Լրահոս
Օրվա լրահոսը

Վայքի համայնքապետի հիմնած ընկերության հետ 2.7 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել. «Հետք»

Նոյեմբեր 04,2025 18:06

«Հետք». Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրում կրթահամալիր կառուցելու նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը 2024 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 105 մլն 719 հազար դրամ է։ Պայմանագրով նախատեսված է Մարտիրոս բնակավայրում կառուցել դպրոց՝ 144 աշակերտի համար, և մանկապարտեզ՝ 80 երեխայի համար։

«Մավշին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013 թվականին։ Ընկերության հիմնադիրը Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն է։ 2022 թվականին, համայնքապետ ընտրվելուց հետո, Մաթևոսյանն ընկերությունը փոխանցել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Մաթևոսյանը թողել է նաև ընկերության ղեկավարի պաշտոնը։ «Մավշին» ՍՊԸ-ի տնօրեն է սկզբում դարձել Մերի Մարգարյանը, իսկ 2022-ի նոյեմբերից՝ Արտակ Հովհաննիսյանը։ Նա 2025 թվականի փետրվարին դարձել է «Մավշին»-ի 100% բաժնետերը։ Իսկ Մերի Մարգարյանը դարձել է «Մավշին» ՍՊԸ-ի տնօրենի օգնական։

Եվս մեկ խոշոր պայմանագիր «Մավշին» ՍՊԸ-ի հետ կնքվել է 2024-ի մայիսին։ Վայք համայնքի Արփի բնակավայրում 144 աշակերտի համար նախատեսված դպրոցի և 40 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման համար «Մավշին»-ը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից ստացել է 1 մլրդ 93 մլն դրամ։

2022-2025 թվականներին, երբ Մխիթար Մաթևոսյանը զբաղեցրել է Վայքի համայնքապետի պաշտոնը, տարբեր գերատեսչություններ «Մավշին» ՍՊԸ-ի հետ կնքել են 7 պայմանագիր, ընդհանուր 2 մլրդ 742 մլն դրամ արժեքով։ Այս պայմանագրերից 4-ը կնքվել են Վայքի համայնքապետարանի հետ, 2022-ին։

Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ

Մխիթար Մաթևոսյանին 2019-ին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար։ Այդ ժամանակ ընկերության միակ մասնակիցը և տնօրենը Մխիթար Մաթևոսյանն էր։

2021-ի հոկտեմբերին Քննչական կոմիտեից «Փաստերի ստուգման հարթակի» գրավոր հարցին ի պատասխան տեղեկացրել են, որ 2021-ի հուլիսին քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Պետբյուջե վերականգնում չի եղել, քանի որ առերևույթ պատճառված վնասը նախաքննությամբ չի հիմնավորվել։

Արմեն Ղազարյան,
Արեն Նազարյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930