Ցանկացած հեղափոխություն, ի վերջո, հիմնված է ատելության վրա: Մարդկանց մեջ կուտակվում է ատելությունը, որը սովորաբար պայմանավորված է լինում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով: Արդարացի դժգոհությանը միանում են հատուկ տեխնոլոգիաներով հրահրված բացասական էմոցիաները: (Ռոբեսպիերը կամ Լենինը գուցե «տեխնոլոգիա» բառը չգիտեին, բայց դա չի նշանակում, որ նրանք ատելություն բորբոքելու տեխնոլոգիաներ չեն կիրառել):
Հաճախ պատահում է, որ հեղափոխությունից հետո դրա կողմնակիցները մնում են իրենց ընտրության գերին: Այդպես է լինում նաեւ կենցաղում. Դուք ձեռք եք բերում ինչ-որ անպետք ապրանք, տանում եք տուն, եւ հետո ինքներդ ձեզ ու շրջապատին փորձում եք ապացուցել, որ այդ ապրանքը ձեզ շատ անհրաժեշտ է: Ամաչում եք խոստովանել ձեր սխալը: Այդպես էլ հեղափոխության դեպքում մարդիկ կրակն են ընկնում իրենց ատելության ձեռքը:
Սերն էլ կարող է լինել ատելության հետեւանք: Մարդիկ սիրում են, օրինակ, այն քաղաքական առաջնորդներին, որոնք իրենց ազատել են ատելի ղեկավարներից: Նրանք՝ այդ քաղաքական լիդերները, կարող են լինել նույնքան վատը, քան ատելիները, կամ նույնիսկ՝ շատ ավելի վատը, բայց քանի որ նախորդ ատելությունը մեծ է, սիրելի առաջնորդներին այդ «փոքրիկ մեղքը» ներվում է:
Սակայն, երբ ես ասում եմ «սեր», նկատի չունեմ վերը նշվածը, այլ խոսում եմ, պայմանականորեն ասած, «անհատական», մարդկանց միջեւ սիրո մասին եւ ոչ թե դրա զանգվածային տեսակի (որը, ինչպես տեսաք, նույն ինքը՝ ատելությունն է): Այդ՝ մարդկային սերը հաշվի չի առնում արտաքին հանգամանքները՝ լինեն դրանք հասարակական, տնտեսական, թե քաղաքական:
Կարդացեք նաև
Կամ, ինչպես շատ գեղեցիկ ձեւակերպել է Պողոս առաքյալը, «սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկութեամբ չի գրգռում, չար բան չի խորհում» (Ա.Կորթնացիներին, 13:4,5): Նման սերը չի կարող լինել «զանգվածային»:
Մեր հասարակությանը հենց մարդկային սերն է պակասում: Ընդ որում, իմ սերունդը դա տեսել է 1988 թվականի Ղարաբաղյան շարժման ժամանակ, երբ մարդիկ իրար սիրում էին՝ պարզապես այն պատճառով, որ հայ են, հայաստանցի են: Այդ Շարժումը հիմա պախարակվում է, եւ դա բնական է. «Ղարաբաղ» կոմիտեն սիրո, համերաշխության, արժանապատվության ծնունդ է: Իսկ ՔՊ-ն՝ զանգվածային ատելության: Լսեք որեւէ ՔՊ-ականի քաղաքական ելույթ կամ Փաշինյանի աջակիցների որեւէ vox-pop, եւ դրանում կհամոզվենք:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































