«Դուք խնդիրը գցում եք հարկայինի վրա, հարկայինը գցում է ձեր վրա եւ անմեղ դեմքով ասում է՝ մենք ի՞նչ կապ ունենք քննչականն է մեղավոր: Հարկայինի աշխատողները շատ «կուլտուրական» ներխուժում են տնտեսվարողների գործունեության վայր, առաջարկում են իքս գումարի հարկ վճարել, հակառակ դեպքում սպառնում են՝ ձեզանով կզբաղվեն քննիչները: Քննիչները տվյալ բիզնեսմենին առաջարկում են իքս գումարի վճարում անել ինչ-որ հաշվեհամարի, որը հետո հաշվարկ կանեն, վերադարձ կարվի կամ չի արվի: Հակառակ դեպքում սպառնում են կալանավորել կամ տվյալ անձնավորությանը կամ այն մարդուն, ում անունով այդ բիզնեսն է »,- Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին կատարվածը որակելով պետական ռեկետ: Նաեւ հետաքրքրվեց, թե Հայաստանում քանի քննիչ կա:
Պատգամավորի հաջորդ հարցերը վերաբերում էին քաղբանտարկյալներին. «Երբ եք Սամվել Կարապետյանի գործն ուղարկելու դատարան, «զադերժկան» ինչումն է, Միքայել Աջապահյանի մասով՝ մի դեպքում դատախազությունն ասաց, որ որեւէ խնդիր չկա, հանցակազմ չկա, մի 6 ամիս հետո որոշեց, որ այդուհանդերձ հանցակազմ կա: Դուք որպես քննչականի նախագահ՝ այս մասով խնդիր տեսա՞ք, թե՞ չտեսաք, եւ տիկին դատախազի հայտարարությունը, գործ հարուցելը ձեզ համար իրավիճակի ճշմարտացի պատկե՞րն էր:
Պարոն Պողոսյան,այս ընթացքում բազմաթիվ գաղտնալսումների, գաղտնի տեսանկարահանումների դեպքերի ականատես ենք եղել մամուլում , հետաքրքիր է, որեւէ դեպքով ձեր մտքով չանցա՞վ գործ հարուցել»: Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց, թե 1 տոննա կոկայինի գործը երբ է ուղարկվելու դատարան, ինչ եղավ այդ գործը:
Կարդացեք նաև
Քննչական կոմիտեի նախագահը հարկերի մասերով պարզաբանեց, թե ինչպես է քննչական մարմինը գործողությունները պլանավորում եւ չհամաձայնեց Խամոյանի արած՝ պետական ռեկետ ձեւակերպման հետ:
Միքայել սրբազանի հետ կապված դեպքի վերաբերյալ էլ նշեց. «Երբ անձը հանցագործության մասին հաղորդում է տալիս, երկու ընթացակարգ գոյություն ունի՝ վարույթ նախաձեռնել կամ չնախաձեռնել: Առաջին դեպքում քննիչը վարույթ է նախաձեռնում, ուղարկում է հսկող դատախազին, որն իր լիազորությունների շրջանակում կամ արարքի իրավաբանական գնահատականի կամ փաստական նկարագրության հետ կապված լիազորված է փոփոխություն կատարելու հանձնարարություն տալ: Երկրորդ դեպքում վարույթ չի նախաձեռնվում»:
Պողոսյանը հավելեց, որ սրբազանի դեպքում քրեադատավարական արգելք, չվերացված որոշում առկա չի եղել, որպեսզի վարույթ նախաձեռնվի: Նաեւ նշեց, որ կոռեկտ չի համարում հրապարակային դատաքննության պարագայում եւս մեկ անգամ անդրադառնալ այն հարցերին, որոնք պաշտպանության կողմը բարձրացրել է:
Ինչ վերաբերվում է կոկայինի գործին՝ այս մասին էլ ասաց. «Որ պահից սկսած՝ ես որպես Քննչական կոմիտեի նախագահ ձեզ հստակ օրով ժամով ասեմ գործը երբ է դատարան է գնալու, դա լուրջ չի ընկալվի»:
Նիստն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































