Վերջերս ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժնի, Կիրառական մարդաբանության գիտահետազոտական խմբի, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի եւ Ֆրանսիայի INALCO (Institut National des Langues et Civilisations Orientales) համալսարանի նախաձեռնությամբ Գիտությունների ակադեմիայում կազմակերպվել էր միջազգային գիտաժողով՝ «Տեղահանություն եւ հիշողություն. Արցախի շարունակվող ճգնաժամը բանավոր պատմություններում» խորագրով:
Aravot.am-ը զրուցել է ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից, Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի հետ, որի զեկուցման թեման էր «Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող հայկական մշակութային ժառանգության յուրացման եւ ոչնչացման քաղաքականության լուսաբանումը Ֆրանսիայի հայկական պարբերական մամուլում»: Նա նշեց, որ գիտաժողովին մասնակցել են մասնագետներ ոչ միայն Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտներից եւ կենտրոններից, այլեւ մասնագետներ մի շարք երկրներից՝ առկա եւ հեռավար ձեւաչափով:
«Ներկա իրավիճակում նման գիտաժողովների կազմակերպումն անչափ կարեւոր է, երբ մասնագետները խոսում են տեղահանության, հիշողության խնդիրների մասին, տարբեր տեսանկյուններից: Ի թիվս այլոց, օրինակ, ներկայացվել էին նաեւ արցախցի դպրոցականների հիշողությունները իրենց կենցաղի մասին, որ ունեին Արցախում: Ունեինք զեկուցողներ, որոնք դպրոցում դասավանդող ուսուցիչներ էին եւ առնչվում էին Արցախից տեղահանված աշակերտների հետ, նաեւ հետաքրքիր փաստերի մասին խոսեցին, թե ինչպես են ծառերի միջոցով պահպանում մեր հերոս տղաների հիշատակը՝ դպրոցների այգիներում պուրակներ հիմնելով: Նման նախաձեռնությունները կարեւոր են նաեւ այն տեսանկյունից, որ Արցախի թեման անընդհատ օրակարգում է մնում է, եւ մտավորականները չեն թողնում, որ այն գոնե գիտական շրջանակներում մարի»,-ասաց Հովիկ Ավանեսովը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է իր՝ «Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող հայկական մշակութային ժառանգության յուրացման եւ ոչնչացման քաղաքականության լուսաբանումը Ֆրանսիայի հայկական պարբերական մամուլում» զեկուցմանը, մեր զրուցակիցը հետեւյալը նշեց. «Մեր զեկուցման նպատակն էր անդրադառնալ հատկապես Ֆրանսիայի հայկական պարբերական մամուլի հրապարակումներին: Այդ թեման պատահական չենք ընտրել, հետազոտական ծավալուն շարք է մեկնարկել, մենք տարբեր գիտաժողովների շրջանակներում այդ թեմային անդրադառնում ենք: Երբ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական գաղթօջախների բաժինն ամենամյա գիտաժողովներ է կազմակերպում օտար աղբյուրների հետ կապված, մենք այդ գիտաժողովներում ներկայացնում էինք Սփյուռքի մամուլի դերի մասին հոդվածները: Առաջին հոդվածն արդեն հրատարակված է ընդհանրական տեսքով, երկրորդը Մերձավոր Արեւելքի մամուլին է անդրադառնում, իսկ այս գիտաժողովին ներկայացրինք Ֆրանսիայի հայկական մամուլը՝ նպատակ ունենալով հետազոտողներին եւ ընթերցողներին ցույց տալ, որ Սփյուռքի մամուլը երբեք իր ուշադրությունից դուրս չի թողել Արցախի մշակութային ժառանգության լուսաբանումը: Հատկապես «Նոր Յառաջն» է պարբերաբար այս թեմաներին անդրադառնում է, ընդ որում, ոչ միայն արտատպում է տարբեր հետազոտողների աշխատանքները, կամ ահազանգերը, որ հրապարակվում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի կամ monumentwatch.org հարթակի եւ այլ գործընկերների կողմից, այլեւ իրենք էլ են պարբերաբար նյութեր հրապարակում»:
Հովիկ Ավանեսովը նշեց, որ Ֆրանսիայի հայկական մամուլում անդրադարձեր կան Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու թիրախավորման հետ կապված, նաեւ ծավալուն զեկույց է հրապարակվել. « Ֆրանկոֆոն հասարակությանը հասանելի է, թե ինչ է տեղի ունեցել Արցախում, շեշտվում է, որ Արցախում ոչ միայն զուտ հայկական մշակութային ժառանգություն է, այլեւ համամարդկային արժեքներ են: Կարեւոր մի քանի շեշտադրում էլ կա՝ Ֆրանսիայի հայկական պարբերականներում խոսում են ոչ միայն զուտ Արցախի մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի մասին, այլեւ զուգահեռներ են տարվում Ջուղայի խաչքարերի ոչնչացման, Նախիջեւանի, Արեւմտյան Հայաստանի մշակութային ժառանգության ոչնչացման հետ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































