Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրից չբացակայելու արգելքը պահպանելը հակասում է ՀՀ սահմանադրության 162-րդ հոդվածին

Նոյեմբեր 06,2025 12:30

Եթե թույլատրվում է չկատարել դատարանների որոշումները խափանման միջոցների վերաբերյալ, ապա հարցականի տակ է դրվում ողջ դատական վերահսկողության մեխանիզմի արդյունավետությունը քրեական արդարադատության համակարգում:

2024թ. դեկտեմբերի 7-ին «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, «Ջի-Էլ-ՋԻ փրոջեկտ քոմփանի» ընկերության բաժնետեր, բարերար Գաբրիել Ջեմբերջյանի (Չեմբերջյան) նկատմամբ քրեական վարույթ հարուցվեց` փողերի լվացման մեղադրանքով: Նախաքննությունն իրականացրած մարմինը միջնորդություն ներկայացրեց դատարան` նրան կալանավորելու համար, սակայն այն չբավարարվեց: Բարերարի նկատմամբ կիրառվեց երկրից չբացակայելու արգելքը, որպես խափանման միջոց:

Թիվ 62298624 քրեական վարույթի շրջանակում Գաբրիել Չեմբերջյանի նկատմամբ կիրառված երկրից չբացակայելու արգելքը, որպես խափանման միջոց, դատական երեք ատյանների կողմից ճանաչվեց ոչ իրավաչափ, սակայն դեռ չի վերացվել վարույթն իրականացնող մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։

Այս տարվա հոկտեմբերի 21-ին բարերարի պաշտպանները (փաստաբաններ, ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը եւ «Սիմոնյան ընդ փարթներս» փաստաբանական գրասենյակի տնօրեն, Գաբրիել Չեմբերջյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Աշոտ Սիմոնյանը) միջնորդություն էին ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանին՝ խնդրելով վերացնել Գաբրիել Չեմբերջյանի երկրից չբացակայելու արգելք խափանման միջոցը՝ կցելով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը: Իսկ հոկտեմբերի 27-ին դիմել էին Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազություն՝ խնդրելով միջամտել իրավիճակին: 2025թ. հոկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանը պաշտոնական դիմում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված  Գ. Ջեմբերջյանի իրավունքների հնարավոր խախտման հետ՝ հիմք ընդունելով Գ. Ջեմբերջյանի դիմումը։

Գլխավոր դատախազից ակնկալվում է պատշաճ հսկողություն` պարտավորեցնելով Հակակոռուպցիոն կոմիտեին կատարել դատական որոշումները եւ գնահատել քննիչի գործողությունների իրավաչափությունը:

Նշեմ, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 2025թ. օգոստոսի 6-ի որոշմամբ բավարարել էր պաշտպանների միջնորդությունը, պարտավորեցրել էր վարույթն իրականացնող մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին վերացնել խափանման միջոցը՝ գտնելով, որ այն չի համապատասխանում համաչափության սկզբունքին եւ ոչ իրավաչափորեն սահմանափակում է անձի իրավունքները։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930