Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թե սգո, այլ հիշատակի օր». առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր

Նոյեմբեր 05,2025 16:18

«Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» գործող օրենքը սահմանում է, թե ովքեր են հավերժացման ենթակա: Սահմանվում են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձեւերը: Դրանց շարքում է նաեւ հիշարժան օրերի եւ համապետական հիշատակի օրվա ընդունումը, ինչը, ըստ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի, այս 25 տարիների ընթացքում չի արվել:

Առաջարկվում է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել եւ հունվարի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր: Օրենսդրական առաջարկի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանն ու Գեղամ Նազարյանը:

Օրինագծի համահեղինակ Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ հունվարի 27-ն է ընտրվել, քանի որ այն որեւէ կոնկրետ ռազմական իրադարձության հետ կապ չունի, բայց ունի որոշակի տրամաբանություն եւ խորհուրդ: «Ընտրել ենք հունվարի 27-ը՝ որպես Բանակի օրվան՝ հունվարի 28-ին նախորդող օր»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը եւ հավելել, որ հունվարի 28-ին ավանդաբար պաշտոնյաները եւ այլ անձինք այցելում են Եռաբլուր ու օրը սկսում զոհերի հիշատակը հարգելով: Առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել ոչ թե սգո, այլ հիշատակի օր:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կարծիք է հայտնել, որ այդ օրը Բանակի օրվա հետ է կապվում եւ առաջարկել է առանձին օր նշանակել: ՀՀ ԱԺ փոխնախագահ, օրինագծի համահեղինակ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում այլ օր սահմանելու հիմնավորված ու փաստարկված առաջարկ եթե լինի, իրենք պատրաստ են քննարկել:

Հարակից զեկույցում Ալխաս Ղազարյանն առաջարկել է կողմ քվեարկել, իսկ Արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանն էլ ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկել է օրվան համահունչ խորհրդանիշ ունենալ:

Հարցը քննարկվել եւ արժանացել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930