Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային տեսակը կորցնելը մեծ կորուստ է բնության եւ մարդկության համար. Սմբատ Լպուտյան

Նոյեմբեր 02,2025 19:55

Միջազգային գրոսմայստեր, Շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը Aravot.am-ի հետ զրույցում հայի ինքնության առանցքներն է համարում պատմությունը, անցած ճանապարհն ու եկեղեցին: «Երկիր սիրելը, քո ընտանիքը սիրելը գալիս է մարդու մտածելակերպից, ներքին աշխարհից եւ գիտակցությունից… Ինչպիսի՞ն է տեսնում իր երկիրը մարդը»,-ինքնության ընկալման մասին խոսելիս ասում է Շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրենը ու հավելում, որ  ամեն բան բնականորեն է տեղի ունենում:

Հարցին՝ համաշխարհայնավորումը սպառնալի՞ք է մեր ինքնության համար, թե՞ նոր հնարավորություն է, մեր զրուցակիցն այսպես է արձագանքում. «Երբ քայլում եք բնության մեջ, տեսնում եք բազմաբնույթ ու տարբեր ծաղիկներ… Պատկերացրեք՝ տեսնում եք միանման ծաղիկներ… Ո՞րն ավելի գրավիչ կլիներ ձեզ համար: Իմ կարծիքով ամեն մարդ ու ամեն ազգ բնության մեջ առանձնահատուկ է, եւ աշխարհում հետաքրքիր է դառնում իր տեսակով: Մենք ծաղիկներ ենք, մեկը շատ գեղեցիկ է, բայց հոտավետ չէ, մյուսն այդքան գեղեցիկ չէ, բայց շատ հոտավետ է… Ու բնությունը հենց դրանով է ցանկալի: Կարծում եմ՝ ամեն մի ազգ իր տեսակով շատ ավելի գեղեցիկ է, կարեւոր հասարակության ու բնության համար… Ազգային տեսակը կորցնելը մեծ կորուստ է բնության եւ մարդկության համար»:

Մեր հարցին՝ կրթությունը պետք է լինի՞ ազգային, Սմբատ Լպուտյանն այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ, որ կրթությունն առաջին հերթին պետք է լինի մարդկային եւ երեք կարեւոր որակներ պետք է տա հասարակությանը: Նախ պետք է կարողանալ մարդուն կրթել, որ հոգատար լինի իր մարմնի հանդեպ, մարմինը լինի առողջ, որ երկար ծառայի ու  մարդն օգտակար լինի հանրությանը: Կրթությունը պետք է մարդուն  տա մտածելու եւ ստեղծագործելու որակներ: Երրորդը եւ ամենակարեւորը հոգեւոր արժեքներն են, որոնց շնորհիվ է մարդը դառնում մարդ…»:

Հայ Առաքելական եկեղեցուն էլ անդրադարձ եղավ մեր զրույցի ընթացքում: «Ես կարծում եմ, որ բոլոր հավատքների եւ Հայ Առաքելական եկեղեցու հիմնական նպատակը եւ հիմքը սերն է…Հայ Առաքելական եկեղեցին  իր բոլոր ժամանակներում եւ Քրիստոնեությունն օգնել են մեզ, որպեսզի պահպանենք այն արժեքներն ու որակը, որոնց նպատակը մարդկային սերը շատացնելն  է: Առանց դրա այս աշխարհը  շատ վտանգավոր կարող է դառնալ եւ շատ անցանկալի»:

Ինչ վերաբերվում է Ամենայն Հայոց կաթողիկոսին, Սմբատ Լպուտյանն ընդգծում է. «Կաթողիկոսն այն մարդն է, որն ամբողջ հայ ժողովրդի  առաջնորդն է՝ հոգեւոր առաջնորդը: Ինչպես արդեն նշեցի, այս կյանքում ամենակարեւորը մարդու հոգին է, հոգու զարգացումը եւ հոգեւոր արժեքների տարածումը: Հայոց կաթողիկոսն այն արժեքն է, որը պետք է ամբողջ հայ հասարակությանը կարողանա համախմբել եւ տարածել ու պահպանել մեր ինքնությունն ու արժեքները»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930