Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովյան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է 65 հողատարածքներ ապօրինի օտարելու և փողերի լվացման մեջ

Նոյեմբեր 03,2025 19:07

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2008-2015 թվականների ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կ. Գ.-ն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և համայնքի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի ընդհանուր օգտագործման 65 հողատարածքները, այդ թվում՝ հրապարակները, ճանապարհները, զբոսայգիները, պուրակներն ու գործառնական նշանակություններով տարածքներն  ուղղակի վաճառքով կամ կեղծ աճուրդների միջոցով օտարել տարբեր ֆիզիկական անձանց, որի հետևանքով քաղաքացիները զրկվել են համայնքապատկան հողատարածքներից օգտվելու հնարավորությունից:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ հիշյալ հողատարածքները օտարելու ընթացքում Կ. Գ.-ն մի շարք դեպքերում չարամտորեն խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, ինչպես նաև Աբովյանի քաղաքապետարանի պաշտոնատար անձի հետ համատեղ կատարել պաշտոնեական կեղծիքներ, մասնավորապես՝ ստորագրել և հաստատել է հողատարածքները աճուրդ վաճառքով օտարելու վերաբերյալ կազմված բազմաթիվ կեղծ արձանագրություններ: Բացի այդ, իր հետ փոխկապակցված անձանց հետ նախնական համաձայնությամբ, Կ. Գ.-ն օրինականացրել է հանցավոր գործունեության հետևանքով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը (հողատարածքներ)՝ ձևական գործարքների կնքմամբ դրանց նկատմամբ փաստացի ձեռք բերելով սեփականության իրավունք։

Վերը նշված հանցանքների կատարման համար Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2–րդ մասով (64 դրվագ), 308–րդ հոդվածի 1–ին մասով, 190–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին և 3–րդ կետերով (2 դրվագ), 314–րդ հոդվածի 1–ին մասով (49  դրվագ) և 196–րդ հոդվածի 1–ին մասով (8 դրվագ): Վերջինս ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքն ու ամբողջությամբ վերականգնել համայնքին պատճառված 261 մլն ՀՀ դրամի վնասը։

Կ.Գ.–ի նկատմամբ որպես համակցված այլընտրանքային խափանման միջոցներ են կիրառվել 40 մլն ՀՀ դրամի գրավն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը։

Կ. Գ.-ի ու ևս 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930