Հայաստանի ծանրորդները Դուրրեսում ավարտված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների ու երիտասարդների առաջնության վերջին օրը շարունակեցին մեդալների բերքահավաքը: Այսօր մրցահարթակում մեր 23 տարեկան հինգ ծանրորդներն էին:
94 կգ քաշային կարգում Մնացական Աբրահամյանը նախ պոկում վարժությունում 160 կգ-ով բավարարվեց փոքր բրոնզով, ապա հրումում ցույց տվեց 201 կգ՝ նվաճելով փոքր ոսկին եւ երկամարտի 361 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Աղջիկների պայքարում +86 կգ քաշային Մերի Թումասյանը 98+120=218 կգ-ով ճանաչվեց չորրորդը:
Հետաքրքիր պայքար ստացվեց տղաների 110 կգ քաշային կարգում, որտեղ հանդես էին գալիս Գարիկ Կարապետյանն ու Պետրոս Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Գարիկ Կարապետյանը պոկումում 182 կգ-ով փոքր ոսկի նվաճեց, իսկ հրումում բարձրացրեց 215 կգ ու արժանացավ փոքր արծաթի: Իսկ երկամարտում նրա արդյունքը 397 կիլոգրամ էր, ինչը նրան բերեց չեմպիոնի կոչումը: Հետաքրքիր է, որ Պետրոս Պետրոսյանը պոկում վարժությունում զրո ստանալուց հետո չցանկացավ Ալբանիայից դատարկաձեռն տուն վերադառնալ: Նա մասնակցեց նաեւ հրում վարժությանը եւ գլխավերեւում պահելով 221 կիլոգրամը՝ նվաճեց փոքր ոսկին՝ շրջանցելով նաեւ իր թիմակից Գարիկ Կարապետյանին:
Ավանդույթի համաձայն ծանրորդների պայքարը եզրափակելու պատիվը վստահվել էր տղաների գերծանր քաշայիններին, որտեղ գերազանց հանդես եկավ Աշոտ Մովսիսյանը: Ճիշտ է նա 168 կգ-ով պոկում վարժությունում 3-րդն էր, սակայն հրումի նրա 216 կիլոգրամը, ինչպես նաեւ երկամարտի 384 կիլոգրամը Եվրոպայի չեմպիոնի մեդալներ դարձան:
Այսպիսով, Հայաստանի ծանրորդները Եվրոպայի Մ23 եւ երիտասարդական առաջնությունում երկամարտի արդյունքով նվաճեցին յոթ ոսկե մեդալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































