյանի տեղեկացմամբ առկա դրամաշնորհային միջոցներով նախատեսվում է 15.1 մլրդ դրամ, սուբվենցիոն ծրագրերով՝ 1.3 մլրդ դրամ, ֆինանսական համահարթեցման սկզբունքով՝ 8.2 մլրդ դրամ եւ շինաշխատանքների ավարտի համար նախատեսվում է 2.4 մլրդ դրամ, որը հիմնականում Բուսաբանական այգու եւ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի կառուցման համար է նախատեսված: Մետրոպոլիտենի ենթակառուցվածքի նորոգման համար նախատեսվել է 2.5 մլրդ դրամ, Աջափնյակ մետրոյի նոր կայարանի փաստաթղթերի համար նախատեսված է մոտ 2 մլրդ դրամ, իսկ Մետրոպոլիտենի սուբսիդիան նվազել է՝ դառնալով 1 մլրդ դրամ:
Քաղաքապետի խոսքով պետական աջակցությամբ իրականացվում են 10 մլրդ դրամի շինարարական տարբեր աշխատանքներ, տարբեր հատվածներում:
Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանի սեփական եկամուտները եռապատկվել են: Եթե 2023 թվականին Երեւանի քաղաքապետարանն ուներ 30 մլրդ դրամից մի փոքր ավելի սեփական եկամուտներ, ապա 2025 թվականին արդեն սեփական եկամուտների մակարդակը հասել է մոտ 92 մլրդ դրամի:
Կարդացեք նաև
Քաղաքապետը նաեւ նշել է, որ սեփական եկամուտների աճին զուգահեռ նվազել են պետական բյուջեից հատկացվող գումարները:
Վերոնշյալ հանձնաժողովների համատեղ նիստում մարզպետները ներկայացել են 2026 թվականին մարզերին ուղղված ֆինանսական հատկացումների պատկերը:
Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին:
ԱԺ


















































