Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 415 կգ թմրամիջոց. առգրավված թմրամիջոցների քանակը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է

Նոյեմբեր 03,2025 14:42

Ներքին գործերի նախարարության վարած քաղաքականությանը համահունչ, որպես առաջնահերթ ուղղություն շարունակել է մնալ նաև  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը․ այս մասին այսօր 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Այս տարի հաստատվել է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունն ու դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը», որը թիրախավորում է ոչ միայն թմրամիջոցների հետ կապված հանցատեսակների կանխարգելումն ու բացահայտումը, այլ նաև համապատասխան շահառուների բժշկական օգնության որակի բարձրացումը և վերասոցիալականացումը։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեքստում հաշվետու ժամանակահատվածում կենտրոնացել ենք դրանց արտադրության և ներմուծման դեպքերի հայտնաբերման աշխատանքների վրա՝ փորձելով ապօրինի շրջանառությունից դուրս բերել թմրամիջոցների առավել խոշոր խմբաքանակներ՝ կախելով դրանց հետագա բազմադրվագ իրացումը։

Այսպես, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվն աճել է 18,1%-ով։

Միևնույն ժամանակ, իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ընթացիկ տարում, առգրավվել և շրջանառությունից դուրս է բերվել 415 կգ 281 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը գրեթե կրկնակի անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2024թ․9 ամիս՝ 205 կգ 562 գրամ)։ Առգրավված թմրամիջոցներից 37 կգ 175 գրամը սինթետիկ տեսակի են։ «Ինչու եմ սա ուզում առանձնացնել, որովհետև մենք մարտավարական առումով հատկապես ուշադրություն ենք դարձնում այն թմրամիջոցներին, որոնք անձանց առողջության վրա կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ»,-ընդգծել է Ներքին գործերի նախարարը։

Համաձայն օպերատիվ ամփոփագրերի, միայն ոստիկանության կողմից  հայտնաբերվել և առգրավվել է 290 կգ 683 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 128 կգ 304  գրամ ավել է նախորդ տարվա համեմատ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930