Զեղծարարության հնարքներն անընդհատ կատարելագործվում են. նոր գործիքներն ու մեթոդները արագորեն տարածվում են ամբողջ աշխարհով մեկ, և որևէ երկրի սահմանային ռեժիմը կամ իրավական դաշտը այլևս չեն կարող հանդիսանալ բավարար խոչընդոտ։
Հայաստանում այս թեման հատկապես ակտուալ է՝ հաշվի առնելով երկրին բնորոշ մի շարք առանձնահատկություններ։ Այսօր արդեն նաև մեր երկրում են հազարավոր մարդիկ դառնում զեղծարարների զոհ՝ տարբեր թվային սխեմաների միջոցով։ Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ հասարակության լայն շերտերը չունեն թվային հիգիենայի, տեղեկատվական անվտանգության և կիբեռպաշտպանության մասին բավարար գիտելիքներ։ Շատերը չեն կարողանում տարբերել իրականը կեղծից, չեն ճանաչում վտանգավոր հղումները, չեն կարողանում գնահատել իրենց տվյալների արժեքը, ինչի հետևանքով հեշտությամբ են տրամադրում իրենց անձնական ու ֆինանսական տվյալները՝ բանկային քարտի տվյալներ, օգտագործվող գաղտնաբառեր, անձնագրային կամ սոցիալական ցանցերի մուտքանուններ և այլն։
Վերջերս արձանագրված դեպքերից մեկը, որի ժամանակ նույնիսկ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ստորագրությունն է կեղծվել, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ զեղծարարները պատրաստ են ավելի հեռու գնացող քայլերի՝ օգտագործելով տեխնոլոգիաներ, գրաֆիկական ծրագրեր, անգամ արհեստական բանականություն՝ իրենց նպատակներին հասնելու համար։
Այս ամենը մի կողմից էլ բացահայտում է իրավական ու վերահսկողական համակարգերի թերիությունը։ Հայաստանում զեղծարարությունների խնդրի առանձնահատկություններից մեկն այն է, որ համապատասխան կառույցները հիմնականում արձագանքում են արդեն իրականացված դեպքերին։ Հաճախ զեղծարարության մասին հաղորդագրությունները տարածվում են միայն այն ժամանակ, երբ մի քանի տասնյակ կամ հարյուրավոր մարդիկ արդեն դարձել են զոհ։ Այս իրավիճակը պայմանավորված է ինչպես ռեսուրսների սահմանափակությամբ, այնպես էլ թվային գրագիտության պակասով, իրավական դաշտի թերիությամբ և հանրային իրազեկման մեխանիզմների ոչ բավարար արդյունավետությամբ։ Մարդիկ տեղեկանում են ռիսկերի մասին միայն այն ժամանակ, երբ վտանգն արդեն իրագործվել է։ Բացի այդ, զեղծարարներին հայտնաբերելու և պատժելու գործընթացը հաճախ չափազանց դանդաղ է, ինչը խոչընդոտում է կանխարգելման և հանրային վստահության բարձրացման հնարավորությունը։
Այս իրավիճակում անհրաժեշտ է արմատապես փոխել մոտեցումները և կառուցել այնպիսի միջավայր, որը դժվարացնում, եթե ոչ՝ անհնարին է դարձնում զեղծարարության իրականացումը։ Նախ՝ պետք է էապես բարձրացնել հանրային իրազեկվածությունը, ներդնել կրթական ծրագրեր՝ սկսած դպրոցներից մինչև մեծահասակների ուսուցում, որոնք կսովորեցնեն քաղաքացիներին տարբերել վտանգավոր հաղորդագրությունները, ճանաչել կեղծված կայքերը, չթողնել իրենց տվյալները անծանոթ հարթակներում, չհավատալ հեշտ հարստանալու խոստումներին, չբացել կասկածելի հղումները։ Պետք է զարգացնել թվային գրագիտությունը՝ որպես ժամանակակից հասարակության կենսագործունեությանն ուղղված անհրաժեշտություն։ Երկրորդ հերթին պետք է ամրացնել իրավական դաշտը, ապահովել խիստ պատժամիջոցներ ոչ միայն զեղծարարների, այլև նրանց օժանդակողների նկատմամբ, ներդնել արագ արձագանքման և տեղեկատվության փոխանակման համակարգեր, որոնք թույլ կտան կանխել խարդախության տարածումը նախքան զանգվածային զոհերի ի հայտ գալը։ Չպետք է անտեսել նաև տեխնոլոգիական միջոցները՝ տվյալների պաշտպանության համակարգերը, երկաստիճան նույնականացումը, հեռակառավարման ծրագրերի և հակավիրուսների կիրառումը, բանկերի ու պետական կառույցների կողմից մշտական մոնիտորինգի իրականացումը։ Միաժամանակ, պետք է խրախուսել միջազգային համագործակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, նորարարական լուծումների ներգրավման, միջազգային փորձի կիրառման և համատեղ կիբեռհանցագործությունների բացահայտման ուղղությամբ։
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































