Ադրբեջանական քարոզչական İCTİMAİ TV-ն, անդրադառնալով Երևանում հոկտեմբերի 21-22-ը կայացած Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպմանը, պնդել է, թե այդ հանդիպման ընթացքում քննարկվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» հարցը։
«Երևանում կայացած հանդիպման մասնակիցներից մեկը հայտարարություն արեց այցի կուլիսային դրվագների մասին: Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են պատմական հարցեր, այդ թվում՝ (այսպես կոչված) «Խոջալուի ցեղասպանության» շուրջ երկխոսության թեման: Մասնագետները կարծում են, որ սա կարող է լինել խաղաղության գործընթացում Հայաստանի նոր դիրքորոշման մոտեցման ցուցիչ», — նշված է ռեսուրսի YouTube-յան տեսանյութի նկարագրության մեջ։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Երևանում հանդիպմանը մասնակցած Մամեդովի ամբողջական հարցազրույցը İCTİMAİ TV-ին, ու պարզել, որ նա չի հայտարարել այն մասին, թե հայաստանյան քաղաքացիական հասարակության հետ քննարկվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» հարցը։
Կարդացեք նաև
Մասնավորապես, ադրբեջանական հեռուստաընկերության լրագրողը Մամեդովին հարցնում է (հարցազրույցի սղագրություն)`արդյո՞ք ապագայում՝ հասարակությունների հաշտեցման շրջանակում հնարավոր է Հայաստանի կառավարությունը ճանաչի այսպես կոչված «Խոջալուի ջարդերը» որպես ցեղասպանություն։
«Դուք խոսեցիք հասարակությունների մասին։ Ընդհանրապես, մենք գիտենք, օրինակ՝ Ադրբեջանի հասարակությունում վերքերը դեռ մեծ են, վերքեր շատ կան։ Օրինակ՝ եթե մենք խոսում ենք հասարակությունների երբևէ հաշտեցման մասին, կարո՞ղ է արդյոք Հայաստանի կառավարությունը ապագայում Հայաստանում ստեղծել հարթակ, որը պատրաստ կլինի «Խոջալուի ջարդը» որպես ցեղասպանություն ճանաչելու։ Կրկին, եթե տեսական մակարդակում ենք մտածում», — հարցրել է լրագրողը։
Ի պատասխան, Մամեդովն ասում է․ «Տեսականորեն, իհարկե՝ հաշտեցումն այս ողբերգությունների վերաբերյալ վերաբերմունքի ձևավորումն է։ Բայց սա այս պահին արդիական խնդիր չէ։ Մենք պետք է իրականությունից ելնենք։
Եթե այս հարցին փուլային եղանակով նայենք, մեր արդիական խնդիրն է հաջորդ 6 ամսվա ընթացքում է՛լ ավելի դինամիկ պահել այս գործընթացը»։
Փաստացի, տեսանյութում, Մամեդովը չի ասում, որ Երևանում հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ որևէ կերպ քննարկվել է այպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» հարցը։
Նանե ՄԱՆԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»



















































