Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները ընդհանուր հանցագործությունների կազմում նվազել են 0,7%-ով․ Արփինե Սարգսյան

Նոյեմբեր 03,2025 13:56

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ անդրադարձ է կատարել հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Նրա խոսքով՝ գրանցված դեպքերի աճը գլխավորապես պայմանավորված է եղել առավել լատենտային համարվող հանցագործությունների հայտնաբերմամբ, մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության (աճ՝ 391-ով), զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության (աճ՝ 249) և այլն։

Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործությունների կազմում նվազել է 0,7%-ով։  Արձանագրված դեպքերի 85,7%-ը նվազ հանրային վտանգավորություն ներկայացնող ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ են։

Իրականացված աշխատանքների արդյունքում գրանցված հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը բարձրացել է և որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվն աճել է 3,5%-ով, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 9,9%-ով, ծանրերով՝ 5,8%-ով։

«Ներկայացնելով հանցավորության շարժընթացն ըստ հիմնական և հատկապես հանրությանը անհանգստացնող տեսակների, արձանագրեմ, որ 9 ամիսների կտրվածքով արձանագրված սպանության դեպքերի գերակշիռ մասն ունեցել է կենցաղային բնույթ։ Արձանագրեմ, որ վերջին տարիների կտրվածքով սպանության դեպքերը կտրուկ և վտանգավոր աճի տեմպեր չունեն և առհասարակ դրանք ընդհանուր հանցավորության կառուցվածքում կազմում են ընդամենը 0,2%-ը»,-նշել է ՆԳ նախարարը։

Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի՝ սպանությունների վերաբերյալ համաշխարհային զեկույցների համաձայն, 100 հազար բնակչության հաշվով սպանությունների միջին ցուցանիշը  2021թ․-ին կազմել է 5.8 դեպք։ ՄԱԿ-ի գրասենյակը նման համաշխարհային ցուցանիշ հրապարակում է 4-5 տարվա պարբերականությամբ։

Ակնհայտ է, որ Հայաստանում այս ցուցանիշն էականորեն ցածր է համաշխարհային միջինից։

Նույն ցուցանիշը Հայաստանի մասով 2021թ․-ին եղել է 2, 2022թ․-ին՝ 1.9, 2023թ․-ին՝ 1.8, 2024թ․-ին՝ 2։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ առհասարակ, մարդու դեմ ուղղված և հատկապես բռնությամբ զուգորդվող հանցագործությունները մտահոգիչ են և այս ուղղությամբ անհրաժեշտ է ունենալ հստակ քաղաքականություն։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեծամասամբ այսպիսի հանցագործությունների պատճառ են հանդիսանում անձանց առողջական, կրթական և սոցիալական հիմնախնդիրները, որոնք հանցավորության կանխարգելման տեսանկյունից հասցեագրվել են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից մշակման փուլում գտնվող «Հանցավորության կանխարգելման ռազմավարական ծրագրում»։

«Մարդու դեմ ուղղված և հատկապես բռնությամբ զուգորդված հանցագործությունների մասով ևս այս ռազմավարությունը ունի հստակ անդրադարձ։ Եվ ըստ այդմ մենք նախատեսում ենք տարեվերջին ամփոփել այս ռազմավարությունը և հանդես գալ նոր մեթոդաբանությամբ հանցավորության կանխարգելման շրջանակներում», -նշել է ՆԳ նախարարը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930