Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Արամ Գրիգորյանը եւս մերժեց Սերժ Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության միջնորդությունը

Նոյեմբեր 05,2025 18:30

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խափանման միջոցի հարցով՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ նիստը կայացավ։ Հանրային մեղադրողների ներկայացրած միջնորդությունը՝ Սերժ Սարգսյանի խափանման միջոցի մասին, դատարանը կրկին մերժեց։ Այս նիստը նշանակված էր 14․30-ին, սակայն հետաձգվեց՝ դատավորի հետ կապված ընտանեկան ողբերգության պատճառով։

Ավելի ուշ, բավական անակնկալ ձեւով հայտնի դարձավ, որ նիստ է նշանակվել 17․30-ին եւ դատավորը՝ չնայած ընտանեկան ողբերգությանը, ներկայանալու է նիստի։ Սույն միջնորդության քննությունը դեռ երեկ երեկոյան 22․00-ին էր կայացել, բայց քանի որ Սերժ Սարգսյանին պատշաճ ծանուցում ուղարկված չէր եղել եւ նա ներկա չէր եղել, նիստը հետաձգվել էր եւ նշանակվել այսօր՝ 14․30-ին, որպեսզի դատարանը լսի Սերժ Սարգսյանի կարծիքը դատախազության միջնորդության վերաբերյալ։ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երրորդ անգամն է գալիս դատարան։

Հիշեցնենք, երեկ երեկոյան դատախազությունը հրատապ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Սերժ Սարգսյանի խափանման միջոցի հարցով։ Դատախազությունն օպերատիվ տեղեկություններ էր ստացել, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է լքել Հայաստանը եւ նման նախաձեռնությամբ էր հանդես եկել։ Սերժ Սարգսյանի պաշտպանի փոխանցմամբ՝ չորս առանձին քրեական վարույթներ էր դատարան մուտք եղել, չորսով էլ խափանման միջոցի արգելքը վերականգնելու հարցն է։ Դրանցից մեկով դատարանն այսօր որոշում կայացրեց եւ մերժեց դատախազության միջնորդությունը։

«Նույն միջնորդությունն էր, նույն հիմնավորումները, նույն պատճառաբանությունը»,- լրագրողներին փոխանցեց պաշտպան Ռուբեն Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հակակոռուպցիոն դատարանում Սերժ Սարգսյանին վերաբերվող երկու՝ միավորված գործեր են քննվում․ մեկը քննում է դատավոր Գիվի Հովհաննիսյանը, մյուսը՝ Արամ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, երկու գործ էր քննվում. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ՝ Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքներում գտնվող «Տոյոտա» ավտոսրահին պատկանող հողատարածքների գործը։ Այս գործով երրորդ նախագահին մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար, էժան գնով է վաճառել: Իշխանությունը շահարկում է հողակտորների՝ Եռաբլուրին մոտ լինելու հանգամանքը, սակայն այդ հողակտորները մեծամասամբ Եռաբլուրի դիմացի մայթին են, դրանց մի մասն էլ Չինաստանի դեսպանատան կառուցմանն է հատկացվել։ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է` քաղաքացիաիրավական գործարքները դատախազությունը քրեականացրել է։

Մյուս գործը գործարար Սիլվա Համբարձումյանի՝ «դարի կաշառքների» գործն է, որով անցնում են բազմաթիվ պետական պաշտոնյաներ։ Այս գործով վաղեմության ժամկետը լրացել է դեռ երկու տարի առաջ: Դատավորը միավորեց գործերը։ Նախագահ Սերժ Սարգսյանին վերաբերվող մյուս վարույթը, պայմանական ասած՝ «Բաղդասարովի գործն» է:

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930