«Մենք ունենք օրինական ուժի մեջ մտած մի քանի դատական ակտեր: Թե քրեական վարույթի շրջանակներում դատարանի կողմից կայացրած դատական ակտեր, քանի որ կան հարուցված քրեական գործեր փաստաթղթերի կեղծիքներով, անհամապատասխանություններով, նորմատիվային պահանջների խախտումներով եւ ունենք Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշում, որով հաստատվել է սեփականազրկման փաստը: Բայց Սահմանադրական դատարանի որոշման հրապարակելուց 5 օր անց Երեւանի քաղաքապետի կողմից կրկին տրվել է շինարարական աշխատանքների կատարման նոր թույլտվություն »,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Առնոլդ Վարդանյանը՝ անդրադառնալով հասարակական-մշակութային գործիչ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի՝ բնակելի տան վերեւում, տան տարածքի ներառմամբ, առանց որեւէ նորմատիվային պայմանի պահպանման, իրականացվող բազմաբնակարան շենքի կառուցմանը եւ իրավունքների տարիներ շարունակ իրականացվող խախտումներին՝ Թումանյան 2-րդ անցուղի 5 հասցեի բակում։
«Այս պայմաններում, երբ լրացուցիչ դիմել ենք Երեւանի քաղաքապետին՝ խնդրելով պարզաբանում ներկայացնել, թե ինչու է այդպես ստացվել, որովհետեւ մինչեւ ՍԴ-ի որոշում կայացնելը ապրիլին դիմել էինք քաղաքապետին՝ ասելով, որ եթե հանկարծ ստանաք միջնորդություն կամ դիմում՝ նոր թույլտվության վերաբերյալ, չբավարարեք, որովհետեւ կան քրեական գործեր, կա նաեւ գործ ՍԴ-ում, որը քննվում է:
Տեղեկացրել էի, որ սպասեն մինչեւ գործերի ավարտը: Երեւանի քաղաքապետարանն այս ամենն ընդունել էր ի գիտություն, սակայն, հետագայում ականատես եղանք մի իրավիճակի, երբ ՍԴ-ի որոշման հրապարակումից օրեր անց Երեւանի քաղաքապետի կողմից տրվեց նոր թույլտվություն: Եվ երբ դիմեցինք ՝ խնդրելով նոր պարզաբանում տալ, թե ինչպես է այս իրավիճակն առաջացել, ինչու անտեսվում ՍԴ-ի կողմից ամենաբարձր մակարդակով կայացված որոշումը, մեզ պարզաբանվեց, որ այդ տարածքը չի մտնում կառուցապատման նախագծի մեջ՝ ՍԴ-ի կողմից արձանագրված սեփականազրկման տարածքը չէ:
Կարդացեք նաև
Իրականում սա իրականության հետ որեւէ աղերս չունի, որովհետեւ անզեն աչքով այդտեղ գտնվող յուրաքանչյուր անձ կարող է տեսնել, որ այդ շինության հիմնասյուններից մեկը վեր է խոյանում հենց տարածքի մեջ, որը ՍԴ-ի որոշմամբ ճանաչվել է որպես ապօրինի սեփականազրկված տարածք՝ Անդրանիկ Մանուկյանի իրավունքների առումով: Ստացվում է՝ Երեւանի քաղաքապետարանը փաստացի հրաժարվում է ի գիտություն ընդունելու, ճանաչելու այն խախտումները, որոնք առկա են, եւ միջոցներ ձեռնարկելու այդ ուղղությամբ:
Տարիներ շարունակ Անդրանիկ Մանուկյանի կողմից բարձրացվել են հենց նույն նվազագույն պայմանների, նորմատիվային պահանջների չապահովման, իր ընտանիքի անդամների առողջության, կյանքի, անվտանգության հետ կապված հարցերը: Ոչ մի նորմ չի պահպանվում, ամեն պահի կարող է վտանգ առաջանալ, եւ չպետք է ինչ-որ մեկը մահանա, որ նոր բոլորն ասեն, թե ինչպես եղավ»,-նշեց մեր զրուցակիցը:
Փաստաբանը խոսեց նաեւ քրեական վարույթի շրջանակներում հարուցված մի քանի գործերից. «Ամբողջությամբ անգործության է մատնված վարույթն իրականացնող նախաքննության մարմինը: Մենք տարբեր գործերով դիմել ենք, որպեսզի մեզ կոնկրետ հիմքեր ներկայացնեն: Ժամանակին շենքը իրեղեն ապացույց էր , ի՞նչ հիմքով է այդ գործոնը վերացվել, հետագայում մեզ այդ պատճառաբանությունները չեն տրվել, դատական կարգով մեր խախտված իրավունքը ճանաչվեց, մենք պահանջեցինք, տրվեց պատճառաբանությունը, որը սկսեցինք վիճարկել դատական կարգով, ճանաչվեց իրավունքի խախտում, էլի նորից հետ եկանք…Մի խոսքով, անվերջ շրջապտույտ է ձեւավորվում, տպավորություն է ստեղծվում, որ արհեստականորեն փորձում են խնդիրն անլուծելի դարձնել, երբ պարզ է ամեն ինչ, օր առաջ շինարարությունը պետք է կասեցվի, եւ միջոցներ ձեռնարկվի կոնկրետ քննարկման առարկա դարձնելով Անդրանիկ Մանուկյանի խախտված իրավունքի վերականգնման հնարավորությունները»:
Մեր զրույցի ժամանակ ի թիվս այլնի անդրադարձ եղավ այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ նույն բակի բնակիչ Արթուր Մեսչյանի եւ նրա կնոջ կողմից ժամանակին դիմում-բողոք է հասցեագրվել Երեւանի քաղաքապետին՝ խնդրելով կասեցնել շինարարական աշխատանքների կատարումը, իսկ հետագայում՝ արդեն Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կողմից հավանության է արժանացվել շինարարական աշխատանքների կատարումը։
«Մենք ունենք բնակիչների դիմում-բողոքի ցուցակը, որտեղ իր ստորագրությունն առկա է, դա անվիճելի է, որ ինքը որպես բակի բնակիչ դեմ է արտահայտվել, հետագայում կան փաստաթղթերի մեջ նաեւ մակագրության թերթիկներ, որոնք վկայում են, որ այն ժամանակահատվածում, երբ խնդիրը քննարկվել է, Մեսչյանը եղել է գլխավոր ճարտարապետ: Ըստ նախագծային փաստաթղթերի, եթե այդ շենքը չմտներ Անդրանիկ Մանուկյանի տան մեջ, մտնելու էր Արթուր Մեսչյանի շենքի մեջ, որովհետեւ դա միջանցիկ հատվածում է գտնվում: Նաեւ դրանով է պայմանավորված եղել այն հանգամանքը, որ Մեսչյանն էլ է որոշակի ներգրավվածություն եւ դերակատարում ունեցել»,-ասաց Առնոլդ Վարդանյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































 
                        
 
          
         


 
                                    
 
                                    
                                    
                                   