Վաղարշապատ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններին գրանցվել և մասնակցելու է 8 կուսակցություն և դաշինք։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների, ինչպես նաև դրանց հիմնական թեկնածուների հայտարարագրերը՝ ըստ գրանցման հերթականության: Հայտարարագրերը քաղաքական ուժերը ներկայացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Վերջիններիս հայտարարագիրը ներառում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը:
Այսպես, Վաղարշապատի ընտրություններին մասնակցող միակ «Հաղթանակ» դաշինքը կազմված է Հ․ Յ․ Դաշնակցություն և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններից։ Այս դաշինքից ամենահարուստը Դաշնակցությունն է։ «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը որևէ ունեցվածք՝ գույք կամ գումար չի հայտարարագրել. Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագիրը դատարկ է։ Ի դեպ, այս կուսակցության հիմնադիրները ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն են՝ Նարեկ Մանթաշյանը, փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևը, Սևակ Խաչատրյանը, Հովհաննես Հարությունյանը։
Կարդացեք նաև
Փոխարենը, Դաշնակցությունն իր հայտարարագրում ներկայացրել է 79 անշարժ գույք, որի հիմնական մասը կուսակցության սեփականությունն է։ Սրանք Հանրապետությունում այս կուսակցության տարածքային կառույցներն են։ Կուսակցությունը ներկայացրել է նաև 42.4 մլն դրամական միջոց։ Դաշնակցությունը որպես եկամուտ մեկ տարվա կտրվածքով ներկայացրել է 1.6 մլն դրամ, որն ըստ ամենայնի, սեփական տարածքներից ստացած վարձավճարն է։ Որպես շարժական գույք հայտարարագրել են 2022 թվականի արտադրության Toyota Corolla 1.8:
Քոչարյանի հովանավորությունը վայելող այս դաշինքի հիմնական թեկնածուն՝ Սևակ Խաչատրյանը, հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ տներ, բնակարան և հողամասեր, 3 շարժական գույք՝ մեքենաներ, որոնցից ամենաթարմը 2024 թվականի արտադրության էլեկտրոմոբիլ է՝ bvd song plus ev»: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ (21.10.2025թ․) Սևակ Խաչատրյանը ներկայացրել է 467 հազար դրամ և 64 հզր ԱՄՆ դոլար կանխիկ դրամական միջոց։
Նկատենք, Սևակ Խաչատրյանը Վաղարշապատում գործող ավագանու անդամ է: 2021 թվականի դեկտեմբերին կայացած ընտրություններում ավագանու անդամ է ընտրվել «Էջմիածին» կուսակցությունների դաշինքի ցուցակով: Դաշինքի ընտրական ցուցակը կազմված է 98 անձից:
«Համահայկական ճակատ» կուսակցությունը նույնպես մասնակցում է այս համայնքի ավագանու ընտրություններին։ Այս կուսակցությունը կապվում է Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ, որն այժմ գտնվում է Ռուսաստանում և հեռակա մասնակցում է Հայաստանի քաղաքական գործընթացներին։ Կուսակցությունը հայտարարագրել է Բաղրամյան պողոտայում մի տարածք՝ անհատույց օգտագործմամբ և 2023 թվականի արտադրության մի համակարգիչ։ Այլ գույք ու դրամական միջոցներ չեն հայտարարագրել։ ՀՃ-ի ցուցակը գլխավորում է նախկին զինվորական Արտյոմ Սիմոնյանը: Նա պահեստազորի գնդապետ է:
Սիմոնյանն իր հայտարարագրում ներկայացրել է 2020 թվականի արտադրության Mazda մակնիշի մեքենա և որպես եկամուտ թոշակ՝ 196 հազար դրամ։ Կանխիկ միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 750 հզր դրամ և 1100 ԱՄՆ դոլար։
Այս կուսակցության ընտրական ցուցակը կազմված է 35 անձից:
«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարագրում ներկայացրել է 7.9 մլն դրամ գումար, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։
Հիշեցնենք՝ այս կուսակցության նախագահը Արամ Սարգսյանն է։
Կուսակցությունը ներկայացրել է 22 անձից կազմված ցուցակ։ Այն գլխավորում է Հարություն Մկրտչյանը։ Վերջինիս հայտարարագիրը դատարկ է․ որևէ շարժական կամ անշարժ գույք, ինչպես նաև դրամական միջոցներ թեկնածուն չի ներկայացրել։
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը նույնպես որևէ դրամական միջոց և առավել ևս շարժական կամ անշարժ գույք չունի։ Նրանց ցուցակը գլխավորում է Արմավիրի մարզի Դողս համայնքի նախկին ղեկավար Գրիշա Հարությունյանը: Քաղաքական ուժի նախընտրական ցուցակում 33 թեկնածու կա։ Այս ուժի թեկնածուն ունի բնակարան Էջմիածնում, տուն՝ Դողս գյուղում և հողամասեր ու պահեստ։ Ունի նաև 5 շարժական գույք՝ տարբեր տարիների արտադրության մեքենաներ, որոնցից ամենահինը 1980թ․ արտադրության է, ամենանորը՝ 2017թ․։
Թեկնածուն հարազատ գյուղում ունի նաև մթերային խանութ, որից եկամուտը մեկ տարում կազմել է 15 մլն դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու պահին (25.10.2025թ․) թեկնածուն ներկայացրել է 15 մլն դրամ, 1 մլն ռուբլի և 10 հզր ԱՄՆ դոլար կանխիկ դրամական միջոցներ։
Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»


















































