Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուջեից 207 մլն դրամ ստացած ՀԿ-ի ղեկավարը 2019-ին Փաշինյանի քայլարշավի ու փողոցային շարժման մասին գիրք է գրել. factor.am

Հոկտեմբեր 31,2025 23:45

207 մլն դրամ է տրվել «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ին պետբյուջեից առանց մրցույթի։ Գումարը ՀԿ-ին տրվել է 2020-2025 թվականներին։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմից ստացված գրավոր հարցման պատասխանից։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ կառավարությունն այդ գումարը ՀԿ-ին հատկացրել է գաղտնի որոշումներով, դրանք վարչապետի աշխատակազմը գաղտնազերծել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի և խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո՝ հետևյալ հիմնավորմամբ։ «2025 թվականի օգոստոսի 8-ից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողություններով պայմանավորված՝ կարիքի հրատապությունն ու ուսումնասիրված խնդիրների զգայունությունն էապես կորցրել են իրենց սրությունը։

Ուստի՝ հայցվող տեղեկատվության վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման կետերը գաղտնազերծվել են՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ օբյեկտիվ հանգամանքների փոփոխությունը, որի հետևանքով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դառնում են ոչ նպատակահարմար»,- ասված է վարչապետի աշխատակազմից Factor.am-ին փոխանցված պատասխանում։

Իսկ թե «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ն պետբյուջեից առանց մրցույթի ստացված գումարներով ինչ աշխատանք է կատարել, որոնք համարվել են պետական գաղտնիք, կամ՝ այն ինչ կապ ունի վաշինգտոնյան իրադարձությունների հետ, կառավարությունը չի բացահայտել։

Այս հարցով դիմել ենք ՀԿ-ին, որտեղից միայն գրավոր տարբերակով են ցանկացել պարզաբանել։ Հարցումն արդեն ուղարկված է։ Մինչ  վարչապետի աշխատակազմը և «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ն Factor.am-ի առաջ քաշած հարցերին պարզաբանումներ կտրամադրեն, որոշ մանրամասներ ներկայացնենք ՀԿ-ի մասին։ Այն հիմնադրվել է Վարդան Ազատյանի կողմից 2014 թվականին։

Factor.am-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից ստացված տեղեկություններից պարզեց, որ Ազատյանը մինչև 2025 թվականի հունիսի 30-ը եղել է ՀԿ-ի նախագահը։ Նրան այդ օրվանից առ այսօր փոխարինում է Լիաննա Աղամյանը։ Վարդան Ազատյանը 2024 թվականի մայիսի 24-ին ՀՀ կառավարության նիստում նշանակվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր։ Ստացվում է՝ նշանակումից հետո էլ շարունակել է մեկ տարուց ավելի լինել իր հիմնադրած ՀԿ-ի ղեկավարը։

Վարդան Ազատյանը կառավարության 2025 թվականի հունվարի 30-ի նիստում  նշանակվել է Հանրային խորհրդի անդամ։ Նա 2019 թվականին՝ հեղափոխության մեկ ամյակի առթիվ, հեղինակել է «Ովքեր արեցին հեղափոխությունը» ստեղծագործությունը։

Factor.am-ն այսօր փորձեց ծանոթանալ բովանդակությանը, սակայն, մի քանի գրախանութներում հայտնեցին, որ գիրքը վաճառքում չկա։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031