«Իրենք այսպիսով երկու հարց են ուզում լուծել՝ մեզ կռվեցնել սեփականատիրոջ հետ եւ ժողովրդի աչքերին թոզ փչել»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին։
Դավիթ Ղազինյանին խնդրել էինք կարծիք հայտնել ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետեւյալ պնդման վերաբերյալ. «ՀԷՑ-ի նախկին կառավարիչները (գործադիր ղեկավարները) «մեքենայությունների» միջոցով արհեստականորեն նվազեցրել են էլ.էներգիայի՝ բաշխիչ ցանցում առկա իրական կորուստների ցուցանիշները՝ դրանք փորձելով «տեղավորել» ՀԾԿՀ կողմից հաստատված առավելագույն շեմի պահանջների մեջ (2025թ. համար՝ 7%): Եվ միայն մեր կողմից իրականացված բացահայտումների շնորհիվ է ՀԷՑ-ում սկսվել արձանագրվել կորուստների շեշտակի աճ՝ որպես բաշխիչ ցանցում առկա իրական տեխնիկական վատթար վիճակի արդյունք, առավելագույնս մոտ իրական ցուցանիշներին։ Այդ փաստերի հիման վրա քննչական մարմիններում արդեն իսկ նախաձեռնված են մի շարք քրեական վարույթներ. այժմ իրականացվում է նախաքննություն»:
«Իրենց երազանքն է հասնել ինձ, որ ես չխոսեմ, իրենց չթիրախավորեմ՝ օբյեկտիվ առումով։ Ինձ հասնելու համար, իրենց պետք է ցույց տալ, որ ես հրահանգ եմ տվել, բոլոր մասնաճյուղերում ինչ-որ մեքենայություններ անել։ Իրենք մեկ-երկու տեղ թերությունները գտնում են, հետո տասնապատկում-հարյուրապատկում են՝ ասում՝ այսպիսի բան գտանք»,- ասաց բանախոսը։
«Իրենք իրար մեջ խոսելուց ասում են՝ ի՞նչ ասենք, բան չենք գտել»,- հավելեց Դավիթ Ղազինյանը՝ նկատելով, որ Ռոմանոս Պետրոսյանը, որպեսզի արդարացնի իր ասածը՝ պարգեւատրում է տալիս կորուստները մեծացրած ցանցերի պետերին․ «Ես կարող եմ ապացուցել, որ կորուստներն իրենց վատ աշխատանքի արդյունքում են»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ընդհանուր առմամբ, բանախոսի համոզմամբ, ՀԷՑ-ի միջոցով իշխանությունները «լուծում են» Սամվել Կարապետյանի հարցը՝ նրան քաղաքական գործոն չդարձնելու նպատակով․ «Այդ վախը, որ իրենք ունեն Կարապետյանից, դուք չեք պատկերացնում։ Այս «բեսպրեդելը» ինչի՞ համար են անում՝ Կարապետյանին չեզոքացնելու համար։ Իրենք շատ կարճաժամկետ են մտածում․ մտածում են՝ դե միլիարդատեր մարդ է, հեսա մեկ-երկու ամիս կնստի, կգա բանակցությունների, մի բան կպայմանավորվենք, կթողնի, կգնա։ Նույն այս շարքից է նաեւ այն, որ իրենց չի հետաքրքրում, թե պետությունն ինչքա՞ն փող է տալիս։ Մեզ պետք է դա հետաքրքրի։ Արտաքին պարտքը կա ու կա, չէ՞։ Ունեն, չէ՞, որոշակի հովանավորներ այս «բեզպրեդելին»։ Ո՞ւր են եվրոպացիները»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































