Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչականի ղեկավարը չգիտի՝ ինչու են Փաշինյանի գրառումներն ու իրավապահների գործողությունները համընկնում

Նոյեմբեր 05,2025 13:33

Լրագրողի հարցին՝ Սամվել Կարապետյանի «Մեր ձեւով» արտահայտության տակ ի՞նչ են տեսել, որ գործարարը շարունակում է կալանավորված մնալ, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ճեպազրույցի ժամանակ հետեւյալ կերպ արձագանքեց. «Մենք ինչ տեսել ենք կոնկրետ հանցակազմի տիրույթում, արտացոլված է մեղադրանքի մեջ, եւ ավել մեկնաբանություն չեմ կարող տալ… Արտացոլված է մեղադրանքի փաստական նկարագրության մեջ, տրված է վերջնական իրավական գնահատական»: Նա նաեւ հավելեց, որ նախաքննության ավարտից հետո կլուծվի նաեւ քրեական վարույթի ելքը:

Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումնե՞րն են ուղղորդել իրավապահ համակարգին, Քննչական կոմիտեի նախագահը բացասական պատասխանեց: «Ես արդեն նշեցի՝ մեղադրանք առաջադրել ենք, մեղադրանքի փաստական նկարագրության մեջ արտացոլված է, թե հանցակազմի էությունը որն է, եւ տրված է դրա իրավաբանական որակումը… Հիմա դուք ինձ ասում եք՝ մեղադրանքի էությունը պարզաբանի…»,-բորբոքվեց Պողոսյանը:

Հաշվի առե՞լ են Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանում ապրելը, կապերը, դրամական միջոցները՝ հետաքրքրվեց մեկ այլ լրագրող: Քննչական կոմիտեի նախագահն ասաց, որ գործը դեռեւս նախաքննության փուլում է, դրան պատասխանելու համար ստիպված կլինի որոշ փաստական տվյալներ մեջբերել, ինչը չի կարող անել, եւ բոլորը հնարավորություն կունենան հարցեր ուղղելու միայն այն ժամանակ, երբ գործն արդեն դատական վախճան կունենա:

Հարց հնչեց՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգները SMS-ո՞վ, թե էլեկտրոնային փոստով է ստանում: «Կոմիտեի ղեկավարի եւ երկրի գործադիր իշխանության ղեկավարի հարաբերությունները սահմանված են օրենքով, հիմա դուք այնպիսի հարց եք բարձրացնում, որին թույլ տվեք չպատասխանել» ,-ասաց Պողոսյանը: Նա ասաց, որ չգիտի, թե Նիկոլ Փաշինյանի գրառումների եւ իրավապահ մարմինների գործողությունների համընկնումներն ինչով են պայմանավորված:

Լրագրողի հարցին, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Վեհափառին ձերբակալելուց հետո անցնելու են խմբագիրներին, լրագրողներին, ձերբակալությունների ի՞նչ ցանկ է տվել իրեն Նիկոլ Փաշինյանը, Քննչական կոմիտեի նախագահն այսպես պատասխանեց. «Ես ցանկ չունեմ, մենք ցանկով չենք առաջնորդվում, ցանկը ձեր վառ երեւակայության արդյունքն է, մենք առաջնորդվում ենք օրենքով եւ իրավական պրոցեսներով»:

Նորմա՞լ է համարում հոգեւորականների հանդեպ վերաբերմունքը, երբ 7-8 ժամ հարցաքննում են եւ թույլ չեն տալիս փաստաբաններին ներս մտնել, կամ արդյոք արդարացնո՞ւմ է գործողությունները, որ կատարվել են տեր Վրթանես քահանա Բաղալյանի տանը՝ խուզարկության ժամանակ, երբ թույլ չեն տվել քահանային փոխել գիշերազգեստը, վերցրել են նրա եւ ընտանիքի անդամների հեռախոսները, պլանշետները, անձնական իրերը, արդյոք հրահանգ ունեն նսեմացնելու հոգեւորականների անձը: «Ձեր մոտ թյուր կարծիք է ձեւավորվել, առավելագույնս հարգանք են ցուցաբերվում դատավարության բոլոր մասնակիցների նկատմամբ: Քանի որ մամուլում հրապարակումներ եղան, որ ինչ-ինչ իրավունքներ սահմանափակվել են, իմ հանձնարարականով ծառայողական քննություն է իրականացվում»,- հարցի առնչությամբ ասաց Քննչական կոմիտեի ղեկավարը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930