Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Միքայել Արզումանյանի ընտանիքի հայցը բավարարել է վարչական դատարանը

Նոյեմբեր 01,2025 12:00

Հայցվոր զինվորականի կողմից ներկայացվել էր վիճարկման հայց: Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանին, նրա ընտանիքին  առաջարկվել էր մեկամսյա ժամկետում ազատել 3 սենյականոց ծառայողական բնակարանը:

Միքայել Արզումանյանի, Դիանա Դավթյանի, Ալբերտ Արզումանյանի, Արսեն Արզումանյանի անունից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան (դատավոր՝ Հերմինե Մուրադյան) ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ խնդրելով վերացնել (անվավեր ճանաչել) ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի 12.07.2023թ. «Ծանուցում» վերտառությամբ թիվ 36/2088 վարչական ակտը:

2024թ. հուլիսի 15-ին դատարանը որոշում է կայացնում վարույթ ընդունել այս հայցադիմումը: Մեկ նախնական դատական նիստից հետո հուլիսի 17-ին դատարանը որոշում է Արզումանյանների կողմից արված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդության վերաբերյալ: Մասնավորապես, հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությամբ հայցվորները խնդրել են արգելել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) կարգավիճակ ունեցող Միքայել Արզումանյանին եւ նրա ընտանիքի անդամներ Դիանա Դավթյանին, Ալբերտ եւ Արսեն Արզումանյաններին ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության 12.07.2023թ. թիվ 36/2088 ծանուցման մեջ նշված՝ Երեւանի 3 սենյականոց բնակարանն ազատելուն ուղղված գործողություններ կատարելը:

Միջնորդությամբ նշել էին հայցի ապահովման միջոց կիրառելու դեպքում պատշաճ կապահովվի եւ չի դժվարանա հայցի հնարավոր բավարարման ելքով կայացվելիք դատական ակտի կատարումը, իսկ հակառակ պարագայում՝ էական վնաս կհասցվի հայցվորներին, քանի որ բնակարանն ազատելուց հետո նրանք կմնան անօթեւան եւ, այլ ծախսեր կատարելով, պետք է գտնեն բնակվելու համար օթեւան:

Դատարանը բավարարել էր այս միջնորդությունը, արգելել էր բնակարանն ազատելուն ուղղված գործողություններ կատարելը:

Ըստ Արզումանյանների ներկայացուցիչ Ե.Սարգսյանի` ՀՀ կառավարությունը սահմանել է այն կոնկրետ հիմքերը, որոնց առկայության դեպքում զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված բնակարանները ենթակա են ազատման, առանց նրանց այլ բնակելի տարածք տրամադրելու: Տվյալ դեպքում՝ Միքայել Արզումանյանը զինվորական ծառայությունից արձակվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու հիմքով եւ ՀՀ տարածքում ապահովված չէ այլ բնակելի տարածությանբ: Հետեւաբար, նրան ու ընտանիքի անդամներին ուղղված բնակարանն ազատելու պատասխանողի գործողությունը չի պարունակում կարգով նշված նորմերով սահմանված հիմքերից որեւէ մեկը, ուստի, չի կարող համարվել իրավաչափ: Բացի այդ, օրդերը, որը եւս հանդիսանում է վարչական ակտ եւ որի հիման վրա հայցվորները զբաղեցնում են բնակարանը, օրենքով սահմանված որեւէ եղանակով անվավեր չի ճանաչվել եւ որեւէ մեկը դրա իրավաչափությունը չի կարող կասկածի տակ դնել:

Այս տարվա ապրիլին, սեպտեմբերին նախնական դատական երկու նիստերից հետո, դատաքննությունն ավարտվեց հոկտեմբերի 8-ին:

Երեկ մեր տրամադրության տակ էր արդեն ՀՀ վարչական դատարանի վճիռը:

Դատարանը վճռեց հայցն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, բավարարել։

Պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը ձեռնպահ մնալ Միքայել Ալբերտի Արզումանյանին եւ նրա ընտանիքի անդամներին բնակարանն ազատելուն ուղղված գործողություններ կատարելուց։

Պատասխանող կողմի այն փաստարկին, որ վիճելի բնակարանը ենթակա չէ սեփականության իրավունքով տրամադրման՝ դատարանը հարկ է համարում նշել, որ վարչական գործով հայցի առարկան չի վերաբերում վիճելի բնակարանը հայցվորին սեփականության իրավունքով տրամադրելուն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Հիշեցնենք, որ երեք տարի կալանքի տակ մնալուց հետո Հակակոռուպցիոն դատարանը կիրառեց տնային կալանք, երեսուն միլիոն դրամի չափով գրավ: Քրեական գործը կապված էր վերջին արցախյան պատերազմի հետ:

Արզումանյանը Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարությունը ստանձնել է 2020 թ. հոկտեմբերի 27-ին:

«Առավոտ» օրաթերթ
31.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930