Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաձեռնությամբ սահմանվում է բողոքների քննության գրավոր ընթացակարգ

Նոյեմբեր 05,2025 17:09

Քրեական գործերով վերաքննիչ բողոքների քննությունն իրականացվում է Առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված փաստերի եւ հետազոտված ապացույցների հիման վրա: Օրենսգրքով վարույթի մասնակիցներին նաեւ հնարավորություն է տրվում վերաքննության շրջանակում ներկայացնել ապացույցները հետազոտելու միջնորդություն, ընդ որում՝ նման միջնորդության բավարարման համար օրենսգրքով սահմանված է ապացուցողական բարձր շեմ, ինչը հաճախ կարող է հանգեցնել ինչպես միջնորդության մերժմանը, այնպես էլ նման միջնորդություն չներկայացնելուն: Արդյունքում՝ ստացվում է, որ ապացույցները հետազոտելու համար միջնորդություն չներկայացնելու դեպքում Վերաքննիչ ատյանն Առաջին ատյանի հաստատած փաստական հանգամանքների շրջանակում իրականացնում է վերաքննիչ բողոքի քննությունը՝ դրա համար հրավիրելով դատական նիստեր ու զգալի ռեսուրսների օգտագործման արդյունքում իրականացնելով ծախսեր: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Նա նշել է, որ նման պայմաններում վերաքննության ինստիտուտի իրավական նշանակությունն ապահովելու տեսանկյունից կարեւոր է մշակել այնպիսի ընթացակարգային կանոններ, որոնցով հնարավորություն կտրվի դատարանների ոչ օպտիմալ ծանրաբեռնվածության թեթեւացման միջոցով նաեւ լուծել վերաքննիչ բողոքների ողջամիտ ժամկետներում քննությանը, արդարադատության արդյունավետության երաշխավորմանն առնչվող խնդիրները: Այս համատեքստում նախագծով առաջարկվում է սահմանել ընդհանուր կարգավորում, ըստ որի՝ Քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով:

Ընդգծվել է, որ կսահմանվեն որոշ բացառություններ այն դեպքերում, երբ կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնության հիման վրա դատարանը հանգի այն եզրահանգման, որ վերաքննություն անհրաժեշտ է իրականացնել բանավոր ընթացակարգով կամ երբ Վերաքննիչ դատարանը բավարարի նոր ապացույցներ ներկայացնելու կամ ապացույցներ հետազոտելու միջնորդությունը:

«Քրեական դատավարությունում գրավոր ընթացակարգը նորություն չէ, այժմ էլ որոշ վարույթներ գրավոր են քննվում: Նախագծով այդ վարույթների ցանկին ավելանում է վերաքննության վարույթն ամբողջությամբ»,- փաստել է նախարարը:

Սրբուհի Գալյանի խոսքով նախագծով նաեւ առաջարկվում է սահմանել վերաքննիչ բողոքների քննության վեցամսյա ժամկետ, որը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է մեկ անգամ երկարաձգվել մինչեւ չորս ամսով:

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Հորդորելով կողմ քվեարկել նախաձեռնությանը՝ պատգամավորը նշել է, որ այն ուղղված է դատավարական արդյունավետ ընթացակարգերի ներդրմանն ու դատարանում գործերի քննության հարցում որոշակի կանխատեսելիություն ունենալուն:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 5-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930