«Առավոտյան տեր հայրը լուր տվեց, որ այնտեղ համայնքային իշխանությունը ցանկություն ունի ցանկապատը փոխելու: Մենք ասացինք, որ դրա իրավունքը չունեն, քանի որ եկեղեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է պատկանում, եւ պետք է համապատասխան թույլտվություն ունենան: Այս պահին թեմի վարչական խորհուրդն է զբաղվում այդ հարցով: Ասացինք, որ գրությամբ պետք է ներկայացնեն իրենց ծրագիրը, նախագիծը, մենք էլ այն ներկայացնենք Մայր Աթոռին եւ փոխադարձ համաձայնության արդյունքում, եթե պետք է որ վերանորոգվի, ամբողջությամբ փոխվի, դա միայն Մայր Աթոռի օրհնությամբ պետք է լինի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ապարանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ, Արագածոտնի թեմի վարչական խորհրդի անդամ տեր Մուշե քահանա Վահանյանը՝ անդրադառնալով այսօր առավոտից Թալինի սբ. Աստվածածին եկեղեցու տարածքում կատարվող չարտոնված շինարարությանը, որ սկսել է քաղաքապետարանը ՝ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի հայտարարած այցին ընդառաջ:
«Տեր հայրը տեղեկացրեց իրենց այդ մասին, իհարկե չէին համաձայնել, եւ ցանկապատի ապամոնտաժման աշխատանքները շարունակել էին, հետո հեռախոսը փոխանցեցին, կարծեմ փոխքաղաքապետի տեղակալը խոսեց ինձ հետ, ես նույնն իրեն ասացի, որ իրավունք չունեք, որովհետեւ դա ձեր սեփականությունը չի, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի սեփականությունն է, պետք է հարգվեն տիրոջ իրավունքները: Իրենք ասացին, որ իբր Մայր Աթոռ գրություն են ուղարկել, բայց մենք ճշտեցինք, որ նման գրություն Մայր աթոռը չի ստացել; Հետո ասացին, որ փաստաթղթեր կպատրաստեն, կուղարկեն մեզ… Ամեն ինչ այժմ այս ընթացքի մեջ է»,-հավելեց տեր Մուշեն:
Արագածոտնի թեմի վարչական խորհրդի անդամից տեղեկացանք, որ այս պահին շինարարությունը չի դադարել. «Ցանկապատի ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են, ներկա են ոստիկաններ, տեր հոր իրավունքներն ամբողջությամբ արհամարհված են, որովհետեւ ոչ մի խորհուրդ չի ընդունվել: Պետք է հարգել տանտիրոջ իրավունքը եւ համապատասխան համաձայնության արդյունքում այդ ամենն իրականացնել, հատկապես որ բոլորիս համար էլ գեղեցիկը, ուղիղը հաճելի է»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Մայր Աթոռից էլ էին Aravot.am-ին փոխանցել, որ գործընթացն անօրինական է եւ առանց համապատասխան արտոնման է իրականացվում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































