Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռավար աշխատանքը հաճախ հանգեցնում է աշխատողների մենակ լինելու զգացման եւ սթրեսի աճի, աշխատողները «շփվում են» միայն էլ. նամակների կամ տարբեր թվային գործիքների հետ

Նոյեմբեր 01,2025 12:30

ՀՀ աշխատաշուկայում հեռավար աշխատանքի դերը, դրա նկատմամբ վերաբերմունքը, ընդհանուր պատկերացումները, միտումներն ու հնարավոր կանխատեսումները վերլուծելու նպատակով կազմվել է 19 հարցից բաղկացած հարցաշար։ Հարցման մասնակիցները թվով 133-ն են: Մինչեւ 50 աշխատակից ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչ աշխատակիցները կազմում են գրեթե 38%-ը, 51-200՝ 29%-ը, 1000-ից ավելի՝ 15%-ը։ Հարցված մասնակիցների մեծամասնությունը (76%) դրական կամ բացառապես դրական վերաբերմունք ունի հեռավար աշխատանքի նկատմամբ: Հարցված մասնակիցները մեծ մասամբ կարծում են, որ հեռավար աշխատանքը կդառնա ընդունված պրակտիկա ՀՀ-ում՝ առաջիկա 5-10 տարիների ընթացքում։

Երեւանի պետական համալսարանի «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Մաքսուդյանի եւ Երեւանի պետական համալսարանի «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի ուսանող Ժենյա Միրիմանյանի «Հեռավար աշխատանքը եւ դրա դերը զբաղվածության համակարգում» հետազոտությունն իրականացվել է որակական ու քանակական տվյալների համակցված մեթոդաբանությամբ՝ առցանց հարցման միջոցով։

Վերլուծությունը կատարվել է նկարագրական մեթոդներով եւ թեմատիկ խմբավորմամբ՝ բացահայտելու հեռավար աշխատանքի կիրառման առանձնահատկությունները եւ ընկալումները։ Հետազոտությունը տպագրվել է «Գիտական Արցախի» N 2 (25), 2025 316 համարում, որի շնորհանդեսն էր օրերս:

Ներկայացնում ենք մի հատված:

«Հայաստանում հեռավար աշխատանքի զարգացումը սկսվեց 2020 թվականից, երբ COVID-19 համավարակը ստիպեց կազմակերպություններին արագ անցնել հեռավար աշխատանքային մոդելին: 2024 թվականին ՀՀ Աշխատանքային օրենսդրությունում տեղի ունեցան փոփոխություններ, որոնք հաստատեցին հեռավար աշխատանքի օրինականությունը: ՀՀ Աշխատանքային օրենսդրության փոփոխություններ Հեռավար աշխատանքը պաշտոնապես ընդունվեց որպես աշխատավարձով աշխատանքի օրինական ձեւաչափ:

Տվյալների պաշտպանության եւ կիբեռանվտանգության հարցերը ընդգրկվել են իրավական կարգավորման շրջանակներում: Մասնավորապես, ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին 2023 թ. հոկտեմբերի 25-ին ընդունված օրենքը սահմանում է (ՀՀ Աշխատանքային օրենսգիրք՝ 2024 թ. փոփոխություններով)։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 106.1 հոդվածը սահմանում է հեռավար աշխատանքի կարգավորման հիմնարար դրույթները՝ թույլ տալով աշխատողին կատարել իր պարտականությունները առանց աշխատանքի վայր ներկայանալու, եթե կողմերի միջեւ կա փոխադարձ համաձայնություն եւ աշխատանքի բնույթը դա թույլ է տալիս։ Հոդվածը նաեւ կարգավորում է հեռավար աշխատանքի իրականացումը արտակարգ իրավիճակներում՝ առանց լրացուցիչ պայմանավորվածության, ինչպես նաեւ սահմանում է կարգավորումներ պարապուրդի, արձակուրդի, սարքավորումների տրամադրման, ծախսերի փոխհատուցման եւ հասանելիության պահանջների շուրջ։ Այս դրույթները միտված են ապահովելու աշխատանքային հարաբերությունների ճկունությունը եւ շարունակականությունը, հատկապես ոչ ստանդարտ իրավիճակներում, եւ համահունչ են միջազգային գործելակերպին։

Հեռավար աշխատանքի մարտահրավերները- Այնուամենայնիվ, հեռավար աշխատանքը նաեւ ներկայացնում է մի շարք մարտահրավերներ՝ կապված աշխատանքային գործընթացների կառավարման, աշխատողների ինտեգրման, թիմային աշխատանքների խթանման, ինչպես նաեւ տեխնոլոգիական խնդիրների հետ: Հետեւաբար՝ գործատուները եւ կառավարությունները պետք է մշակեն հատուկ ռազմավարություններ՝ արդյունավետ աշխատանքային մոդելներ ստեղծելու համար:

Հեռավար աշխատանքի հիմնախնդիրները եւ ՄՌԿ մասնագետի դերը- Հեռավար աշխատանքը ունի բազմաթիվ առավելություններ, սակայն այն նաեւ ներկայացնում է մի շարք խնդիրներ, որոնք պահանջում են հատուկ մոտեցումներ, մասնավորապես՝ մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) ոլորտում։ ՄՌԿ մասնագետները պետք է լինեն պատրաստ՝ լուծելու հեռավար աշխատանքի հետեւանքով առաջացած մարտահրավերները, ապահովելու թիմերի արդյունավետությունը եւ հոգեբանական բարեկեցությունը։

  1. Աշխատանքի եւ անձնական կյանքի ներդաշնակություն– Հեռավար աշխատանքը կարող է դժվարացնել աշխատանքի եւ անձնական կյանքի սահմանազատումը։ Աշխատողները կարող են երկարաժամկետ աշխատել՝ չհիշելով հանգստանալու եւ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու կարեւորությունը։ Սա կարող է հանգեցնել հոգնածության, մասնակի ապրումների եւ հոգեբանական խնդիրների, որոնք հետագայում ազդում են աշխատանքի արդյունավետության վրա։ ՄՌԿ մասնագետը պետք է մշակի քաղաքականություններ, որոնք կնպաստեն աշխատողների աշխատանքի եւ հանգստի ներդաշնակության պահպանմանը։
  2. Հաղորդակցության եւ համագործակցության խնդիրներ– Հեռավար աշխատանքը կարող է առաջացնել դժվարություններ թիմերի մեջ հաղորդակցման եւ համագործակցության հարցերում։ Աշխատողները հաճախ մենակ են աշխատում եւ «շփվում են» միայն էլ. նամակների կամ տարբեր թվային գործիքների հետ։ Սա կարող է հանգեցնել տեղեկատվության պակասի, սխալ հաղորդակցությունների եւ թիմային համագործակցության խնդիրների։ ՄՌԿ մասնագետները պետք է ապահովեն աշխատակիցների ակտիվ ներգրավվածություն եւ համագործակցությունը: Օգտագործելով տարբեր թվային գործիքներ՝ նրանք պետք է ստեղծեն արդյունավետ հաղորդակցման եւ համագործակցության միջոցներ, որոնք կօգնեն թիմերին պահպանել միասնականություն։ Հաճախ պետք է կազմակերպվեն վիդեոհանդիպումներ, թիմային քննարկումներ ու ինտերակտիվ սեմինարներ, որոնք թույլ կտան աշխատողներին ճանաչել եւ չմոռանալ միմյանց:
  3. Աշխատանքային արդյունավետության վերահսկում– Հեռավար աշխատանքի ժամանակ հաճախակի է դառնում աշխատանքի արդյունավետության վերահսկումը։ Եթե նախկինում գործատուները կարող էին անմիջականորեն տեսնել աշխատողների աշխատանքը, ապա հեռավար պայմաններում դա դառնում է ավելի դժվար։ Բացի այդ, աշխատողները կարող են հակված լինել պակասեցնելու աշխատանքը, ինչպես նաեւ ժամանակի կառավարման խնդրի առաջ կանգնել։ ՄՌԿ մասնագետները պետք է մշակեն ավելի պարզ ու արդարացված չափորոշիչներ աշխատանքային կատարողականի գնահատման համար՝ օգտագործելով արդյունքներին ուղղված մոտեցումներ։ Նրանք պետք է ներդնեն նաեւ նոր գործիքներ՝ այնպիսի ծրագրեր, որոնք կհեշտացնեն աշխատանքային ժամերի եւ աշխատանքային արդյունքների վերահսկումը։ Սա կարող է ներառել հաճախորդների հետ կապերի կամ աշխատողների միջեւ աշխատանքի ընթացիկ իրավիճակների մասին զեկույցների մշակում։
  4. Հոգեբանական խնդիրներ -Հեռավար աշխատանքը հաճախ հանգեցնում է աշխատողների մենակ լինելու զգացման եւ սթրեսի աճի։ Սա կարող է դառնալ աշխատանքի արդյունավետությանը եւ կազմակերպության կոլեկտիվին վնասող գործոն։ ՄՌԿ մասնագետները պետք է մշակեն աջակցող մեխանիզմներ, որոնք թույլ կտան աշխատողներին հաղթահարել վախերն ու անհանգստությունները։ ՄՌԿ թիմը պետք է սերտորեն համագործակցի ղեկավարության հետ՝ աշխատողների կողմից ներկայացված մտահոգությունները լուծելու եւ վստահություն ստեղծելու համար։
  5. Տեխնոլոգիական խնդիրներ եւ կիբեռանվտանգություն– Հեռավար աշխատանքը պահանջում է տեխնոլոգիական ապահովվածություն եւ գրագիտություն, որը ոչ բոլոր կազմակերպությունները կարող են ապահովել բավարար մակարդակով։ Աշխատողները հաճախ աշխատում են տնային սարքավորումների վրա, ինչը կարող է խոչընդոտել արդյունավետությանը կամ համարվել կիբեռանվտանգության խնդիր։ Որպես արդյունք՝ անվտանգության սպառնալիքները կարող են մեծանալ»:

«Առավոտ» օրաթերթ
31.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930