Լրահոս
Օրվա լրահոսը

Լեգիտիմալույծ «պողպատե մանդատը»․ «Փաստ»

Նոյեմբեր 01,2025 09:50

ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում պատեհ-անպատեհ առաջին պլան բերել իր, այսպես կոչված, «պողպատե մանդատը», որի յուրօրինակ խորհրդանիշը նրա ճոճած եռաերիզանախշ մուրճն է: Վերջերս նախընտրական ռեկվիզիտի պահոցից այն հանել էր, դրել աշխատասեղանին ու նկարվել: Մյուս կողմից՝ մեր թերթի նախորդ համարում Փաշինյանի իշխանավարման առնչությամբ նկատել էինք, որ նա իրապես լեգիտիմալույծ է եղել: Եթե կուզեք, եղանակին ու սեզոնային երևույթներին համահունչ՝ լեգիտիմաթափ: Ի՞նչ փաստական իրողությունների վրա է հիմնված մեր այդ բնորոշումը:

Եվ այսպես. Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած ՔՊ-ն այդ «պողպատե մանդատը» ստացել են 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների պաշտոնական արդյունքներով: Պարզ ասած՝ պահպանել են ունեցած իշխանությունը:

Հարց. իսկ ի՞նչ խոստումներով և ինչի՞ համար են նրանք ձայներ (քվեներ) ստացել կամ կորզել ՀՀ քաղաքացիներից այդ ընտրություններում: Չչարչարվենք ՔՊ-ի 2021 թվականի նախընտրական ծրագրի վրա, այլ միանգամից դիմենք պաշտոնական ու գործող պետական փաստաթղթի, այն է՝ «ՀՀ կառավարության 2021-26 թթ. ծրագրի» օգնությանը: Այդ ծրագիրը հաստատված է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18ի որոշմամբ, որը չի չեղարկվել, այսինքն՝ տակավին գործող պաշտոնական փաստաթուղթ է: Նիկոլ Փաշինյանն այն գործիչներից է, որի հետ, ինչպես լրագրողական շրջանակներում են սիրում ասել, արժե միայն «ձայնագրիչով խոսել»: Ասել կուզի՝ նա ցանկացած պահի կարող է նույն բանի վերաբերյալ նույնիսկ իրարամերժ բաներ ասել, հրաժարվել արդեն ասածից և այլն: Գիտեք, բազմիցս տեսել եք, համոզվել: Իսկ սա ավելին է, քան «ձայնագրիչով խոսելը»: Սա պաշտոնապես արձանագրված փաստաթուղթ ու փաստ է: Հենց իրենց կողմից ընդունված:

Ավելին, այդ ծրագրի հենց նախաբանում չափազանց կարևոր արձանագրում կա. «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա»:

Իսկ ի՞նչ պարտավորություն են ստանձնել և ինչի՞ համար են ավելի քան 680 հազար քաղաքացու քվե ստացել 2021-ին Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն:

Անողոքաբար հիշեցնենք 1-2 ստանձնած պարտավորություն, իսկ դուք, սիրելի ընթերցողներ, առանց մեր օգնության կողմնորոշվեք, թե ինչ կարգի դղրդյունով են նրանք տապալել այդ պարտավորությունները:

Ահավասիկ. «Արտաքին և անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը և հումանիտար խնդիրների լուծումը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ամբողջ ներուժը վերոնշյալ նպատակներին հասնելու համար՝ առաջնորդվելով պետական շահերով և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականով»,-սևով՝ սպիտակի վրա արձանագրված է Փաշինյանի կառավարության ծրագրի 1.1 կետում, այն է՝ «Արտաքին քաղաքականություն» ենթաբաժնում:

Ավելին, 1.2 կետում՝ «Ղարաբաղյան հիմնախնդիր», հստակագույնս արձանագրված է. «Առաջիկա տարիներին կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»:

Սա Փաշինյանն է խոստացել, ոչ թե որևէ այլ գործիչ կամ ուժ: Ոչ միայն խոստացել է, այլև ամրագրել կառավարության որոշմամբ՝ որպես հնգամյա գործունեության ծրագիր:

Սրա համար են նա ու ՔՊ-ն մանդատ ստացել, լիներ այն «պողպատե», թե «ալ յումինե»: Բայց ոչ միայն չի արել, ոչ թե պարզապես խոստմնազանց է եղել, այլև արել է տրամագծորեն հակառակը: Կառավարության այդ որոշումից ընդամենը մեկ տարի ու ոչ լրիվ 2 ամիս անց՝ 2022թ. հոկտեմբերի 6-ին, Պրահայում ընդունել ու հայտարարել է, թե՝ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Կամ, ինչպես ժամանակին ՌԴ նախագահն է հրապարակավ նկատել, որոշել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ըստ էության՝ վերացրել է այդ կարգավիճակը:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930