Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, 2025 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Այցի ընթացքում, ի թիվս այլնի` ուսումնասիրության առարկա են դարձել քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, քրեակատարողական ծառայողների հաստիքների համալրվածությունը և նրանց աշխատանքային պայմանները, ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապը, հոգեբանական աշխատանքներին և վերասոցիալականացմանն առնչվող հարցեր և այլն:
Պաշտպանը ողջունում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2025 թվականին իրականացված վերանորոգման աշխատանքները, որի արդյունքում ամբողջապես հիմնանորոգվել են ՔԿՀ-ում տեղակայված բժշկական մասնաշենքը և կարանտինային բաժանմունքի խցերը։
Միևնույն ժամանակ, արձանագրվել են խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են:
Այսպես.
Կարդացեք նաև
• քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս ազատությունից զրկված ոչ բոլոր անձինք են ապահովվել անհրաժեշտ անկողնային պարագաներով, սպասքով և հիգիենիկ պարագաներով,
• մասնաշենքերում առկա տեսագրող և տեսաձայնագրող համակարգերը չեն ծածկել ՔԿՀ-մասնաշենքերի ամբողջ տարածքը և հաճախ ունեցել են պատկերները վերարտադրելու տեխնիկական խնդիրներ, ինչը խնդրահարույց է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման և անվտանգության ապահովման տեսանկյունից,
• պատժախցային մասնաշենքը, այդ թվում՝ խցերն ունեն հրատապ վերանորոգման անհրաժեշտություն,
• արձանագրվել են ազատությունից զրկված, այդ թվում՝ օտարերկրացի անձանց լիցենզավորված արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունում կցագրման խնդիրներ,
• արձանագրվել են ազատությունից զրկված, այդ թվում՝ օտարերկրացի անձանց բժշկական հետազոտություններն ու նեղ մասնագիտական խորհրդատվությունները ժամանակին, առանց ձգձգումների կազմակերպելու դժվարություններ, որոնք շատ դեպքերում պայմանավորված են նաև պահակախմբերի և տրասնպորտային միջոցների սակավությամբ,
• ազատությունից զրկված մի շարք անձինք օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ՝ առանց առանձին պահելու վերաբերյալ որոշում կայացնելու՝ փաստացի տևական ժամանակ պահվել են մեկուսի,
• արձանագրվել են քրեակատարողական հիմնարկ նոր ընդունված ազատությունից զրկված անձանց նախնական բժշկական զննության իրականացման հետ կապված խնդիրներ. մասնավորապես, զննությունը շարունակում է իրականացվել ոչ պատշաճ՝ ամբողջական բժշկական զննություն չի իրականացվում, այն իրականացվում է կարանտինային բաժանմունքում խուզարկության համար առանձնացված սենյակում՝ խուզարկության հետ համատեղ՝ քրեակատարողական ծառայողների հետ միասին։ Ավելին, նշված սենյակը բժշկական զննության համար նախատեսված և կահավորված չէ,
• նախնական բժշկական զննություն իրականացվել է, երբ անձն առաջին անգամ ընդունվել է քրեակատարողական հիմնարկ, իսկ այլ դեպքերում, երբ անձը տեղափոխվել է դատարան կամ վարույթային կամ ապացուցողական որևէ այլ գործողությանը մասնակցելու համար, հիմնարկ մուտք գործելիս անձինք բժշկական զննության չեն ենթարկվել,
• արձանագրվել են ժամկետանց բժշկական պարագաներ, մասնավորապես՝ հեպատիտ «Ց»-ի արագ հայտնաբերման ստրիպներ,
• արձանագրվել է մասնաշենքերում, այդ թվում՝ խցերում միջատների և կրծողների առկայություն,
• ստացվել են ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի առնչությամբ տեղեկություններ, ինչի վերաբերյալ անհրաժեշտ է իրականացնել համապատասխան քննություն,
• արձանագրվել են դատարան տեղափոխվող անձանց սննդով ապահովելու հետ կապված խնդիրներ,
• հոգեբանի հաստիքները շարունակում են մնալ անբավարար,
• արձանագրվել են կալանավորված օտարերկրացի անձանց հագուստով ապահովման խնդիրներ,
• արձանագրվել են ազատությունից զրկված օտարերկրացի անձանց իրենց կրոնական համոզմունքներին համապատասխան սնունդ տրամադրելու հետ կապված խնդիրներ,
• առկա է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժանձնակազմի և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների միջև աշխատանքային հարաբերությունների բարելավման անհրաժեշտություն։
Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ խնդիրները քննարկել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։
Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը, որոնք ևս հատուկ քննարկման առարկա կդառնան իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում:
Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ


















































