Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ու Ժամանակակից արվեստների թանգարանը հանդես եկան հերթական հրաշալի նախագծով
Օրերս կայացավ «Տերտերյանը և իր ժամանակի գունապնակը» խորագրով համերգը, մասնակցությամբ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների ու շրջանավարտների, հիմնականում ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանի մասնագիտական դասարանի երիտասարդ ուսանող վոկալիստների։ Ի դեպ, վերջիններիս համար, միանշանակ, մեծ պատասխանատվություն էր՝ մեկ երեկոյի ընթացքում ելույթ ունենալ իրենց պրոֆեսորի, վաստակաշատ երգչուհի Աննա Մայիլյանի մասնակցությամբ։
Կարդացեք նաև
Համերգն անցավ մտերմիկ, ջերմ մթնոլորտում՝ Երևանի ժամանակակից արվեստների թանգարանի ցուցասրահում, որտեղ ցուցադրվում էին հայ նկարիչ Լեո Լեոյի «Խորը կարմիր» խորագրով կտավները։ Խորհրդանշական էր ժամանակակից նկարչի գույների ընկերակցությամբ հնչեցնել ժամանակակից կոմպոզիտորների կամերային վոկալ և գործիքային ստեղծագործությունները։
Aravot.am-ի հետ զրույցում համերգի ծրագրի ներդաշնակության և կատարողների պրոֆեսիոնալիզմի մասին հիացմունքի ջերմ խոսքեր արտահայտեցին մեր մեծերի՝ կոմպոզիտորներ Վլադիլեն Բալյանի որդի Կարենը, Ղազարոս Սարյանի դուստր Սոֆյան։ Չմոռանանք նշել, որ համերգի ընթացքում հնչեցին Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի, Վլադիլեն Բալյանի, Տիգրան Մանսուրյանի, Աննա Ազիզյանի ստեղծագործությունները, ինչպես նաև սփյուռքահայ կոմպոզիտորներ Հենրի Անասյանի, Ալան Հովհաննեսի, Արտյոմ Կոկժաևի գործերը։
Երեկոյին ներկա էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ, կոմպոզիտորներ, Միխայիլ Կոկժաևը, Վարդ Մանուկյանը, որոնց գործերը նույնպես կատարվեցին երեկոյի ընթացքում։ Իսկ Վարդ Մանուկյանի «Մենախոսություն» ռոմանսը Աննա Մայիլյանը կատարեց հեղինակի նվագակցությամբ։
Առաջին անգամը չէ, որ նման համատեղ միջոցառում է կազմակերպվում կոնսերվատորիայի և թանգարանի միջև, ինչի մասին և շեշտեցին թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանն ու կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատարը Ծովինար Մովսիսյանը։ Մեզ հետաքրքրող հարցերով դիմեցինք երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Նարինե Ավետիսյանին:
-Եթե չենք սխալվում, այս համերգի կազմակերպիչը Դուք եք:
-Այո, և այս համերգի, և տասնյակ համերգների։ Նմանատիպ համերգներ կազմակերպելիս, ես աշխատում եմ հնարավորիս ընդգրկել կոնսերվատորիայի ուսանողներին։ Յուրաքանչյուր համերգային ելույթ ոգևորում է երիտասարդ երաժիշտներին և քայլ առ քայլ մոտեցնում նրանց մասնագիտական բարձրունքների։ Նշեմ, որ երիտասարդների մասնակցությունն էլ ավելի արժեքավոր է դարձնում համերգները, քանի որ նրանք հաճախ ծանոթանում ու կատարում են հայ կոմպոզիտորական դպրոցի ականավոր ներկայացուցիչների գործերը և դրանք մնում են նրանց երկացանկում։
Ինչպես ականատեսը եղաք համերգին ներկայացավ նաև պատանի կոմպոզիտոր Արմեն Հովհաննիսյանը, ով հաղթել է 2025 թ․ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթում։
-Համերգի խորագիրը, կարծես հրավիրում էր, ինչպես ընդունված է ասել՝ նոր սիմֆոնիկ ոճի հիմնադիր Ավետ Տերտերյանի ստեղծագործություններն ունկնդրելուն, մինչդեռ…
– Տիկին Մայիլյանը և ես, տասնյակ տարիներ ի վեր կազմակերպում ենք աշխարհահռչակ Ավետ Տերտերյանին նվիրված կամերային և ոչ միայն կամերային համերգներ, որոնց մասնակցել են ՀՀ վաստակավոր կոլեկտիվներ և վաստակավոր արտիստներ։ Այս անգամ որոշվեց կազմակերպել հերթական համերգը Տերտերյանի 1929-1994 ժամանակաշրջանի կոնտեքստում։ Գիտեք, այդ կոնտեքստում ավելի հասկանալի են դառնում Տերտերյանի նոր մոտեցումներն ու գաղափարները։
Հիշենք, որ վերը նշված կոմպոզիտորներից յուրաքանչյուրը իրենց նվաճումներով հրահրել է Տերտերյանին, մոտեցրել դեպի այդ նորը, դեպի իրեն ուրույն ուղին։
Իմիջիայլոց, երբ խոսում ենք Ավետ Տերտերյան կոմպոզիտորի մասին, միանգամից մտովի գնում ենք դեպի սիմֆոնիա, սիմֆոնիկ մտածելակերպ։ Նա հարթեց սիմֆոնիայի բոլորովին նոր ճանապարհ՝ միահյուսելով արևմուտքի ձեռքբերումները արևելքի շքեղ և պայծառ երանգների հետ։ Տերտերյանը կոտրեց դարերի ընթացքում ձևավորված սիմֆոնիա ժանրի կանոնները, բայց մնաց սիմֆոնիա՝ փիլիսոփայությամբ ու բովանդակությամբ։
Ի վերջո, առաջին անգամ հայ ավանդական նվագարանները նրա շնորհիվ, դուդուկն ու զուռնան, դափն ու քյամանչան հնչեցին դասական սիմֆոնիկ ստեղծագործություններում, նաև միջնադարյան շարականը։ Հայկականը՝ մեր ազգայինը ներդաշնակորեն խոսեց սիմֆոնիկ նվագախմբի երանգներով աշխարհով մեկ։ Վաղուց Տերտերյանի սիմֆոնիաները կատարվում են աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում Գերմանիայում, Հոլանդիայում և այլուր։
-Տերտերյանի ժամանակակցին՝ անվանի երաժշտագետ Արաքսի Սարյանը, ի պատասխան մեր հարցին պատասխանել էր՝ նրա երաժշտությունը գալիք դարերի համար է:
-Յուրաքանչյուր հանճար խոսում է իր ժամանակակի մասին, նայելով նաև դեպի հեռուն, ապագան․․ Տերտերյանի դեպքում նաև դեպի վեր՝ տիեզերք։
Չէ որ, երբ Բախը գրում էր իր գլուխգործոցները, նա չէր մտածում ներկայի և ապագայի մասին, նույնը Բեթհովենը, Մոցարտը և շատ ու շատ հանճարներ։
Մենք հայերս դեռ քննարկում ենք Տերտերյանի արվեստի ներկայի և ապագայի մասին, իսկ անունավոր երաժշտագետներ նրա մասին մենագրություններ են գրում և նշում, որ Տերտերյանը գտնվում է համաշխարհային երաժշտարվեստի դասականների հետ նույն հարթակում։
-Այնուամենայնիվ համերգը սկսվեց, ավարտվեց նույնպես Տերտերյանական հնչյուններով ․․․
-Իհարկե, համերգը սկսվեց և ավարտվեց տերտերյանական հնչյուններով՝ «Հայրենիք» վոկալ-սիմֆոնիկ ցիկլի 2-րդ համարով ու ավարտվեց գլուխգործոցով՝ «Կանաչաչյա կնոջը» ռոմանս-ժանրային պատկերով, որը ինչպես նկատեցիք, որպես անակնկալ, մեզ մատուցեց Աննա Մայիլյանը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ























































