Ի ծնե մտավոր հետամնացություն, հոգեկան առողջության, խոսքի խանգարման խնդիրներ ունեցող Կ.Շ.-ն 2025 թվականի ամառային զորակոչին ճանաչվել էր սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվել։
Կ.Շ.-ն բազմիցս ինքնավնասում և ինքնասպանության փորձեր է կատարել մինչև զինվորական ծառայության զորակոչվելը։ Իսկ զինվորական ծառայության ընթացքում՝ մոր հետ հեռախոսազրույցների ժամանակ, զինծառայողը հաճախակի հայտնել է ինքնավնասում կատարելու ցանկության մասին։
2018 թվականին Կ.Շ.-ի մոտ ախտորոշվել էր թեթև մտավոր հետամնացություն վարքային խանգարումներով ու դիզարթրիայով, իսկ 2025 թվականին՝ «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքում» արձանագրված է եղել Կ.Շ.-ին տրված ախտորոշումը՝ «Միջին աստիճանի մտավոր հետամնացություն, վարքի խանգարումներով, դիզարթրիա, օնիխոֆագիա»։
Նշված ախտորոշմամբ զորակոչիկը պետք է փորձաքննվեր ՀՀ կառավարության 2018 թ N 404-Ն որոշման 1-ին հոդվածի «Ա» կետով և ճանաչվեր ոչ պիտանի զինվորական ծառայության համար։
Կարդացեք նաև
Նշենք, որ ՀՀ կառավարության 2018 թ N 404-Ն որոշման 1-ին հոդվածի «Ա» կետով փորձաքննվում են մտավոր հետամնացության (սակավամտության) չափավոր, խորը և ծանր արտահայտված տեսակները, ինչպես նաև վարքային խանգարումներով ուղեկցվող թեթև աստիճանի, մտավոր այլ և չճշտված հետամնացությունները:
Փաստացի N 404-Ն որոշման 1-ին հոդվածի «Ա» կետով փորձաքննելու և զինվորական ծառայությանը ոչ պիտանի ճանաչելու փոխարեն զորակոչիկը 2025 թ. ամառային զորակոչին փորձաքննվել էր մեկ այլ՝ 7-րդ հոդվածի «Գ» կետով՝ ճանաչվելով սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար։ 7-րդ հոդվածի «Գ» կետով որով փորձաքննվում են բուժմանը ենթարկվող և լավացումով ավարտվող թեթև և կարճատև արտահայտություններով հոգեկան գործունեության խանգարումներ (օբսեսիվ, կոմպուլսիվ, ֆոբիկ, հիստերիկ բնույթի) ունեցող զորակոչիկները:
2025 թ հուլիսի 29-ից ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարին և Զինվորական կոմիսարի պաշտոնեական պարտականությունների կատարողին՝ զինծառայողին համապատասխան բժշկական հետազոտությունների ենթարկելու ուղեգրման, առողջական վիճակին համապատասխանող հոդվածներով փորձաքննելու և զինվորական ծառայությունից վաղաժամ զորացրելու պահանջով։ Ի պատասխան Զինվորական կոմիսարի պաշտոնեական պարտականությունների՝ կատարողը, հղում կատարելով զորակոչի շրջանակներում Կ.Շ.-ին տրված ախտորոշումներին, ընդամենը վկայակոչել էր ՀՀ կառավարության 2018 թ N 404-Ն որոշման այն հոդվածը, որով սահմանվել էր զինվորական ծառայությանը Կ.Շ.-ի պիտանիությունը։
Փաստացի, զինծառայողի իրական առողջական վիճակի լրջությանը և Կազմակերպության կողմից բարձրաձայնված խնդրին ի սկզբանե կարևորություն չտրվեց։
Օգոստոսի 21-ին զինծառայողի առողջական վիճակը կտրուկ վատթարացավ, ինչից հետո նրան Կապանի զորամասից տեղափոխեցին Երևանի կայազորային հոսպիտալ։ Սակայն հոսպիտալում նրան հրաժարվեցին ընդունել՝ պատճառաբանելով, որ չկան առողջական խնդիրները հավաստող փաստաթղթեր։ Արդյունքում, առանց որևէ բժշկական հետազոտության, զինծառայողին նույն օրը ուղարկեցին զորամաս։
Նույն օրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանդես եկավ հրատապ հայտարարությամբ և պահանջով՝ զինծառայող Կ.Շ.-ին շտապ հոսպիտալ տեղափոխելու ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու և զինվորական ծառայությունից վաղաժամ զորացրելու վերաբերյալ։
Հոկտեմբերի սկզբին զինծառայողը հոսպիտալից ուղարկվեց մեկամսյա վերականգնողական արձակուրդի, որի ավարտին՝ հոկտեմբերի 30-ին, զինծառայողը ճանաչվեց ոչ պիտանի զինվորական ծառայության համար և վաղաժամ զորացրվեց զինծառայությունից։
Այս դեպքը վկայում է, որ զորակոչային բժշկական փորձաքննության ընթացակարգերում առկա են իրավական և գործնական բացեր, որոնք թույլ են տալիս բժշկական ախտորոշմամբ զինվորական ծառայությանը ոչ պիտանի զորակոչիկներին ճանաչել սահմանափակումով պիտանի՝ հիմնվելով այլ՝ զորակոչիկի իրական առողջական վիճակը չբացահայտող ախտորոշման վրա։
Վերստին ընդգծում ենք զորակոչիկների և զինծառայողների իրական առողջական վիճակը բացահայտելու համար վերջիններիս օբյեկտիվ, անկողմնակալ և ամբողջական բժշկական հետազոտությունների ենթարկելու և վերջիններիս իրական առողջական վիճակն արձանագրելու կարևորությունը։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով մտավոր խնդիրներ ունեցող զինծառայողների՝ զինվորական պարտականությունների արդյունավետ իրականացման խոչընդոտները և կարևորելով զինծառայողների առողջության վատթարացման կանխարգելումը, ինչպես նաև մյուս զինծառայողների անվտանգության ապահովումը՝ ընդգծում ենք Կազմակերպության այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է ընդունել զորակոչիկների և զինծառայողների համար բարենպաստ իրավական ակտ՝ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելով «Մտավոր հետամնացություն» ախտորոշում ունեցող զորակոչիկներին։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ


















































