Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ 17. «Մենք պահպանում ենք ազգային արժեքները»

Նոյեմբեր 06,2025 09:00

Սկիզբը՝ այստեղ:

Ազգային արժեքները միշտ եղել են հայ ժողովրդի գոյության առանցքը՝ լեզուն, հավատը, մշակույթը, պատմական հիշողությունը։ Դարեր շարունակ դրանք պահել են մեզ ազգ, նույնիսկ երբ պետականություն չենք ունեցել։ Սակայն վերջին տարիներին մենք ականատես եղանք մի ժամանակաշրջանի, երբ այդ արժեքները սկսեցին դառնալ ոչ թե ժողովրդի միավորող հիմք, այլ վիճաբանության եւ տարաձայնության թեմա։

Այսօր մենք գործ ունենք մի իշխանության հետ, ով կռիվ է տալիս նույնիսկ Արարատի պատկերի հետ, ով միտված է ոչ թե նոր մշակութային կենտրոններ բացել, այլ ընդհակառակը՝ փակել արդեն տարիներ շարունակ գործունեություն ծավալող թատրոններն ու կառույցները։

Հայ ազգը միշտ աչքի է ընկել իր պահպանողական, արժեքների ու պատմության պահպանման կարողությամբ։ Բայց «նիկոլի» Հայաստանում ամեն ինչ կարծես կազմաքանդվեց։  Մի քանի միլիոն նախատեսվում էր հատկացնել սեռափոխված մարզիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանման համար։ 2018թ. հեղափոխությունից հետո ԱԺ ամբիոնից ելույթներ էին ունենում տրանսգենդերներ, ՀՀ-ն սկսեց պաշտոնապես մասնակցել տրանսգենդերների միջազգային մրցույթներին։  Իսկ սեռական տարբեր կողմնորորշում ունեցողները սկսեցին հպարտորեն ու շատ վստահ հայտարարել, որ իրենք վայելում են ՀՀ նոր իշխանությունների հովանավորչությունը։

Ժամանակակից աշխարհը պահանջում է բաց լինել, ընդունել նոր գաղափարներ, հարմարվել փոփոխություններին։ Բայց բաց լինելը չի նշանակում հրաժարվել ինքնությունից։ Երբեմն «արդիականացման» կամ «ազատ մտածողության» անվան տակ սկսեցին մոռացության տալ այն, ինչ մեզ ձեւավորել է։ Դպրոցական ծրագրերից հանվեցին դասեր, որոնք պատմում էին մեր ինքնության մասին, նվազեցվեց հայոց պատմության եւ գրականության դասաժամերի քանակը։ Մեր լեզուն, որ դարեր շարունակ եղել է ազգային գոյության խորհրդանիշը, սկսեց աստիճանաբար փոխարինվել օտար բառապաշարով նույնիսկ պետական մակարդակում։

Կրթական համակարգը՝ մշակույթի կրողը, փոխվեց իր բովանդակությամբ։ Շեշտը դրվեց «գլոբալ հմտությունների» վրա, սակայն հաճախ մոռացության մատնվեց այն հիմքը, որի վրա պիտի կանգնի ցանկացած զարգացում՝ ազգային գիտակցությունը։ Երբ երեխային չեն սովորեցնում, թե ինչու է մեր գիրը սրբություն, ինչ արժեք ունի մեր պատմական ժառանգությունը, նա դառնում է ավելի խոցելի ցանկացած արտաքին ազդեցության համար։

Նույնը կատարվեց նաեւ մշակույթի մյուս ոլորտներում։ Արվեստը, որը պետք է արտացոլի ժողովրդի հոգին, երբեմն դարձավ քաղաքական ուղերձների կամ մակերեսային պոպուլիզմի գործիք։ Ֆիլմերում եւ հեռուստահաղորդումներում ազգային թեմաները փոխարինվեցին օտար օրինակներով, իսկ երբեմն նույնիսկ ծաղրվեցին այն արժեքները, որոնք մեր նախնիները պահել են արյամբ։ «Ժամանակակից լինելու» անվան տակ մոռացանք, որ ազգային մշակույթը ինքնին կարող է լինել արդիական, եթե նրան վերաբերվես սիրով ու պատասխանատվությամբ։

Ավանդական ընտանիքի, հավատքի եւ բարոյականության գաղափարները նույնպես սկսեցին կորցնել իրենց հանրային տեղը։ Մարդը դարձավ սպառող՝ ոչ թե մշակութային կրող։ Սոցիալական ցանցերում ձեւավորվեց նոր արժեհամակարգ՝ արագ, առանց արմատների, առանց հիշողության։ Իսկ հիշողությունը հենց այն է, ինչ պահպանում է ազգին։ Առանց հիշողության մենք դառնում ենք ամբոխ՝ առանց պատմության, առանց ձայնի։

Բայց ամեն ինչ կորած չէ։ Այսօր էլ բազմաթիվ մարդիկ, ստեղծագործողներ, ուսուցիչներ ու երիտասարդներ փորձում են նորովի բացահայտել հայկականը՝ առանց այն վերածելու գաղափարախոսության կամ քաղաքականության։ Նրանք հասկանում են, որ ազգային արժեքները չեն հակասում ազատությանը. դրանք ազատության հիմքն են։ Ազատ է այն մարդը, ով գիտի՝ որտեղից է գալիս։

Ազգային արժեքների փորձությունը դեռ շարունակվում է։ Այն մեր դարի քննությունն է՝ կարողանո՞ւմ ենք արդյոք պահպանել ինքնությունը բաց աշխարհի մեջ։ Պատասխանը կախված է մեզնից։ Քանի դեռ խոսում ենք հայերեն, երգում ենք մեր երգերը, նշում ենք մեր տոները եւ հիշում ենք մեր պատմությունը՝ ազգը դեռ կանգուն է։ Իսկ դա ամենամեծ հաղթանակն է, որ կարող ենք ունենալ՝ ցանկացած ժամանակաշրջանում։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀԿ խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ
06.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930