Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Տերյանն այն անհատականություններից է, որի գրական ժառանգությունն ունի գեղագիտական և գաղափարական արժեք. Ալֆրեդ Քոչարյան

Նոյեմբեր 05,2025 17:48

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ԳԱԱ  Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի և  «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել է հայ մեծ բանաստեղծ և հասարակական գործիչ Վահան Տերյանի 140–ամյակին նվիրված գիտաժողով:

Բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական բարեգործական կազմակերպության նախագահ Շիրակ Թորոսյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, Վահան Տերյանի ընտանիքի ներկայացուցիչ Գևորգ Էմին-Տերյանը:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի նշմամբ՝ գիտաժողովի անցկացումը հնարավորություն է նորովի գնահատելու Տերյանի դերը հայ գրականության և մշակույթի զարգացման գործում։

«Վահան Տերյանը մեր մշակութային պատմության այն անհատականություններից է, որի գրական ժառանգությունն ունի ոչ միայն գեղագիտական, այլև գաղափարական արժեք։ Այս գիտաժողովը վկայում է Վահան Տերյանի ժառանգության գիտական ուսումնասիրության շարունակականության և արդիականության մասին: Վահան Տերյանի 140-ամյակի միջոցառումների շրջանակում այս տարի վերաբացվել է բանաստեղծի վերակառուցված և նորացված տուն-թանգարանը նրա ծննդավայրում՝ Ջավախքի Գանձա գյուղում: Բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի և Հայաստանի պատվիրակությունները՝ երկու երկրների նախարարների գլխավորությամբ: Այդ առիթով հատուկ շնորհակալություն ենք հայտնում Վրաստանի մշակույթի նախարարությանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամին, «Ջավախք» հայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությանը և այն բոլոր բարերարներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել տուն-թանգարանի վերակառուցման և վերաբացման գործում:

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվել է «Վահան Տերյանի ինտերակտիվ տուն-թանգարան» ծրագիրը: Այդ համատեքստում ստեղծվել է Վ. Տերյանի կերպարի 3D եռաչափ մոդելը, որը հասանելի է այցելուներին հայերեն, անգլերեն և վրացերեն: Միևնույն ժամանակ, նախարարության կողմից ֆինանսական աջակցություն է տրամադրվել թանգարանի կայքի ստեղծման և «Տերյանական օրեր» ամենամյա միջոցառման կազմակերպման համար»,- ասել է նախարարի տեղակալը և հավելել՝ Տերյանի ստեղծագործական ժառանգությունը խորհրդանշական կամուրջ է երկու երկրների մշակութային և կրթական համագործակցության զարգացման և ամրապնդման համար։

Ալֆրեդ Քոչարյանի նշմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունը շարունակելու է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են հայ մեծ բանաստեղծի գրական ժառանգության ուսումնասիրմանը և հանրահռչակմանը: Նա շնորհակալություն է հայտնել գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին մաղթել արդյունավետ աշխատանք։

Գևորգ Էմին-Տերյանը և Շիրակ Թորոսյանն ընդգծել են Վահան Տերյանի 140–ամյակին նվիրված գիտաժողովի անցկացման կարևորությունը՝ նշելով, որ այն ընդգրկում է մեծ բանաստեղծի գործունեության ամբողջ շրջանակը:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930