Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումն աննախադեպ է. «Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» բառերի համար մեղադրանք ներկայացնել և 130 օրից ավելի պահել կալանքի տակ․ սա ողջամի՞տ է. Արամ Վարդևանյան

Նոյեմբեր 06,2025 10:24

Սամվել Կարապետյանի պաշտպան, փաստաբան Արամ Վարդևանյան. «Ես, առնվազն, գտնում եմ, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ տեղի ունեցող հետապնդումն աննախադեպ է։ Գիտեք` մեկ նախադասության համար քրեական հետապնդում ՀՀ պատմության մեջ չի եղել։ Մենք տարբեր աբսուրդային քրեական գործեր տեսել ենք, բայց այն, որ այս գործը տարբերվում է (պարզապես մեկը նշեմ) նրանով, որ այստեղ գործ չկա։

«Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը»․ այս բառերի համար անձին մեղադրանք ներկայացնել և 130 օրից ավելի պահել կալանքի տակ․․․ սա ողջամի՞տ է։ Ես կարող եմ ասել, որ քաղաքական հետապնդման ավելի դասական օրինակ չի կարող լինել։ Ասեմ նաև՝ ինչու։ Դուք կհիշեք՝ տեղի ունեցան մի շարք ֆեյսբուքյան գրառումներ գործադիր իշխանության ղեկավարի կողմից, որտեղ կար թե՛ խոստում, թե՛ հաշվեհարդարի խոստում, և թե՛ նույնիսկ վիրավորանք և այլն, այսինքն՝ սպառնալիք նույնիսկ կար։ Եվ այդ ամենը անվերապահորեն կատարվեց իրավապահների կողմից։

Վերջին անգամ պատկերացրեք՝ դատարանը երկարաձգեց Սամվել Կարապետյանի կալանքը մեկ ամսով։ Իրականության մեջ ես չէի պատկերացնում՝ ոնց դա կարող էր տեղի ունենալ, բայց դա տեղի ունեցավ։ Այդ մեկ ամիսը վերաբերում էր հետևյալին․ «Հարգելի քննչական խումբ՝ բաղկացած 53 քննիչից, այս մեկ ամսվա ընթացքում գործն ուղարկե՛ք դատարան կամ կարճե՛ք»։

Քենեդիի սպանության հանգամանքները բացահայտող նման պատասխանատու առաքելությամբ օժտված էին 7 անդամներ, իսկ Սամվել Կարապետյանի՝ «Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» արտահայտությունը՝ որպես քրեական գործի վերածելու և այդ ընթացքում իբրև քննություն անելու համար կան 53 քննիչներ։

Հիմա ես հենց այս առիթը կօգտագործեմ և մի բացահայտում էլ կկատարեմ․ Քրեական դատավարության օրենսգիրքը մեզ հուշում է, որ եթե անձը կալանավորված է, ապա այդ կալանքի վերջնաժամկետից 15 օր շուտ գործը պետք է ուղարկես դատարան, եթե ուղարկելու ես դատարան։ Այսօր այլևս նոյեմբերի 4-ն է, կալանքի ժամկետը լրանում է նոյեմբերի 18-ին։ Պաշտոնապես կարող եմ արձանագրել, որ 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը որոշեց անտեսել դատարանի որոշումը։ Ես հաստատապես եմ պնդում, որ երբ կգա օրը՝ նոյեմբերի 18-ը, մենք չենք ունենալու իրավիճակ, որ այս վարույթը կարճված կլինի։ Թող հակառակն ինձ ապացուցի քննչական մարմինը, և ես սխալված լինեմ։ Այնքան ուրախ կլինեմ, որ սխալված լինեմ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930