Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսիկ Արա․ Այս ամբողջ արշավի ու ագրեսիայի հիմքում այն է, որ Եկեղեցին վտանգ է ներկայացնում թշնամու համար․ «Փաստ»

Նոյեմբեր 01,2025 10:20

Նախորդ կիրակի, վաղը, գուցե նաև հաջորդող կիրակիներին Հովհաննավանքում տեղի ունեցած ու սպասվող արարողությունները, որոնք որևէ կերպ հնարավոր չէ համարել պատարագ՝ քրիստոնեական աստվածապաշտական արարողություն, ոմանք անօրենություն, ոմանք էլ սրբապղծություն են կոչում։ Բայց այն, որ սա գործող իշխանությունների՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ իրագործող արշավի համատեքստում պետք է դիտարկել, միանշանակ է։ «Սա թշնամու պահանջն է, որովհետև Հայ առաքելական սուրբ եկեղեցին միշտ իր ազգապահպան գործունեությամբ թշնամու համար խոչընդոտ է եղել։ Այն համաշխարհային ցանց ունեցող միակ հայկական կառույցն է։ Թշնամու նպատակն է ոչնչացնել այն, այդ դեպքում ավելի հեշտ ու հանգիստ կգերի և կիշխի մեր երկրին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բանաստեղծ Հուսիկ Արան։

Հիշեցնում է՝ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Փաշազադեն Եկեղեցին ռևանշիստ է որակում։ «Սա արշավ է մեր Եկեղեցու, ոչ թե հոգևորականների դեմ։ Մի խումբ մարդկանց հավաքել, տարել էին Հովհաննավանք, բայց տեսնում ենք, որ այս հարցում նրանք ժողովրդի աջակցությունը չունեն։ Երբ հավատին ես կպնում, կրոնին, մարդիկ շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում։ Իրենց նպատակին չեն հասնի, ուղղակի սրբապղծում են Եկեղեցին, ագրեսիա իրականացնում։ Նրանց նպատակն է խեղել հավատը, բաժան-բաժան անել, Առաքելական եկեղեցուց շեղել և ոչնչացնել այն, Եկեղեցին դարձնել ոչ էական ու ոչ շոշափելի կառույց։ Շատ բառացի ասած՝ որ եղած-չեղած մեկ հաշիվ լինի։ Սա է թշնամու պահանջը և հրահանգը»,-նշում է մեր զրուցակիցը։

Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե սա պայքար է ոչ թե Եկեղեցու, այլ կանոնակարգին չհետևող հոգևորականների դեմ, բանաստեղծն արձագանքում է՝ պարզապես իրենց գործողություններն ընդամենն այդ շղարշի տակ են իրականացնում, ու հասարակությանն այդ միտքն են հրամցնում, թե սա իբր պայքար է ոչ թե Եկեղեցու, այլ հոգևորականների և Կաթողիկոսի դեմ։ Նրա խոսքով, իրականում այս ամբողջ արշավի ու ագրեսիայի հիմքում այն է, որ Եկեղեցին վտանգ է ներկայացնում թշնամու համար։ Ընդգծում է՝ Եկեղեցին է այն կառույցը, որ բոլոր հնարավոր հարթակներում բարձրացնում է Արցախի հիմնահարցը, խոսում է արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադարձի իրավունքի և Արցախում պատմամշակութային արժեքների ոչնչացման մասին. «Նաև այդ պատճառով է Եկեղեցին վտանգ ներկայացնում թշնամու համար, և հենց այդ պատճառով են նրա դեմ պայքարում: Կաթողիկոսը Շվեյցարիայում և այլ հարթակներում բարձրաձայնում է Արցախի հարցը, Արցախի գործիչներին է ընդունում, նրանց հետ քննարկում տարբեր թեմաներ։ Հաջորդիվ Փաշազադեն, Ալիևը և մյուսներն ակտիվանում են, բորբոքվում։ Այդ մարդուն ասում են՝ կրկին պայքարիր Եկեղեցու դեմ։ Նա էլ մեկ-երկու օր անց պայքարը սկսում է։ Ամբողջն ակնհայտ երևում է, ֆիլմի պես մեր աչքի առաջ է։ Եթե Եկեղեցին լուռ ու մունջ լիներ, որևէ վտանգ չներկայացներ, արցախահայության և այլոց խնդիրները չբարձրաձայներ, իր դեմ այս հարձակումները չէին լինի։ Բայց արդյունքում Եկեղեցին միակն է, որ բարձրաձայնում է Արցախի հայերի վերադարձի արդար և օրինական իրավունքի, մշակութային արժեքների ոչնչացման, արցախահայության բռնի տեղահանման ու Արցախի բռնազավթման մասին»։

Եկեղեցու դեմ իր այս արշավում իշխանությունը միանշանակ հաջողություն չի ունենալու, բայց վնասներ է հասցնելու։ «Խայտառակում է, մեզ նյարդայնացնում, աշխարհի աչքից գցում, դառնում ենք ծիծաղելի, հարգանքի ոչ արժանի ժողովուրդ և այսպես շարունակ։ Բոլորը տեսնում են, թե իրականում ինչ է կատարվում, բայց նա իր տերերին ասում է՝ տեսեք, ես պատվերը կատարում եմ, ինչ ասում եք, անում եմ։ Իրեն այդպես է պատվիրված, ամեն օր հրահանգիչն ինչ ասում է Բաքվից, նա դա կատարում է։ Այլ տարբերակ հիմա չունի։ Համարում է, որ իշխանության մնալու միակ լծակը, տարբերակը սա է»,-նշում է Հուսիկ Արան։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930