ՔԻՀԿ. Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է 2025թ. «Անարդարադատությունը Հայաստանում․ զանգվածային քաղաքական հետապնդումները Մաս Ա (մայիս–սեպտեմբեր)» զեկույցը։
Զեկույցում մանրամասն ներկայացված են 2025թ․ մայիս-սեպտեմբեր շրջանի քաղաքական հետապնդումները, որոնք կարելի է բաժանել չորս մասի. հունիսի 18-ին գործարար Սամվել Կարապետյանի, հունիսի 25-ին՝ «Սրբազան պայքար» նախաձեռնության անդամների, հունիսի 27-ին՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և հուլիսի 10-ին՝ ՀՅԴ անդամների քրեական հետապնդումները և ազատազրկումները։ Զուգահեռ շարունակվել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) դեմ Փաշինյանի կազմակերպած և համակարգած արշավը։
ՔԻՀԿ կողմից վերլուծվել են նրանց ներկայացված մեղադրանքները, այն ապացույցները, որոնք դրվել են մեղադրանքի հիմքում, ինչպես նաև հանրամատչելի այլ տվյալներ։ Բացի հետապնդումների կոնկրետ դրվագներից, զեկույցում ներկայացված է դրանց համատեքստը՝ ներպետական և միջազգային քաղաքականությամբ պայմանավորված գործոնները, ինչպես նաև դատաիրավական համակարգի կախվածության գործոնը և իշխանությունների արշավի ընթացքում մարդու իրավունքների խախտումները (տե՛ս Զեկույցի 5-45-րդ էջերը)։
Զեկույցի հավելվածում մանրամասն ներկայացված է «Սրբազան պայքար» շարժման անդամների մեղադրանքի հիմքում դրված գաղտնալսումների վերլուծությունը, արձանագրված խեղաթյուրումներն ու կեղծիքները (տե՛ս Զեկույցի 50-64-րդ էջերը)։
Կարդացեք նաև
Իշխանությունների արշավի ընթացքում թիրախավորված քաղաքական ընդդիմադիր գործիչները, կուսակցությունները, ինչպես նաև ՀԱԵ սպասավորները ներկայացվում են որպես «ահաբեկիչներ», իսկ արշավը որպես «հեղափոխության կանխում»։ Եթե ի սկզբանե առերևույթ էր նրանցից ոմանց, ինչպես՝ գործարար Ս․ Կարապետյանի պարագայում, մեղադրանքի ապօրինությունը և հետապնդման քաղաքական բնույթը, ապա այլոց պարագայում դիտավորյալ կոծկվում և կեղծվում էին փաստերը՝ հանրության աչքերում նրանց վարկաբեկելու և զրպարտելու նպատակով։ Թեև հետագայում նշված կեղծիքները բացահայտվել են, այնուամենայնիվ վնասն արդեն հասցվել է, իսկ կեղծիքներին իրավական գնահատական չի տրվել։
Այս զեկույցը կազմելով գիտակցում ենք, որ օրենքի գերակայությունը և արդար դատավարությունն ապահովելուն ուղղված առաջարկներն ամենայն հավանականությամբ անտեսվելու են ՀՀ իշխանությունների կողմից։ Նկարագրված դեպքերից արդեն անցել են ամիսներ, առկա է առաջին մեղադրական վերդիկտը։ Հետապնդումներին համարժեք գնահատական միջազգային կառույցներից դեռևս չկա։ Այնուամենայնիվ կարևոր ենք համարում, որ քաղաքական հետապնդումների այս կարևոր փուլի վերլուծությունն ամրագրվի և հասանելի լինի գոնե այն ծավալով, որով ի վիճակի ենք եղել կազմել։
Զեկույցի այս մասում ներկայացված են բացառապես 2025թ․ մայիս-սեպտեմբեր շրջանի քաղաքական հետապնդումները։ Երկրորդ մասում անդրադառնալու ենք հաջորդ ժամանակահատվածի հետապնդումներին։
Զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ։
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն


















































