Լրահոս
Օրվա լրահոսը

«Զենք գնելու խնդիր չկա», իսկ հզորանալո՞ւ

Նոյեմբեր 06,2025 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Վաշինգտոնյան համաձայնագրերը ի՞նչ հետեւանք են ունենալու ՀՀ ռազմական-պաշտպանական ոլորտների համար

Հայաստանը զենք գնելու խնդիր չունի, խնդիրը հաղթահարված, դիվերսիֆիկացիան իրականացված է, երկու շաբաթ առաջ վստահեցրեց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` հավելելով. «2022-ին մենք որոշում ենք ընդունել դիվերսիֆիկացնել հարաբերությունները նաեւ պաշտպանական ոլորտում: Խոսքը վերաբերում է ե՛ւ բուն հարաբերություններին, ե՛ւ սպառազինություններին ու ռազմական տեխնիկայի գնմանը: Կար մի փուլ, երբ ասում էինք կան գնված ապրանքներ, որոնք ժամանակին չեն հասնում, չկան մատակարար այլ երկրներ: Այդ փուլը մենք պատվով հաղթահարել ենք, եւ այսօր Հայաստանի Հանրապետությունը նման խնդիր չունի»:

Օրերս Պապիկյանը խոսել է զենքի գնումների, պաշտպանական թեմայով: Նրա համոզմամբ` ամռանը Վաշինգտոնում նախաստորագրած համաձայնագիրը սպառազինության գնումների առումով կունենա իր հետեւանքները, Հայաստանը իր կարիքների համապատասխան շարունակելու է բարեփոխումները, այդ թվում` սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնումներում, սակայն նրա խոսքով` «օգոստոսի 8-ը կարեւոր իրողություն է», եւ այն «չի կարող մեր կողմից չընդունվել` որպես կայացած փաստ»: Լրագրողների հետ զրույցում Պապիկյանը նկատել է, որ Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվել է, եւ դա տեսանելի է սահմանին. «Այն, որ Ադրբեջանի հռետորաբանությունն օգոստոսի 8-ից հետո կտրուկ փոխվել է եւ դա տեսանելի է նաեւ սահմանին, փաստ է։ Երբ խոսում ենք փաստացի խաղաղության մասին, դա ամենեւին էլ հորինված չէ, խաղաղություն է»:

Հարցին՝ արդյոք կա՞ պայմանավորվածություն ԱՄՆ-ի հետ զենքի, զինամթերքի ձեռքբերման հետ կապված, պայմանագրեր ստորագրվե՞լ են, Պապիկյանը պատասխանել է. «Չեմ կարող խոսել պայմանագրերի մասին, բայց կարող եմ ասել՝ դրական դինամիկա կա մեր համագործակցության զարգացման ուղղությամբ»։

Փաստորեն, Ադրբեջանից Հայաստանի ինքնիշխան տարածքի վերաբերյալ հնչող տարբեր հայտարարությունների ֆոնին էլ Պապիկյանը չի ընդունել քննադատությունները ՀՀ ռազմական բյուջեի կրճատման մասով: Նա նկատել է, եթե 2024-ի հետ համեմատենք, բնական զարգացման տեմպ է եւ նրա համոզմամբ` 2026-ի բյուջեն «համեմատելով այլ տարիների բյուջեի հետ` խախտումներ չունի»։

Օրերս հնդկական մամուլը գրել էր, որ ՍՈւ-35ՄԿ կործանիչներ են ներկրվելու Հայաստան, սակայն Պապիկյանը հայտնեց, որ Հայաստանը Հնդկաստանի հետ նման որեւէ համաձայնագիր չունի:

Նկատենք, որ մասնավորապես Indian Defense News-ն օրեր առաջ գրել էր, թե Հայաստանն ավարտին է հասցնում Հնդկաստանի հետ պատմական գնման գործարքը՝ HAL-ի կողմից արտադրված Sukhoi Su-30MKI բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման համար։ Ըստ հրապարակման՝ բանակցությունների առաջադեմ փուլում գտնվող այդ համաձայնագիրը դիտարկվում է որպես ռազմավարական հակակշիռ Ադրբեջանի կողմից վերջերս պակիստանյան ծագում ունեցող 40 JF-17C Block-III կործանիչների գնմանը։

Ավելին, ասվում էր, թե նշյալ գործարքը նշանակում է հնդկա-հայաստանյան պաշտպանական համագործակցության խորացում, որը հաջորդում է վերջին տարիներին կնքված բազմաթիվ զենքի պայմանագրերին, այդ թվում՝ Pinaka հրթիռային համակարգերին, Swathi հակամարտկոցային ռադարներին եւ առաջադեմ հակատանկային զինամթերքին: Նշվել էր անգամ գործարքի արժեքը` «ենթադրաբար, կկազմի 2,5-3 միլիարդ դոլար, հավանաբար, առաջին փուլում կներառի 8-ից 12 Su-30MKI ինքնաթիռի մատակարարում, ինչպես նաեւ դրան կից ուսուցում, ցամաքային աջակցություն եւ զենքի անհատական ինտեգրացիա»: Իսկ մատակարարումների մասով նշվել էր, որ նախատեսվում է սկսել 2027թ. վերջին, իսկ վերջնական հանձնումը 2029-ին։

Հնդկաստանը, ակնհայտորեն, մեր տարածաշրջանի երկրների, մասնավորապես` Հայաստանի հետ հարաբերությունների խորացումն առաջնահերթ է որակում, եւ պատահական չեն նման մանրակրկիտ հրապարակումները: Վերոնշյալ լրատվամիջոցի հոդվածում եւս ընդգծվել էր, որ «այդ ձեռքբերումը հաջորդում է 2020-ից ի վեր ստորագրված մի շարք հնդկա-հայկական պաշտպանական պայմանագրերի», եւ «այդ քայլը նշանակում է Երեւանի շարունակական անցումը դեպի հնդկական պաշտպանական տեխնոլոգիաներ՝ շարունակվող տարածաշրջանային ռազմական գործողությունների պայմաններում Ռուսաստանից կախվածությունից դուրս դիվերսիֆիկացնելու համար»:

Հարկ է նկատել, որ հնդկական մասնագիտացված պարբերականները մշտապես իրենց հրապարակումներում շեշտում են, որ ամրապնդվում է Հնդկաստանի ռազմավարական ազդեցությունը Կովկասի տարածաշրջանում եւ Նյու Դելին «դիրքավորվում է որպես հուսալի անվտանգության գործընկեր՝ Թուրքիայի, Պակիստանի եւ Ռուսաստանի միջեւ աշխարհաքաղաքական դինամիկայի փոփոխության պայմաններում»: Այս համատեքստում ընդգծվում է «Երեւանի՝ Նյու Դելիի ուղղությամբ շրջադարձը որպես հիմնական պաշտպանական գործընկեր՝ Բաքվի եւ Անկարայի հետ շարունակվող լարվածության ֆոնին»:

Ընդգծենք, որ 44-օրյա պատերազմից հետո նկատելիորեն ակտիվացած հայ-հնդկական հարաբերություններում ռազմական համագործակցության մասին սկսեցին հրապարակավ խոսել։ Հայաստանի ու Հնդկաստանի արտգործնախարարները մի քանի անգամ հանդիպեցին: Իսկ 2022թ. ամռանից հնդկական մամուլը սկսեց գրել, որ Հայաստանը մտադիր է Հնդկաստանից գնել ռազմական դրոններ եւ այլ սպառազինություն: Այդ ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել էր Հնդկաստան՝ գնման ենթակա զինատեսակների ցանկով։

Մասնավորապես հնդկական DnaIndia-ն, որը Հնդկաստանի առեւտրատնտեսական կենտրոնի՝ Մումբայի անգլալեզու խոշորագույն պարբերականներից է, ներկայացրել էր անանուն մնալ ցանկացող հայաստանցի պաշտոնյայի խոսքերը, թե ղարաբաղյան նախորդ պատերազմը հարկադրել է Երեւանին վերագնահատել իր ռազմական կարիքները, նշելով, որ պատերազմը ցույց տվեց, թե ռուսական ռազմական տեխնիկան որքան անօգուտ է թուրքական սպառազինության, հատկապես Bayraktar անօդաչուների դեմ։

ՀՀ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը 2022թ. հուլիսի սկզբին հյուրընկալել էր Հնդկաստանի ԱԳՆ Արեւմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմանին, որը Երեւանում հայտարարեց, թե պաշտպանության ոլորտում կողմերը հակված են երկարաժամկետ համագործակցության։ «Պաշտպանության ոլորտում սկսել ենք փնտրել կոնկրետ համագործակցության ուղիներ։ Այս ոլորտում երկարատեւ համագործակցության ուղիներ ենք փնտրում։ Առեւտրի ու տնտեսության բնագավառում պրոդուկտների, սեկտորների ու ենթասեկտորների որոշակիացման գործընթաց ենք մեկնարկել, ուր կարող ենք առաջ գնալ։ Երկկողմ ներդրումների պակաս կա։ Իմ, մեր կառավարության պարտականությունն է քաջալերել հնդկական արդյունաբերությանը, գործարարներին՝ Հայաստանում ներդրումներ կատարել, որովհետեւ հնարավորությունները, ներուժը մեծ են», նշել էր Վերմանը։

2022թ. սեպտեմբերին Հնդկաստանում լույս տեսնող ամենահեղինակավոր անգլալեզու գործարար պարբերականը՝ Economic Times-ը գրեց, որ «առաջիկա ամիսներին Դելին հնդկական արտադրության սպառազինության մեծ խմբաքանակ կմատակարարի Հայաստան»: «Զինելով Հայաստանը» վերնագրված հոդվածում հնդկական թերթը պնդել էր, որ մատակարարվելիք սպառազինության թվում են լինելու հակատանկային հրթիռներ, ինչպես նաեւ համազարկային կրակի Pinaka կոչվող ռեակտիվ համակարգեր։ Թերթի փոխանցմամբ՝ Երեւանի եւ Դելիի միջեւ զենքերի ձեռքբերման շուրջ պայմանագիրը ստորագրվել է սեպտեմբերին։

Թեեւ Հնդկաստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները Economic Times-ին խուսափել էին մատնանշել մատակարարվող սպառազինության ընդհանուր արժեքը, պարբերականը կնքված գործարքի ընդհանուր ֆինանսական ծավալը գնահատել էր շուրջ 260 միլիոն ամերիկյան դոլար։ Գործարքի առանցքային կետն, իհարկե, հնդկական արտադրության համազարկային կրակի համակարգերի վաճառքն է։ Հնդկական թերթի փոխանցմամբ՝ այս գործարքով Հայաստանը դառնում է Pinaka ռեակտիվ համակարգերի առաջին օտարերկրյա գնորդը։

Հայաստանի կողմից Pinaka համակարգերի հնարավոր ձեռքբերման մասին առաջին անգամ սկսեցին խոսել 2018թ. ամռանը, երբ Հնդկաստան ժամանած հայկական ռազմական պատվիրակությունն ակնհայտ հետաքրքրություն էր ցուցաբերել այս զինատեսակի հանդեպ։ 2018-ի օգոստոսին այս մասին գրել էր Times of India թերթը՝ տեղեկացնելով, որ Հնդկաստանում գտնվող հայկական պատվիրակությունը դրանից մեկ ամիս առաջ այցելել էր Ռաջհաստան նահանգում գտնվող Փոխրանի ռազմավարժարան, որտեղ հայ զինվորականները հետեւել էին Pinaka համակարգերի կրակային վարժանքներին։ «Արդյունքները գերազանց էին», – թերթին փոխանցել էր Հնդկաստանի պաշտպանական արդյունաբերության եւ հետազոտությունների վարչության ղեկավարներից մեկը։

«Թեեւ սա բավական համեստ պատվեր է՝ շուրջ 260 միլիոն ամերիկյան դոլար, բայց կարեւոր է այն հանգամանքը, որ զենքն ու ռազմամթերքը Հայաստանին են վաճառվում ընթացիկ հակամարտության պայմաններում։ Բացի այդ, սա Pinaka հրթիռային համակարգերի արտահանման առաջին դեպքն է, ինչը կարելի է շրջադարձային կետ համարել։ Դա վկայում է այս զինատեսակի որակական հատկանիշների մասին։ Բացի այդ, այն հանգամանքը, որ մեկ այլ պետության հետ հակամարտության մեջ գտնվող երկիրը հենց այս զենքն է պատվիրում, արդեն իսկ խոսուն է», – հնդկական India Today հեռուստաալիքի եթերում նշել էր ռազմական փորձագետ Շիվ Արուրը։

2022թ. հոկտեմբերին Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր Հնդկաստան, որտեղ իր պաշտոնակցի՝ Շրի Ռաջնաթ Սինկհի հետ քննարկվել էր համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

Հենց այս այցի ֆոնին հնդկական կողմը, փաստացի, պաշտոնապես հաստատեց, որ Հայաստանը համազարկային կրակի Pinaka կոչվող ռեակտիվ համակարգերի երեք մոդել է պատվիրել: Այդ մասին հայտնել էր հրթիռների արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերության՝ Solar Industries-ը ղեկավար Սատյանառայան Նուվալը՝ Հնդկաստանում բացված DEFEXPO ցուցահանդեսի ժամանակ։ «Մենք Pinaka1-ի, ընդլայնված հեռահարության Pinaka-ի եւ կառավարվող Pinaka-ի արտահանման պատվեր ենք ստացել Հայաստանից։ Ըստ վերջնաժամկետի, պետք է այդ երեքն էլ ավարտենք երկու տարում», – ասել էր ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերության ղեկավարը։

Հնդկական զենքի խոշոր այս ցուցահանդեսին ներկա էր գտնվել նաեւ Սուրեն Պապիկյանը, որն արդեն իսկ բանակցել էր Հնդկաստանի գործընկերոջ հետ։ Հանդիպումից հետո նախարար Ռաջնաթ Սինգհը X-ում գրել էր՝ «շփումը հրաշալի է անցել», առանց հավելյալ մանրամասների։

Այդ օրերին հնդկական մամուլը, հղում անելով իր աղբյուրներին, պնդել էր, թե ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ընդարձակվել՝ նոր սպառազինությունների ձեռքբերման հաշվին։ The Print պարբերականը, մասնավորապես, պնդել էր, թե Հայաստանն այժմ հետաքրքրված է հատկապես հնդկական արտադրության Akash հակաօդային պաշտպանության համակարգով եւ հարվածային անօդաչու թռչող սարքերով։

Հնդկական աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանին վաճառված ռեակտիվ համակարգերից մեկի հեռահարությունը հասնում է 37,5, մյուսինը՝ 45, երրորդինը՝ 75 կիլոմետրի։ Վերջին տարբերակը համարվում է երեքից ամենաառաջադեմը, ունի ներքին նավիգացիոն համակարգ, արբանյակային նավիգացիոն ուղեցույց, ինչը հնարավորություն է տալիս խոցել հակառակորդին մեծ հեռավորության վրա։ Ըստ հնդկական աղբյուրների՝ այդ համակարգերից յուրաքանչյուրն ի վիճակի է 44 վայրկյանում 12 հրթիռ արձակել, որոնք նախատեսված են հակառակորդի անձնակազմը, ծանր տեխնիկան, ինչպես նաեւ հրամանատարական կետերը խոցելու համար։

2023թ. հունվարին հնդկական մամուլի պնդմամբ՝ Հայաստանը կարող է Դելիից ՀՕՊ համակարգեր գնել։ Indian Defence Research Wing մասնագիտացված կայքը նշել էր, որ հայկական կողմը դիտարկում է հնդկական արտադրության հակաօդային պաշտպանության MR-SAM միջին հեռահարության համակարգերի ձեռքբերումը։

Դրանցով, ըստ պարբերականի, պետք է փոխարինվեն հայկական բանակի զինանոցում գտնվող ռուսական արտադրության C-125 կպփՏՐՈ ՀՕՊ համակարգերը։ Կայքի փոխանցմամբ` թեեւ MR-SAM համակարգերը արտադրվել են Իսրայելի հետ համատեղ, այնուհանդերձ դրանց Հայաստան արտահանման դեպքում՝ «իսրայելցիների հատուկ թույլտվությունը կարող է եւ չպահանջվել»։

2023թ. մարտին Indian Defence Research Wing մասնագիտացված կայքը գրեց, որ Հայաստանը հնդկական ընկերություններից մեկից ինքնագնաց MArG հաուբիցներ է պատվիրել։ Ըստ լրատվամիջոցի՝ մինչ սպառազինության գնումը, նախորդ տարի Հնդկաստան մեկնած հայկական պատվիրակությունը փորձարկել է հաուբիցները։

Ինչեւէ, Հնդկաստանից մինչեւ այժմ զարմանալի հետեւողականությամբ, մշտապես բացահայտել են Հայաստանի հետ տարբեր գործարքների մանրամասներ, ինչը, կարծես, հակասում է պետությունների ռազմական գաղտնիքի սկզբունքին:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների հետ ռազմական, պաշտպանական ոլորտի համագործակցության խորացմանը, ապա Պապիկյանի նշած գոյություն ունեցող «համագործակցության դրական դինամիկայի զարգացման ուղղությամբ» անհրաժեշտ է հստակ աշխատանք` անկախ նրանից, որ Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն անտեսում են Ադրբեջանից բավական հաճախ հնչող ոչ խաղաղասիրական նրբերանգներով գնահատականներն ու հայտարարությունները։

Հիմա Պնախարարի կողմից արձանագրումը` Հայաստանն իր կարիքներին համապատասխան շարունակելու է բարեփոխումները, այդ թվում՝ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնումները, բայցեւ միաժամանակ ընդգծելը` օգոստոսի 8-ը կարեւոր իրողություն է, եւ դա պետք է ունենա իր հետեւանքները, նշանակո՞ւմ է, որ այս հարցում նույնպես Հայաստանի իշխանություններն անվերապահորեն առաջնորդվելու են իրենց մոտեցմամբ, որ` Ադրբեջանի հետ խաղաղությո՞ւն է հաստատվել…

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930