«Ձեզ թվում է՝ ես նմա՞ն եմ մարդու, ով կարող է փախչե՞լ»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ես որտե՞ղ եմ փախել, որ այստեղ փախնեմ։ Նույնիսկ եթե ես վստահ լինեմ, որ Հայաստանի որեւէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես այս երկրից չեմ հեռանա։ Էս իմ երկիրն է, իրենց երկիրը չի։ Իմ երկիրն է։ Ես իմ երկրից ո՞ւր պիտի փախչեմ։ Ի՞նչ օպերատիվ տվյալ, այդ օպերատիվ տվյալներով, ես արդեն վաղուց պիտի փախած լինեի»,- հավելեց Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք, դատարանն այսօր հրատապ նիստ էր հրավիրել Սերժ Սարգսյանի գործով՝ դատախազության պահանջով։ Դատախազությունն օպերատիվ տվյալներ էր ստացել, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է լքել Հայաստանը եւ հրատապ միջնորդություն էր ներկայացրել՝ խափանման միջոցը՝ հանրապետությունից չբացակայելու արգելքը, վերականգնել։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով մեղադրանքի կողմի միջնորդությունը մերժելու, բացակայելու արգելք խափանման միջոց չկիրառելու դատարանի որոշումն՝ ասաց․ «Եթե չնչին հիմնավորված բան լիներ՝ դատարանը կբավարարեր միջնորդությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հակակոռուպցիոն դատարանում Սերժ Սարգսյանին վերաբերվող երկու՝ միավորված գործեր են քննվում․ մեկը քննում է դատավոր Գիվի Հովհաննիսյանը, մյուսը՝ Արամ Գրիգորյանը։ Այսօր, 14․30-ին կքննվի նաեւ Արամ Գրիգորյանի նախագահությամբ ընթացող գործերով Սերժ Սարգսյանի խափանման միջոցի հարցը՝ կրկին դատախազության ստացած օպերատիվ տվյալների հիման վրա՝ հանրապետությունից բացակայելու արգելքը վերականգնելու մասին։
Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, երկու գործ էր քննվում. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ՝ Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքներում գտնվող «Տոյոտա» ավտոսրահին պատկանող հողատարածքների գործը։ Այս գործով երրորդ նախագահին մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար, էժան գնով է վաճառել: Իշխանությունը շահարկում է հողակտորների՝ Եռաբլուրին մոտ լինելու հանգամանքը, սակայն այդ հողակտորները մեծամասամբ Եռաբլուրի դիմացի մայթին են, դրանց մի մասն էլ Չինաստանի դեսպանատան կառուցմանն է հատկացվել։ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է` քաղաքացիաիրավական գործարքները դատախազությունը քրեականացրել է։ Մյուս գործը գործարար Սիլվա Համբարձումյանի՝ «դարի կաշառքների» գործն է, որով անցնում են բազմաթիվ պետական պաշտոնյաներ։ Այս գործով վաղեմության ժամկետը լրացել է դեռ երկու տարի առաջ: Դատավորը միավորեց գործերը։ Նախագահ Սերժ Սարգսյանին վերաբերվող այլ վարույթներ էլ կան, պայմանական ասած՝ «Բաղդասարովի գործը»:
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































