Մեկնաբանելով «Միասնության թեւեր» քաղաքացիական շարժման եւ «Շանթ դաշինք» կուսակցության միջեւ համագործակցություն հաստատելու մասին հայտարարությունը՝ քաղտեխնոլոգ եւ վերլուծաբան Վիգեն Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Կարծում եմ, որ մոտակա շրջանում նոր կառույցներ դեռեւս շատ են ձեւավորվելու, եւ քաղաքական ուժերի միջեւ տարաբնույթ դաշինքներ են կազմվելու։ Քանի որ մեր մոտ արդեն նախընտրական շրջան է սկսվել, ենթադրում եմ, շատ հնարավոր է, որ այսօրվա երկու քաղաքական ուժերի համագործակցությունը վերածվի դաշինքի։ Եվ կրկին եմ ասում, չեմ բացառում, որ շատ ուժեր կնախընտրեն ընտրություններին ապագայում գնալ նախընտրական դաշինքի ֆորմատով։ Գուցե, սա մեզ համար նոր ուժերի՝ «Շանթ դաշինքի» եւ «Միասնության թեւերի» միջեւ դաշինքի առաջին ծիծեռնակն է»,-ասաց Վիգեն Հակոբյանը;
Անդրադառնալով դիտարկմանը, թե այս երկու քաղաքական միավորների գաղափարախոսությունները, կարծես, այնքան էլ չեն տեղավորվում կողք-կողքի, մեկը՝ նժդեհականություն, մյուսը՝ ավելի փափուկ քաղաքականություն, մեր զրուցակիցն ասաց. «Գիտեք, մեկի մեղմ գաղափարախոսությունը եւ մյուսի ավելի ազգայնականը իրար չեն հակասում։ Կարծում եմ, լրիվ հակասող կլիներ, եթե մեկը լիներ ծայրահեղ լիբերալ, մյուսը՝ ծայրահեղ ազգայնական ուժ։ Գուցե այդտեղ լիներ մոտեցումների զգալի տարբերություն; Բայց կարծում եմ, ամենակարեւորը, որ հիմա միավորում է իրենց, դա այն չէ, թե որն է իրենց հակասությունը; Իրենք ամենայն հավանականությամբ գտել են այն ընդհանուր եզրերը, որի շուրջ կարող են համատեղել իրենց ջանքերը, որպեսզի, ըստ էության, հիմա փորձեն երկիրը փրկել այս իրավիճակից։
Իրենք, իհարկե, որոշակի գաղափարական տարբերություն կարող են ունենալ, առերեւույթ կարող է այդպիսի բան լինել, բայց կարծում եմ, որ իրենք հիմա ավելի շատ ուշադրություն դարձնում են այն ամեն ինչի վրա, որը իրենց կարող է միավորել, որի շուրջ իրենք կարող են համագործակցել։ Եվ դա սիներջիայի էֆեկտ կտա։ Այսինքն, կփոխլրացնի։ Նույնիսկ էլեկտորալ առումով առաջին հայացքից անհամատեղելի թվացողը կարող է բերել մեկը՝ մյուսի էլեկտորատի գումարմանը։
Եթե մեկի մոտ ավելի ազգայնականն է ուժեղ, մյուսի մոտ, ասենք, իրավականը, այդտեղ միշտ կարելի է փնտրել, թե իրենց ինչն է միավորում։ Եթե այդ երկու ուժերը կարողացել են իրար հետ լեզու գտնել, երեւի թե անհաղթահարելի հակասություններ չկան։ Համարյա վստահ եմ, որ այդ ամեն ինչն ավարտվելու է նախընտրական դաշինքի ֆորմատով»;
Կարդացեք նաև
Հարցին, թե 2026 թվականի ընտրություններին ընդառաջ որոշ կուսակցություններ, որոնք հանրության մեջ անհրաժեշտ վարկանիշ չունեն, ինչպես նաեւ նոր ստեղծվող քաղաքական միավորները ի՞նչ հույսով նպատակ ունեն մասնակցել ընտրություններին։ Այս համագործակցությունը որպես առաջին ծիծեռնակ, հնարավո՞ր է դրանց համար միավորվելու, սկզբում փոքր դաշինքներ, իսկ վերջում մեծ միասնական դաշինք կազմելու օրինակ դառնալ, Վիգեն Հակոբյանը պատասխանեց. «Ուժեր կան, որոնք ինքնաբավ չեն։ Եվ կարծում եմ, որ եթե որոշել են մասնակցել ընտրություններին, մանավանդ, եթե ընդդիմադիր ուժեր են, պետք է գնան դաշինքային ճանապարհով։ Հակառակ դեպքում իրենց մասնակցությունը շատ սիմվոլիկ բնույթ կարող է կրել ու լուրջ խոսակցությունների եւ կասկածների առիթ կարող է տալ, որովհետեւ դա կարող է բերել ընդդիմադիր ձայների փոշիացման, որը ամեն դեպքում այս առումով իշխանությունների օգտին է։ Այնպես որ, կարծում եմ, որ ցանկացած քաղաքական ուժ, որը որոշել է մասնակցել ընտրություններին, պետք է ռեալ վերլուծի իր հնարավորությունները, ռեալ հասկանա, որ եթե ինքը նպաստելու է ընդդիմության ձայների փոշիացմանը, ապա դա խարան է լինելու իր հետագա քաղաքական ճակատագրի վրա, որովհետեւ շատ-շատերը կասկածելու են, որ այդտեղ իշխանության մատն է խառնված, իշխանությունը շահագրգիռ է եղել, որպեսզի ընտրապայքարի ընդդիմադիր հատվածում լինեն շատ կուսակցություններ, որպեսզի ձայների փոշիացում լինի։
Ես կարծում եմ, որ շատ-շատերի համար դաշինքային ֆորմատը միակ քիչ թե շատ էֆեկտիվ ֆորմատն է։ Եվ եթե խնդիրն իրականում քաղաքական արդյունք ունենալն է, այլ ոչ թե իշխանության ջրաղացին ջուր լցնելը, ապա ընդդիմադիր շատ ուժեր պետք է փորձեն խոշորացված ֆորմատներով հանդես գալ, այլ ոչ թե զուտ մասնակցել ընտրական գործընթացին եւ հիմնական ընդդիմադիր ուժերից ձայն փախցնել»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































