Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյունիկ Աղաջանյան. «Իշխանության հանձնառությունը Հայաստանը հայապատկանությունից վերացնելն է, ժողովրդագրական պատկերի արագ փոփոխման արդյունքում թուրքական տարածք դարձնելը եւ հայկական հարցը մեկընդմիշտ փակելը»

Նոյեմբեր 05,2025 19:15

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է Հայաստանը նվաճելու մտադրության մասին օրերս Իլհամ Ալիեւի արած հայտարարություններին, որով նա ասում է, թե քարտեզի վրա չկա Սեւանա լիճ, այլ կա Գյոյչա, որ իրենք «վերադառնալու են իրենց պատմական հողեր», որ եթե հայերը այլեւս ուզում են խաղաղություն, պետք է հարմարվեն , որ կա իրական Հայաստան, որը կապ չունի Ծովից-Ծով եւ Մեծ Հայք Հայաստանների հետ: Իսկ դրանից առաջ ադրբեջանցի մի պատգամավոր էլ հայտարարել էր, որ եթե մի օր Ադրբեջանի առաջնորդի ելույթը լսեք Երեւանից, իմացեք, որ դա «բացառիկ եւ պատմական իրողություն է այն իմաստով, որ Ալիեւը վերադարձրել է Հարավային Կովկասը Պետրոս Առաջինից»: Իսկ այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին համոզում է, թե ինքը խաղաղություն է բերել:

«Ալիեւի խոսույթը, դրա ժամանակը եւ արտահայտչաձեւերը մենք պետք է հասկանանք ընդհանուր իրադարձությունների զարգացման ու դրանց տրամաբանության մեջ: Փաստացիորեն 2020 թվականի պատերազմից հետո նրա խոսույթը չի փոխվել: Պարզապես, պարբերաբար որոշակի դրույթներ ավելի շեշտադրվել են, եւ դա նաեւ հստակ քաղաքական նպատակներ է հետապնդել:

Կոնկրետ այս պահին Ալիեւի նմանատիպ հայտարարությունները՝ նախ Զանգեզուրի միջանցք խոսույթի շարունակումը, ադրբեջանցիների վերադարձի՝ իբրեւ թե իրավունքի մասին խոսելը, որը ես բազմիցս կրկնել եմ եւ նորից շեշտեմ, որեւէ իրավական, քաղաքական հիմք չունի, բացի այն բանից, որ ներկայիս իշխանության ղեկին նստած անձնավորությունը այդ առումով հանձնառություններ ունի:

Դրա վերաբերյալ մենք նաեւ լսել ենք իրենց շրջանակներից մարդկանց արտահայտություններ, որոնք բացահայտել են, որ ժամանակին ամերիկյան բանագնացը փորձում էր մեր քաղհասարակություն ներկայացող, բայց իրականում «Քաղաքացիական պայմանագրի» թեզերը հանրության մեջ շրջանառող եւ մարդկանց ուղեղներում զետեղելու գործընթացին լծված մարդկանց համոզել, որ ադրբեջանցիների վերադարձը պահանջված խնդիր է:

Մենք չմոռանանք, որ Եվրամիության դիտորդները իրենց դիտորդական առաքելությունը սկսելուց կարճ ժամանակ անց անցնում էին գյուղերով եւ ցուցակագրում էին կամ փաստահավաք գործողություն էին կատարում այն բնակավայրերում, որտեղ նախկինում բնակվել են ադրբեջանցիներ: Նորից հիշեցնեմ, որ ադրբեջանցիներն այստեղից գնացել են առանց որեւէ պարտադրանքի, իրենց իսկ հայրենիքի ղեկավարության թելադրանքով եւ պարտադրանքով, իրենց ունեցվածքը ամբողջովին իրենց հետ տարել են, իրենք իրենց տները փոխանակել կամ վաճառել են գնալուց առաջ, իսկ այն փոքր տոկոսը, որը չէր վաճառել, ՀԽՍՀ բյուջեից փոխհատուցում է ստացել 72 մլն. ռուբլու չափով: Այս առումով, իրենք ոչ սեփականության իրավունքի հավակնություններ կարող են ներկայացնել եւ ոչ որեւէ տեղ վերադառնալու իրավական հիմքեր:

Հասկանանք, որ ադրբեջանցիների վերադառնալու խոսույթը ժամանակին մեջտեղ է բերվել, որպեսզի փախստականների հարցն ընդհանրապես փակվի, որպեսզի սպառնալիքի տակ կարողանան կոծկել պատերազմից հետո Արցախից բռնագաղթված մարդկանց խնդիրները բարձրաձայնումը միջազգային ատյաններում, եւ հետագայում արդեն Արցախի հայաթափումից հետո ընդհանրապես Արցախի վերահայացման գործընթացի հետ կապված որեւէ խնդրի իրականացում: Դրանք Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործողությունների, Արցախի էթնիկ զտման պարտակմանն են ուղղված:

Մյուս ասպեկտը, որի հանձնառությունն ունի այս իշխանության ղեկին նստած անձը եւ հեռահար նպատակը թուրք-ադրբեջանական այս ծրագրի իրականացումն է, ընդհանրապես Հայաստանը հայապատկանությունից վերացնելն է, ժողովրդագրական պատկերի արագ փոփոխման արդյունքում սա ընդհանրապես իրենց համար թուրքական տարածք դարձնելն է եւ դրանով հայկական հարցը մեկընդմիշտ փակելը:

Երրորդ խնդիրը ընդհանրապես հային Հայաստանում հպատակեցնելու, ստրկացնելու գործընթացն է: Եվ այդ վախի մթնոլորտի շարունակական արծարծմամբ, սա արդեն չորրորդ ասպեկտն է, նրանք փորձում են ապահովագրել իրենց համար երկնքից ընկած մանանայի դիրքում հանդես եկող ղեկավարության փաստացի վերընտրությունը, որպեսզի հաջորդիվ նա կարողանա իր իսկ ստանձնած հանձնառությունները, որոնք մինչ օրս դեռ չի հասցրել իրականություն դարձնել: Դրանով կստեղծվի, այսպես ասած, չորրորդ հանրապետություն կոչվածը, որը կդադարի հայկական լինելուց, հայկական ինքնության մաս լինելուց»,-ասաց տիկին Աղաջանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930