Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունների անպատասխանատու քայլերի պատճառով լարվում են հայ-վրացական հարաբերությունները. Գառնիկ Դանիելյան

Նոյեմբեր 03,2025 23:50

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Օրվա իշխանությունների անպատասխանատու քայլերի պատճառով լարվում են հայ-վրացական հարաբերությունները։

Եվրանեսթի ԽՎ վերջին լիագումար նիստի շրջանակում Երևանում ընդունված բանաձևին հայ իշխանական պատգամավորների միանալը դժգոհություն է առաջացրել Վրաստանում։

Առանց այդ էլ, վերջին շրջանում վրացական կողմի հետ հարաբերություններն այնքան էլ բարիդրացիական չեն թվում՝ չնայած պատկան մարմինների հավաստիացումներին, թե ամեն ինչ կարգին է։

Դրա հետևանքները ոչ միայն քաղաքական են, այլև տնտեսական։ Վրաստանի հետ առևտրային և տնտեսական կապերի զարգացումը մեր պետության համար ունի ռազմավարական նշանակություն։ Վրաստանի տարածքով իրականացվում են տարանցիկ բեռնափոխադրումներ դեպի երրորդ երկրներ։ Իհարկե, այստեղ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, և ժամանակ առ ժամանակ առաջանում են խնդիրներ։ Վերջին ցայտուն օրինակներից է վրացական սահմանին ալկոհոլային խմիչքների արտահանման խոչընդոտումը։

Այս խնդիրները, գուցեև, ունեն քաղաքական ենթատեքստ, բայց իշխանությունը հենց նրա համար է, որ ձեռքի տակ եղած լծակների բանեցմամբ հասնի խնդիրների լուծման։ Մինչդեռ, սրանք զբաղված են ամեն ինչով՝ եկեղեցու դեմ արշավով, ընդդիմադիրներին հալածելով, բացի իրենց բուն գործառույթներն իրականացնելուց։

Ի՞նչ են մտածել իշխանական պատգամավորները՝ կողմ քվեարկելով մի բանաձևի, որով հարցականի տակ են դնում վրացական իշխանության լեգիտիմությունը։

Տպավորություն է, որ օրվա իշխանությունն այսպիսի քայլերի է գնում հստակ նպատակադրմամբ՝ վատթարացնելու Վրաստանի հետ հարաբերությունները։

Բնականաբար, այս քայլերն ունենալու են հետևանքներ, ինչից տուժելու է մեր տնտեսությունը, ծանր կացության մեջ են հայտնվելու տնտեսվարողները»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930