Լրահոս
Օրվա լրահոսը

«Զրոյական կետից» սկսելու մոլուցքը

Նոյեմբեր 05,2025 12:30

Ընդունե՞լ, որ մեր վարքը պայմանավորված է նաեւ անցյալով, թե՞ ձեւ անել, որ նոր ենք ծնվել

Մի հարց եմ ինձ տալիս, որը միայն առաջին հայացքից է վերացական կամ զուտ տեսական, «փիլիսոփայական» թվում: Իրականում անմիջական կապ ունի մեր այսօրվա իրականության հետ: Արդյոք ես այս մոլորակում ներկայացնում եմ միայն ինքս ի՞նձ, թե՞ նաեւ, օրինակ, իմ ծնողներին, իմ նախնիներին: Կամ գուցե ինձ նման մտածող (հավանաբար, փոքրաթիվ) մարդկանց:

Հարցն արդիական է հետեւյալ պատճառով: Եթե ես միայն ինձ եմ ներկայացնում, ուրեմն ամեն ինչ ես եմ ընտրել, եւ իմ ազգությունը, կրոնը, սեռը, մարմինը ես ազատ եմ փոխել, ընդ որում, դա անել պարբերաբար, մի քանի անգամ: Այսօր ես քրիստոնյա եմ, վաղը բուդդիստ, մյուս օրը՝ մահմեդական: Կամ՝ այսօր ես տղամարդ եմ, վաղը՝ կին եմ, իսկ այնուհետեւ՝ «որոշ մասերով»՝ կին, «այլ մասերով»՝ տղամարդ: Կամ՝ շուն: Ի՞նչն է ինձ այս մոտեցման դեպքում խանգարում ընդհանրապես մարդ չլինել:

Այդ մոտեցման համաձայն՝ իմ հետեւում, ինձնից առաջ ոչինչ չկա: Ինձ ոչինչ չի պարտադրում լինել տղամարդ, հայ կամ, եթե թույլ տաք «փիս բառ» օգտագործել՝ մտավորական: Ըստ այդ տրամաբանության՝ իմ անձնական պատմությունը սկսվել է «զրոյական կետից»՝ 1960 թվականից: Դրանից առաջ ոչինչ չի եղել՝ օրինակ, գոյություն չունեն այն գրքերը, որոնք  գրվել են ինձնից առաջ: Չէ, կրթվելն, իհարկե, կարեւոր է: Բայց՝ միայն «փող շինելու» համար: Որքան կրթվում ես, այնքան քո նյութական բարիքները շատանում են, եթե չկրթվես՝ աղքատ կմնաս: Բայց մնացած իմաստներով, համաձայն «նորաձեւ կրթության», գիտելիքը, մշակույթը բեռ է, որը սահմանափակում է իմ ազատությունը:

Ես անձամբ այդ «նորաձեւ» եղանակով չեմ կարող ապրել: Անընդհատ հետադարձ հայացք եմ գցում այն չափանիշների վրա, որոնք գոյություն են ունեցել ինձնից առաջ: Ես կարող եմ դրանցից որոշներից հրաժարվել, կարող եմ նաեւ դրանց մի մասը վերանայել՝ բացատրելով, թե ինչու: Բայց վերցնել բոլորը եւ միանգամից, չարությամբ եւ ագրեսիայով գցել աղբարկղը՝ ոչ, ես չեմ կարող:

Եթե ես չեմ սկսվել «զրոյական կետից», ապա իմ երկիրը՝ առավել եւս: Անձի դեպքում զուտ ձեւականորեն նշվում է ինչ-որ տարեթիվ: Իսկ ո՞րն է Հայաստանի «զրոյական կետը»՝ 1918՞, 1920՞, 1991՞: Եթե որեւէ թիվ ընդունենք, ապա թերեւս կարող ենք համաձայնել այսօրվա բոլշեւիկների հետ, եւ ասենք, որ 2018-ից առաջ ոչինչ չի եղել: Բայց իրականում 5 հազար տարվա ընթացքում նման «կետեր» շատ են եղել: Եվ դարձյալ՝ արդյո՞ք պետք է մեր վարքի մեջ հաշվի առնենք այդ կետերը, թե՞ ամեն օր ձեւ անենք, թե նոր ենք ծնվել:

Դեռեւս նախորդ դարի 50-ական թվականներին գերմանացի փիլիսոփա Մարտին Հայդեգերը գրում էր ներկայի, առկայի բացարձականացման մասին: Սուբյեկտը մերժում է անցյալը՝ հանուն առկայի: Նրան այլեւս ոչինչ չի կանխորոշում:

Սուբյեկտն ինքն է ամեն ինչ ընտրում եւ հենց ա՛յս պահին է կերտում իր հոգին ու նույնիսկ, ինչպես գիտենք, մարմինը:

Եվ այստեղ փիլիսոփան առաջ է բերում «վրեժխնդրություն» հասկացությունը: Սուբյեկտը վրեժ է լուծում անցյալից, ոչնչացնում է անցյալը, այն ամենը, ինչը խանգարում է նրան լինել ինքն իր պատճառը: Եթե անցյալը մոռացվում է, ապա չկա ընտրություն նաեւ ներկայում, եւ դու շարժվում ես որոշակի արահետով, չկա նաեւ ապագա, կա միայն ներկայի շարունակությունը:

Ահա թե որտեղից է, իմ կարծիքով, գալիս այն ագրեսիան, մերժողականությունը անցյալի նկատմամբ, եթե կուզեք՝ անհավատությունը, ցինիզմը, որը հատուկ է բոլշեւիկյան «բռնկումների» ժամանակաշրջաններին: Ընդ որում, կարեւոր չէ, թե որ բոլշեւիկներն են գլուխ բարձրացրել՝ «սոցիալիստական», թե «ազատական», ինչպես հիմա: Կարեւորը «զրոյական կետից» սկսելու մոլուցքն է:

Ինչպես է այդ ամենն ավարտվում: Իհարկե՝ աղետով: Աղետ, որ, ցավոք, հնարավոր չէ կանգնեցնել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Van says:

    Հիմնական մտքի հետ համաձայն եմ, բայց բերված օրինակները միանշանակ չեն։ Ճիշտ կլիներ սկզբից նշեիք, թե ինչ է ազգությունը և սեռը ըստ ձեզ։
    · Ազգությունը գեներով է որոշվում, թե՞ մտածելակերպով։ Ֆիլիպ Կիրկորովը, որ հայկական արմատներ ունի, բայց չի ընդունում իրեն հայ, չի մտածում ու չի խոսում հայերի նման, նա հա՞յ է։ Կամ եթե գեներով է որոշվում, ապա քա՞նի տոկոս հայի գեն մարդ պիտի ունենա, որ հայ համարվի։
    · Սեռը քրոմոսոմներով է որոշվում, թե՞ ֆիզիոլոգիայով։ Մեր դեպքում թե քրոմոսոմները, թե ֆիզիոլոգիան նույն բանն են ասում, բայց կան մարդիկ, որոնց մոտ դա այդպես չէ։ Օրինակ՝ ոմանք ծնվել ու ամբողջ կյանքում ապրել են կնոջ կյանքով, ունենալով կնոջ ֆիզիոլոգիա և մտածելով, որ նրանք կին են, բայց հետագայում պարզվել է, որ նրանք XY քրոմոսոմներ ունեն։ Փաստացի, այդ մարդիկ պետք է տղա ծնվեին, բայց Y քրոմոսոմի վնասված գենի պատճառով ծնվել են ֆիզիոլոգիապես աղջիկ։ Հիմա նրանք աղջիկ են թե՞ տղա։

  2. Այսօր, նոյեմբերի 13ն է, 2025թ.:
    Հիշենք այս պատմական օրը` նիկոլն ճանաչեց որ հավերի ու խոզերի վարչապետ է` ‘…Հայաստան գնացք է մտել Ադրբեջանի տարածքով ու բերվել է ցորեն։ Այդ ցորենի մի մասը կարող են հավերին տալ,… Այդ հավի ածած ձուն մեր երեխեքը չեն ուտելո՞ւ, այդ հավի միսը մեր երեխեքը չեն ուտելո՞ւ, թեփը կարան տան խոզերին’:
    Սենց բան նույնիսկ ԽՍՀՄ-ը չի արտադրել:
    Իսկապես որ, ‘Animal farm’:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930