Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստորեն ՔՊ-ն «մեծահոգաբար դեմ չէ» գերիների վերադարձին, բայց իրենց կառավարությամբ հանդերձ Ադրբեջանին չի կարող պահանջ ներկայացնել Արցախում ցեղասպանություն վերապրած հայերի վերադարձի իրավունքը հարգելու». «Միասին»

Նոյեմբեր 03,2025 15:03

ՔՊ-ն կողմ ըլլալով, դեմ քվեարկեց

«Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժումն արձանագրում է, որ հոկտեմբերի 29-30-ը Հայաստանում կայացած Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանի կայացումը լավագույն հնարավորությունն էր Եվրոպական խորհրդարանի գործընկերների հետ միասին բարձրացնելու հայ հասարակության առջև ծառացած երկու ճակատագրորոշ խնդիրները․ Բաքվի բանտերում ապօրինի դատավարությունների զոհ մեր հայրենակիցների անհապաղ ազատ արձակումն ու Հայաստան վերադարձնելը և դրա հետ ուղղակի կապված՝ անվտանգության միջազգային երաշխիքների ներքո իրենց բռնազավթված հայրենիք արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքի երաշխավորումը:

Սակայն տեղի ունեցավ անպատկերացնելին․ ՀՀ-ում իշխող ՔՊ վարչակազմի խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց ընդդիմադիր ՀՀ ԱԺ պատգամավորների և Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորների առաջարկին, որով Ադրբեջանին պահանջ էր ներկայացվում միջազգային երաշխիքների ներքո ապահովել էթնիկ զտման, իրականում ցեղասպանության զոհ դարձած արցախցի մեր հայրենակիցների հավաքական անվտանգ վերադարձի իրավունքը բռնազավթված հայրենի Արցախ:

Մեր ազգային կենսական խնդիրներին դավադիր հարված հասցրած ՔՊ խմբակցության դիրքորոշումը հրապարակած ԱԺ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ի լուր Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումը ճանաչած և արցախցիների իրավունքները պաշտպանող մի շարք բանաձևերի հեղինակ եվրոպացի պատգամավորների, բառացիորեն հայտարարեց․ «Նշած փոփոխությունը հետևյալն է՝ կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և այլ պահվող անձանց: Մենք սրան դեմ չենք, բայց շարունակությունը հետևյալն է՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի անվտանգ, հավաքական վերադարձը իրենց հայրենիք՝ միջազգային պաշտպանության ներքո: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարությունը, արտաքին քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաները նման պահանջ չեն ներկայացնում Ադրբեջանին»։ Փաստորեն ՔՊ-ն «մեծահոգաբար դեմ չէ» բոլոր հայ գերիների և այլ պահվող անձանց վերադարձին, բայց իրենց կառավարությամբ հանդերձ Ադրբեջանին չի կարող պահանջ ներկայացնել հազարամյակներով Արցախում ապրող և այնտեղ նյութական, մշակութային, հոգևոր հսկայական ժառանգություն թողած, ցեղասպանություն վերապրած հայերի վերադարձի իրավունքը հարգելու։

«Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժումը մեր հայրենակից քաղաքացիներին վերստին հիշեցնում է ՀՀ կառավարության 2021- 2026 թթ․ ծրագրի հիմնային դրույթներից մեկը «Ղարաբաղյան հիմնախնդիր» 1․2 ընդարձակ բաժնից, որը ՔՊ առաջնորդ և վարչապետի պաշտոնը գրաված Նիկոլ Փաշինյանին թույլ տվեց պահպանել իր իշխանությունը․ «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»: Ահա այսպես է Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ու խորհրդարանը «հարգում և իրականացնում» իր իսկ ծրագիրը։

Ժողովրդին տված իր խոստումներին հակառակ գործող իշխանությունն իրավունք չունի խոսել ժողովրդի անունից, ժողովրդավարությունից և խաղաղություն բերելուց։ Երկրի հակառակ կողմի եկած ՔՊ-ն հերթական անգամ ապացուցում է իր ոչ լեգիտիմ և օրինախախտ լինելը։

«Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժման համակարգող խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930