«Ադրբեջանի հռետորաբանությունն օգոստոսի 8-ից հետո կտրուկ փոխվել է։ Դա տեսանելի է նաև սահմանին, դա փաստ է։ Երբ խոսում ենք փաստացի խաղաղության մասին, դա հորինված չէ, այլ իրականություն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Լրագրողի փաստմանը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական Արշակ Օրդուխանյանը կալանավորվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և հափշտակության գործերով և հարցին՝ տիրապետո՞ւմ եք՝ ինչով են Ձեր խորհրդականները զբաղվում, Սուրեն Պապիկյանն այսպես արձագանքեց․ «Ես տիրապետում եմ իմ ենթակաների գործունեությանը, այլ խնդիր է, որ Դուք չեք տիրապետում, որ ես նման խորհրդական չունեմ։ Կգնաք, կճշտեք՝ ՊՆ նախարարը նման խորհրդական ունեցե՞լ է, թե՝ ոչ, այնուհետև Ձեր հարցը կկրկնեք»։
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ խաղաղություն է հաստատվել, սակայն Իլհամ Ալիևը հրաժարվում է Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելուց և չի այցելի ՀՀ, Սուրեն Պապիկյանն այսպես արձագանքեց․ «Ուզում եք՝ Ադրբեջանի նախագահի փոխարեն այդ հարցին պատասխանե՞մ։ Չունեմ այդ հարցի պատասխանը, չունեմ տեղեկություն պաշտոնական հրավերի և պաշտոնական պատասխանի մասին»։
Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ ՀՀ զինված ուժերի՝ նոր համազգեստ ունենալու գործընթացի շրջանակում ընթացիկ տարում սպասում են դաշտային համազգեստի առաջին փորձանմուշներին, որը պիտի հետագայում զորամասային, դաշտային փորձարկում անցնի, որին կհաջորդի գնման գործընթաց և ամբողջ բանակի համազգեստի փոփոխությունը»։
Կարդացեք նաև
Հարցին՝ արդյոք կա՞ պայմանավորվածություն ԱՄՆ-ի հետ զենքի, զինամթերքի ձեռքբերման հետ կապված, պայմանագրեր ստորագրվե՞լ են, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Չեմ կարող խոսել պայմանագրերի մասին, բայց կարող եմ ասել՝ դրական դինամիկա կա մեր համագործակցության զարգացման ուղղությամբ»։
Անդրադառնալով այն քննադատություններին, որ կրճատվել է ՀՀ ռազմական բյուջեն Սուրեն Պապիկյանը վստահեցրեց՝ եթե 2024-ի հետ համեմատենք, բնական զարգացման տեմպ է․ «ՀՀ-ն իր կարիքներին համապատասխան շարունակելու է իր բարեփոխումները՝ այդ թվում նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման։ Օգոստոսի 8-ը կարևոր իրողություն է, և չի կարող մեր կողմից չընդունվել՝ որպես կայացած փաստ։ Եվ դա պիտի ունենա նաև իր հետևանքները»։
Դիտարկմանը՝ հնդկական մամուլը գրեց, որ ՍՈՒ-35 ինքնաթիռեր են ներկրվելու ՀՀ, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «ՍՈՒ-30 ՄԿ․ մենք նման պայմանավորվածություն չունենք»։
Սուրեն Պապիկյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































