Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփական պետության ինքնիշխանությունը կպաշտպանի այն քաղաքացին, ում ինքնիշխանությունը պաշտպանում է այդ պետությունը․ Հովհաննես Քոչարյան

Նոյեմբեր 01,2025 19:49

Փաստաբան, իրավագիտության թեկնածու, ՀՀ վաստակավոր իրավաբան Հովհաննես Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը

Անվերահսկելի գաղտնալսումների ուրվականը մեր հասարակության գոնե գիտակից մասին հասցրել է հոգեխանգարմունքի։ Գաղտնալսման թիրախ են բոլորը՝ «շարքային մահկանացուներ», քաղաքական գործիչներ, գործարարներ, իրավապաշտպաններ, փաստաբաններ, լրագողներ, հոգևորականներ, դատավորներ ու պետական ղեկավար այրեր։ Անվստահությունն իրավապահ մարմինների նկատմամբ, գիտակցական ու անգիտակցական վախերը այնպիսի ծավալների են հասել, որ անմեղ հաղորդակցությունը ընտանիքի անդամների ու հարազատների հետ քաղաքացիների մեծ մասը ռեֆլեքսորեն իրականացնում է բջջային հավելվածներով՝ առանց դրանց անվտանգության վրա վստահություն ունենալու անգամ։

«Ես իշխանություններին լայքում ու գովաբանող քոմենթներ եմ գրում, ինձ չեն լսի», «լսում են թող լսեն, թող նա մտածի, որ թաքցնելու բան ունի» «ինչ եմ խոսում, որ լսեն» մանտրաներով ինքնախաբեության էֆեկտը տևում է մի քանի րոպե, որից հետո յուրաքանչյուրիս ազատությունը շարունակում է ճնշել սովորական դարձած կենդանական վախը։ Բայց փաստը մնում է փաստ, որ այս վախերին հասարակությունը համակերպվել է, համակերպվել անզորությունից ու համընդհանուր տգիտությունից։ Պետական сыск-ը, որպես ժողովրդավարության դեմ ուղղված «թիվ մեկ» մարտահրավեր, որպես ժողովրդավարության «գերազմանափոր», մեր հասարկության կողմից չի գիտակցվել ու չի գիտակցվում, որովհետև իրականացվում է անաղմուկ, անվերահսկելի ու թվացյալ հասցեական։ Անվերահսկելի сыск-ը գնալով սանձարձակ ու լկտի է դառնում` հավակնելով պետական վարչակարգի ձևի «պոլիցայացմանը»։

Անվերահսկելի сыск-ը անհատի ու հասարակության դեմ ուղղված «թիվ մեկ» մարտահրավերն է, ու սրա մեջ որևէ չափազանցություն չկա. մեր հասարակությունը ստանդարտացնող, ստրկացնող, մարդու մասնավոր կյանքի իրավունքը ոչնչացնող «թիվ մեկ» մարտահրավերը։ Քանի դեռ ժողովրդավարությունը պաշտպանելու պատրվակով անվերահսկելի сыск-ը ծաղրուծանակի է ենթարկում ժողովրդավարական կոչվող ինստիտուտները, պետք է ժամանակ գտնել ու քաղաքացուն բացատրել, որ նա ոչ թե պոտենցիալ, այլ արդեն իսկ խոցված թիրախ է։

Թիրախ է, որովհետև պետությունը ոտ ու գլխով քաղաքացու անձական կյանքում է միայն այն փաստի ուժով, որ Հայաստանի ոլորտային հակաիրավական օրենսդրությունն իր քաղաքացուն մեն-մենակ ու անպաշտպան է թողել հետախուզական գերհզոր իշխանության դեմ հանդիման։ Հայաստանում քաղաքացին չի լսի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը գաղտնալսումների ոլորտում մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության վիճակի վերաբերյալ։ Չի լսի դատախազության հաշվետվությունը գաղտնալսումների նկատմամբ հսկողության արդյունքներից, մասնավոր կյանքի իրավունքի հայտնաբերված խախտումներից, խախտումները վերացնող դատախազական ներգործության միջոցներից, չի տեսնի դատախազության կողմից գաղտնալսումներ թույլատրող բողոքարկված ապօրինի դատական ակտեր։ Քաղաքացին չի լսի դատական համակարգի խոսքը գաղտնալսումների օրինականության վերաբերյալ, որովհետև դատական համակարգի միակ խոսքը գաղտնալսումների միջնորդությունների բավարարումն է 99 տոկոսանոց հաստատուն վիճակագրությամբ։ Իսկ օպերատիվ ծառայություններից ակնկալել մասնավոր կյանքի իրավունքի պաշտպանություն, նշանակում է նմանվել այն ռամիկ հողագործին, որ տատասկը ցանել և նստել սպասում է, որ տատասկից ծլելու է փյունիկյան արմավենի կամ առնվազն փշատենի։

Բայց պետք է մարդկանց հանգիստ բացատրել ստեղծված իրավիճակը, օգնել, որ քաղաքացին ադեկվատ գիտակցի այս չարիքի խորությունը։ Միայն չարիքի ադեկվատ գիտակցումը կարող է բերել պետության կողմից փոփոխությունների օրակարգի օր առաջ ճանաչմանը։ Իշխանությանը թվում է, թե իր «անվտանգության նյարդաթելերն» անցնում են գաղտնալսումների «սակրալ» տարածքով ու շահագրգրռություն չի ցուցաբերում այս տարածքում տիրող հակասանիտարական վիճակը վերացնելու համար։ Սա տիեզերական մասշտաբի խաբկանք է։

Հիշեք Գերմանիայի հզոր վարչապետ Անգելա Մերկելի գաղտնալսումների պատմությունը սեփական հատուկ ծառայությունների կողմից, ԳԴՀ-ում ամենակուլ շտազիի գաղտնալսումների պատմությունը, հիշեք զանգվածային գաղտնալսումների սկանդալները Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում՝ ժողովրդավարության բաստիոններում։ Անվերահսկելի сыск-ը սպառնալիք է բոլորի անվտանգության համար՝ սովորական քաղաքացուց մինչև իշխանության վերին էշելոններ։

Սեփական պետության ինքնիշխանությունը կպաշտպանի այն քաղաքացին, ում ինքնիշխանությունը պաշտպանում է այդ պետությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930