Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում վերահարձակվում են օտար երկրի ծագում ունեցող հեռուստաալիքներ, որոնք սպառնալիք են․ Տիգրան Հակոբյան

Նոյեմբեր 04,2025 16:31

Հայաստանում վերահարձակվում են օտար երկրի ծագում ունեցող հեռուստաալիքներ, որոնք սպառնալիք են Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար եւ հարցը միայն ռուսական ալիքներին չի վերաբերվում․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Խնդիրը միայն քաղաքական ազդեցությունները չեն, վատ որակի հեռուստասերիալը՝ այլ արժեքային համակարգ թելադրող․ ինքը եւս վտանգ է, բայց մեր կողմից չզգացվող։ Այսինքն, այդ հիբրիդային պատերազմների վտանգը շատ ծավալուն եւ մեծ թեմա է»,–ասաց Տիգրան Հակոբյանը՝ հավելելով, որ դրա դեմ պայքարելու տասնյակ գործիքներ կան։ Օրինակ բերեց՝ Եվրոպայում բավականին լուրջ ակտեր են ընդունել․ «Մենք արհեստական բանականության վտանգների մասին դեռ նույնիսկ պատկերացում չունենք։ Իրենց կողմից արհեստական բանականության գործիքակազմով ստեղծված դիփֆեյք, այդ տեսալսողական բովանդակությունը ինքը կարող է քանդել ամբողջ երկիրը, որովհետեւ մենք դյուրահավատ, շատ մեծ մեդիագրագիտություն չունեցող հասարակություն ունենք, որը կարող է հավատալ ամեն մի հիմարության, որը կարող է ստեղծվել արհեստական բանականության գործիքակազմի միջոցով»։

Խոսելով հայաստանյան հեռուստաընկերությունների մասին էլ՝ ՀՌՀ նախագահն ասաց, որ դրանք հայտնվել են ճգնաժամային իրավիճակում՝ գովազդի մասին օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում, որոնցով արգելվել է շահումով խաղերի գովազդը․ «Որովհետեւ երբ որ 2020 թվականին վերջին անգամ հեռուստաընկերությունները լիցենզավորվել են մեր կողմից, նրանք տվել են իրենց պայմանները, առաջարկները կամ իրենց կատարելիք բովանդակությունը, հաշվարկել են այն բյուջեն, որի միջոցով կարող են կատարել իրենց վրա վերցրած պարտավորությունները։ Իսկ պարտավորությունները լիցենզավորված կազմակերպությունների համար շատ-շատ են՝ 20 տոկոս հանրօգուտ հաղորդումներ, մեծ մասը պետք է հայերեն թարգմանված լինի, նրանք պիտի պաշտպանեն հեղինակային իրավունքը, ինչը չեն անում, օրինակ, օնլայն հարթակները։ Դրանից հետո հաշվարկել են, որ կստանան այսքան բյուջե, որով կկարողանան կատարել իրենց պարտականությունները։ Դրանից հետո Ազգային ժողովն արգելում է շահումով խաղերի գովազդը, հետո գազավորված ըմպելիքների գովազդը, հետո ասում է՝ դու ամեն ինչը ժեստերի լեզվով պետք է թարգմանես խոցելի խավերի համար։ Այսինքն, բովանդակության պատրաստումը թանկանում է, եկամուտները իջնում են։ Իհարկե, շահումով խաղերը չպիտի լինեն, իհարկե, ալկոհոլի, խմիչքների գովազդը չպետք է լինի, բայց պետությունը նաեւ պետք է մտածեր, որ այս պայմաններում հեռուստաընկերությունները օժանդակության կարիք ունեն, որպեսզի նրանք չհասնեն այս վիճակին»։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930