«Ինչքան ուսումնասիրել ենք, որպես կանոն՝ ոստիկանությունը պատշաճ իրականացրել է իր առաջ դրված խնդիրները։ Ես պիտի փաստեմ, որ ոստիկանությունը տեղում հասարակական կարգ ու անվտանգություն է ապահովում։ Այդ թվակազմն ուժերի ներկայացվածության միտված է նրան, որ նման իրավիճակները կառավարելիության դաշտում լինեն։ Միջանձնային շփումներում որևէ խոսակցություն բացառել չի կարող։
Եթե որևէ մեկը գտնում է՝ կա վիրավորանք, զրպարտություն, դրա համար գոյություն ունի քաղաքացիական դատավարության կարգով վնասի հատուցման ինստիտուտ, և անձինք կարող են դիմել նաև դրա համար։ Եղել են միջանձնային իրավական տրամաբանության մեջ խնդիրներ, որոնք վարույթի առերևույթ փաստական հիմքեր չեն առաջացրել։ Եթե գտնում եք, որ որևէ մեկի նկատմամբ կան առերևույթ հանցանքի տարրեր, ազատ եք ներկայացնելու հաղորդում»,- լրագրողների այն փաստմանը՝ Հովհաննավանքում օպերատորին խոչընդոտել են իրականացնել իր մասնագիտական գործունեությունը, իսկ ոստիկանությունը չի միջամտել, ճեպազրույցում այսպես պատասխանեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Լրագրողի փաստմանը՝ երկու կարմիր բերետավորներ քաղաքացուն գցում են ասֆալտին, դա համաչափ ուժի կիրառում կարո՞ղ է համարվել, թե՝ ոչ, Արփինե Սարգսյանն այսպես պատասխանեց․ «Այստեղ չեմ եկել, որ դետալային մեթոդաբանական գործընթաց ներկայացնեմ ուժային միջոցների գործադրման մասով։ Կա դիմադրություն ցուցաբերող և դիմադրություն չցուցաբերող քաղաքացի․ նրանց բերման ենթարկելու մեթոդաբանական հնարքները տարբեր են։ Եթե հետաքրքիր է, կարող եք հարցադրումներ ուղարկել, կպատասխանենք»։
Իր՝ հավանական պաշտոնանկության մասին հարցերի առիթով և արդյոք Նիկոլ Փաշինյանն իրենից գոհ է, թե՝ ոչ, Արփինե Սարգսյանն ասաց․ «Կարծում եմ՝ վարչապետի անունից ես չէ, որ պետք է գնահատական տամ։ Ես կարծում եմ՝ 2025-ի առաջին ինը ամիսների կտրվածքով նախարարությունն ունի բավականին մեծ ձեռբքերումներ, ունենք ախտորոշված խնդիրներ, որոնք հետևողական լուծման կարիք ունեն, մնացյալ թեմաներով մեկնաբանություն տալ չեմ ուզում»։ Այն, որ Նիկոլ Փաշինյանն իր աշխատանքից դժգոհ է հատկապես Փարաքարի դեպքերի պատճառով և հնարավոր է, որ իր փոխարեն Արգիշտի Քյարամյանը նշանակվի, Արփինե Սարգսյանն այս առիթով ասաց․ «Նման բան չկա։ Ես անհեթեթ լուրերը չեն մեկնաբանում»։
Կարդացեք նաև
Հարցին՝ Դուք Նիկոլ Փաշինյանից հրահանգները հաղորդագրությամբ, մեյլո՞վ, թե ուղիղ զանգով եք ստանում, Արփինե Սարգսյանը պատասխանեց․ «Որպես կառավարության անդամ՝ տարբեր գործիքներով և միջոցներով կարող եմ հաղորդակցվել վարչապետի հետ։ Չեմ տեսնում որևէ խնդիր, որ կարող է հաղորդագրություն լինել, կամ որևէ այլ գործիք կիրառվել»։
Լրագրողների դիտարկմանը՝ կան տեղեկություններ, որ Կաթողիկոսին ձերբակալելուց հետո հաջորդը լինելու են լրագրողները, քանի որ Նիկոլ Փաշինյանն ուժայիններին լրագրողների, խմբագիրների անուններ է տվել և հարցին՝ Ձեզ ցուցակ տվե՞լ են, Արփինե Սարգսյանը պատասխանեց․ «ՀՀ-ում ցուցակներով աշխատանք չկա, ՀՀ-ն իրավական պետություն է, և վարույթները նախաձեռնվում են՝ ըստ փաստերի։ Լինի նախարար, լինի իշխանական թևի, ընդդիմադիր թևի ներկայացուցիչ, լինի լրագրող, հասարակ այլ մահկանացու, եթե հանցանքի այլ տարր կա, բնականաբար վարույթ կնախաձեռնվի։ Ձեր մատնանշած որևէ տեղեկատվություն իրականությանը չի համապատասխանում։
Արփինե Սարգսյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































                        
         