«Արկադի Փայտյանը «Ժառանգության» թեկնածուն է Վաղարշապատի քաղաքապետի, մի շատ պարտաճանաչ մարդ, որն իր հավաքականի հետ հայտ է ներկայացնում բոլորից ազատ, բոլորից անկախ, ապագա ցույց տվող մի ճանապարհ առաջարկելով Վաղարշապատ քաղաքի եւ հարակից գյուղերի ժողովրդին: Ոչ մեկից կախյալ չլինել, սեփական խիղճը, Աստված, հայրենիք, օրենք եւ իրավունք, իրավունքի իշխանություն, որը խոստանում է տալ Արկադի Փայտյանը՝ իր գործընկերների հետ»,-ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Վաղարշապատի քաղաքապետի «Ժառանգության» թեկնածու Արկադի Փայտյանին:
«Մենք տեսնում ենք, թե ինչ իրավիճակում է գտնվում այս ընտրարշավը, ինչը նորություն չէ Հայաստանի համար: 30-35 տարի նույն վիճակի մեջ ենք, տարբեր իշխանությունների օրոք ընտրաշրջաններ ենք անցկացրել, այդ երեւույթները մեզ համար նորություն չեն: Այստեղ չի՛ լինելու վերադարձ ի շրջանս յուր, բայց նաեւ չի լինելու այսօրվա շարունակությունը, որ այդ բոլոր սխալների, հանցանքների, զանցանքների, արատների հավաքածուն է, ամփոփումն է… Մի խմբակ, մարդիկ, եկան իշխանության մեծ խոստումներով, բարձր հանձնառություններով՝ անցյալը շտկելու , սխալներն ուղղելու, նոր տեսակի Հայաստան բերելու, Արցախը պահելու, եկեղեցու անկախությունը, ինքնուրույնությունը, թռիչքը հարգելու… Մինչդեռ հիմա ով դեմ է խոսում, իրենց ամբողջատիրական ախորժակով նստեցնում են, մեկուսացնում, բանտարկում ու անգամ սպանում են…Այս իշխանությունը, ուժը, խմբակը, ցուցակը ամեն գնով պետք է փոխվի»,-ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:
Նրա խոսքով. «Այս իշխանությունները բողոքում էին նախկին իշխանություններից, որ վարչական ռեսուրս են կիրառում ընտրությունների ժամանակ, ճիշտ էին ասում, «Ժառանգությունն» էլ ընդդիմադիր էր եւ նորություն չէ այդ ամենը: Բայց այն, ինչ տեսնում ենք այսօր, աննախադեպ է. լկտի, զազրելի հարձակում է գնում իրավունքի վրա, վարչական ռեսուրս, մարդկանց վախեցնել… Եկեղեցու մասին են խոսում, հոգեւորականների դեմ են մի փոքր սլաք բռնել, բայց իրենք են իրենց ուղնուծուծով, փոքրիկ գլխիկով, պստլիկ մարդուկով, ովքեր այս վերջին ամիսների ընթացքում իջեցնում են հրահանգը, ստիպողականությունը, որ պետք է ներկայանաս այս անօրեն պայքարին, լինի դա Վաղարշապատում, Երեւանում, Գյումրիում, Փարաքարում, թե Հովհաննավանքում…»:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, բոլորը պահապանն են Հայոց սուրբ Աթոռի, հայության հավատքի աղբյուրի. «Այժմ այդ Սուրբ Աթոռը հարձակման տակ է՝ տարբեր եղանակներով, այն մարդիկ, որոնք տանուլ տվեցին պատերազմը, մեր 5000 ոսկի տղաներին հանձնեցին հողին, զիջեցին հայրենիք, փաստաթղթեր ստորագրեցին, հիմա աքլորացած «սպեցնազ»-երով, ոստիկաններով ու հատուկ գվարդիաներով սլաք են բռնել ոչ թե արտաքին սպառնալիքների վրա, այլ սեփական քաղաքացիների դեմ՝ լինի աշխարհիկ, հոգեւորական, կուսակցական կամ սովորական մարդ…
Մենք կանգնում ենք նրա համար, որ իրավունքը գերիշխի Հայաստանում, որովհետեւ այդ իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ ընտրողներին, որը պետք է իրացնեք նոյեմբերի 16-ին: Այդ օրը լինելու է իշխանության փոփոխություն Վաղարշապատում, ընդլայնված Էջմիածնում, եւ դրանով պետք է շարունակվի այդ ընթացքը, որը բերելու է մեր ողջ երկրի համապետական ազատագրմանը»:
Ասուլիսն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































