Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային տիրույթում ինչքան էլ ասենք՝ Փարաքար համայնքում տեղի ունեցած սպանությունը քաղաքական մոտիվ ունի, սրանք բոլորը զուտ խոսակցություններ են․ Արփինե Սարգսյան

Նոյեմբեր 03,2025 11:55

ՀՀ ՆԳՆ կառուցվածքում գործող պետական մարմինների համար տարբերություն չկա՝ գործ ունենք ընդդիմադիր, թե իշխանական գործչի հետ․ խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էր հետաքրքրվել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով՝ նկատելով, որ եթե հարցը վերաբերում է իշխանական որեւէ գործչի, ոստիկանությունը խիստ համաչափ է գործում, ընդդիմադիր համայնքապետերին վերաբերող խնդիրների դեպքում ոստիկանության վերաբերմունքն այլ է։

Ըստ Արփինե Սարգսյանի, հանրային տիրույթում, ինչքան էլ ասենք, Փարաքար համայնքում տեղի ունեցած սպանությունը քաղաքական մոտիվ ունի, քաղաքական իշխանությունն է կազմակերպել, սրանք բոլորը խոսակցություններ են եւ դառնում են ոչ փաստահեն, քանի որ քրեական վարույթում ունենք տվյալներ, որոնք ապացուցում են՝ այո, դա եղել է փետրվարյան իրադարձության շարունակություն։ Նա նշեց՝ փետրվարյան դեպքից հետո հենակետեր են դրվել տների մոտ, բայց ոստիկանությունը չի կարող ամիսներ շարունակ մեկ ոստիկանի կանգնեցնել ինչ-որ մի տան մոտ եւ պահպանել։ Ազդակներ, որ նման բան է պատրաստվում, ասաց՝ չեն եղել։ Հիմնական կատարողը բացահայտվել է, անձը ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

Աննա Գրիգորյանը տարակուսեց՝ եթե վենդետա է եղել, ինչպես նախարարն է ասում, հնարավո՞ր չէր վեց ամսում կանխարգելել, մանավանդ, որ տվյալ անձը կրակել է սովորել հենց Փարաքարում։ Անդրանիկ Քոչարյանը համաձայնեց՝ պետք էր ուշադիր լինել։ Աննա Գրիգորյանն ասաց՝ նախարարը պատասխանատվություն է կրում չբացահայտելու համար։

Ընդդիմադիր պատգամավորը նաեւ Գյումրիում «կարմիր բերետավորների» անհամաչափ գործողությունների մասին էր խոսել: «Ներքին անվտանգության ու հակակոռուպցիոն վարչության ծառայողներն իմ հանձնարարականով ուսումնասիրել են ամբողջ պրոցեսը, ծեծի դրվագ չի հայտնաբերվել, չի եղել կոնկրետ իրավիճակ, որը եղել է ոչ իրավաչափ»,-պատասխանեց Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ ոստիկանը ֆիզիկական ուժ գործադրելու իրավաչափ հնարավորություն ունի, կարող է այդ ընթացքում լինեն թերություններ, խախտումներ, բայց ֆիզիկական ուժի գործադրումը ծեծ ներկայացնելու «էտապն անցել ենք»։

Արփինե Սարգսյանի պատասխանից Աննա Գրիգորյանը եզրակացություն արեց․ «Նախկին ոստիկանապետը այդքան էլ գրագետ չէր ձեւակերպում, թե ինչո՞ւ են բերետները ծեծում, դուք բավական գրագետ, կուլտուրական ձեւով բացատրեցիք, թե խի պետք է բերետները ծեծեն։ Ձեր միակ տարբերությունը գրագիտության ավելցուկի մեջ է»։

ՆԳՆ նախարարի համար ձեռք բերված նոր՝ թանկարժեք մեքենայի մասին հարցին էլ Արփինե Սարգսյանը պատասխանեց․ «Մեքենան ձեռք չի բերվում Արփինե Սարգսյան անձի համար, այլ ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի համար։ Մեքենան ձեռք է բերվել ըստ սահմանված չափանիշների։ Ես չեմ հետաքրքրվել՝ ի՞նչ գնով է ձեռք բերվում, ինձ չի հետաքրքրել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930