Լեհաստանի Գդանսկ քաղաքի հայկական միությունն արդեն 10 տարեկան է: Այդ առիթով տպագրվել է տեղի հայկական միության տարեգիրքը, որի շնորհանդեսը կայացավ Հայաստանի նկարիչների միությունում:
Այդ առիթով Գդանսկից Հայաստան էր ժամանել միության հիմնադիր, Լեհաստանի նախագահի մրցանակակիր գեղանկարիչ Գագիկ Պարսամյանը՝ մի խումբ լեհ մտավորականների հետ:
Նա ոչ միայն գինով ցողեց գիրքը, այլեւ ուրախությունից ծաղիկներ «ցողեց» ներկաների վրա:
Կարդացեք նաև
Գրքի բնաբան է ընտրված հայտնի ասացվածքը. «Ամեն ինչ անցողիկ է, միայն հիշողությունն է մնայուն»: Գրքի առաջաբանում Գագիկ Պարսամյանը գրել է. «Երբ 2014թ սկսեցի իմ առաջին գործունեությունը Գդանսկի հայ համայնքի համար, պատկերացում անգամ չունեի, թե ուր կտանի ինձ այդ ճանապարհը:
Միայն մեկ բան գիտեի՝ ուզում էի կառուցել մի վայր, որտեղ հայերն ու լեհերը կարող էին հանդիպել, կիսվել ինձ համար այդքան սիրելի ավանդույթներով, արվեստով եւ միասին ստեղծել ապագա՝ հիշելով անցյալը:
2015-ին հիմնադրված Գդանսկի հայկական միության 10-ամյակը կարեւոր փուլ է այս ճանապարհորդության մեջ, բայց մեր սկիզբը շատ ավելի վաղ է: Այս տարեգրությունը պատմում է ոչ միայն հաստատության, այլեւ առաջին հերթին այն մարդկանց եւ իրադարձությունների մասին, որոնք ձեւավորել են մեր հանցանքը 2004 թվականից ի վեր»:
Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը նշեց, որ տասնյակ տարիներ կապ է ունեցել Գդանսկի հայկական միության հետ, որը բեղուն գործունեություն է ծավալել: Նա թվարկեց այն ցուցահանդեսները, որոնք միության ջանքերով կազմակերպվել են Լեհաստանում եւ Հայաստանում:
Գագիկ Պարսամյանն իր երախտագիտությունը հայտնեց ոչ միայն տիկնոջը՝ Արփենիկին ու զավակներին, այլեւ այն բոլոր համայնքների, կազմակերպություններին, հաստատություններին, անհատներին, որոնք աջակցել են իրեն: Նա նաեւ Գդանսկի հայկական միության անունից շնորհակալագրեր հանձնեց իրենց գործունեությունը լուսաբանած մի քանի լրագրողների, դրանից մեկը մակագրված էր ձեր խոնարհ ծառային: Երեկոյին առանձնահատուկ հանդիսավորություն հաղորդեցին Experimental Duo խմբի քանոնահարուհիները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ























































