Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրս կարոտել էր բեմը. Հրանտ Թոխատյանի որդին՝ «Առաքել» ներկայացման եւ հոր մասին

Նոյեմբեր 06,2025 14:54

Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը տեւական դադարից հետո վերադարձել է բեմ: Նրա ստեղծագործական վերադարձը նշանավորվում է Գևորգ Ալթունյանի հեղինակած և ռեժիսոր Արթուր Սահակյանի բեմադրած «Առաքել» ներկայացմամբ, որտեղ Թոխատյանի խաղընկերը սիրված դերասան Սամվել Թոփալյանն է։

Դադարից հետո առաջին ներկայացումը սեպտեմբերին էր, իսկ հանդիսատեսի արձագանքն առավել քան տպավորիչ՝ ջերմ, լի հուզմունքով ու երախտագիտությամբ։

«Այս հանդիպումներին շատերն էին սպասել։ Տպավորություն է, որ հարազատ մարդկանց սպասված հանդիպում էր»,- նշեց «Առաքելի» պրոդյուսեր Արամ Թոխատյանը, հավելելով, որ ներկայացման յուրաքանչյուր ցուցադրություն անցնում է բացառիկ ջերմ ու զգացմունքային մթնոլորտում:

«Առաքելը» նոյեմբերի 17-ին կրկին բեմում կլինի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, իսկ առաջիկայում նաև հյուրախաղեր կլինեն։

«Ներկայացումը բեմ է վերադարձել նոր շնչով: Թիմն այնքան լիարժեք եւ անմնացորդ է ներգրավված աշխատանքում, որ թվում է՝ դադար ընդհանրապես չի էլ եղել։ Հայրս շատ էր կարոտել բեմը, ստեղծագործելու ընթացքը։ Իսկ հիմա վերադարձել է այնպես, կարծես երբեք չէր էլ հեռացել բեմից: Իսկ հանդիսատեսի արձագանքը մեզ վստահություն է ներշնչում, որ ճիշտ տեղում ենք»,- ասաց նա։

Թոխատյանը բեմում այնպիսին է, ինչպիսին նրան սիրում է հանդիսատեսը՝ էներգիայով ու կյանքով լի, իսկ հանդիսատեսը շնորհակալ է նրան և Սամվելին՝ դերասանական վարպետության համար:

«Հետաքրքիր զուգադիպությամբ՝ «Առաքել»-ը ստեղծվել է 9 ամսում՝ ճիշտ նույնքան ժամանակահատվածում, որքան «Խաթաբալադան» եւ «Mea Culpa»-ն։ Իհարկե, այդ ժամկետը չէր կարող նախապես պլանավորված լինել որևէ մեկիս կողմից և ստացվել է ինքնին, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, յուրաքանչյուր ներկայացման ստեղծագործական ու տեխնիկական փուլերն իրականում հենց այդքան ժամանակ են պահանջում։ Դա երեխայի ծնվելու պես մի բան է՝ երկար, բարդ, բայց չափազանց սպասված»,- նշեց Արամ Թոխատյանը։

Պիեսը ծնվել է 44-օրյա պատերազմից հետո՝ որպես խորքային մտորում հայրենիքի, արժանապատվության եւ ապրելու կամքի մասին։ Ներկայացումը պատմում է մարդու մասին, որը կանգնած է կյանքի ու մահվան սահմանագծին, պատրաստ է հանձնվել, սակայն հանդիպում է այն ուժին, որը վերադարձնում է նրան ապրելու եւ պայքարելու իմաստն ու հավատը։

Սամվել Թոփալյանը մարմնավորում է Տիգրան Մխիթարյանին՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր սպային, որը պատերազմից հետո կորցրել է ապրելու ցանկությունը։ Սակայն նրա կյանքում հայտնվում է Հրանտ Թոխատյանի հերոսը՝ խորհրդավոր Առաքելը, որը պարբերաբար Տիգրանին կանգնեցնում է ապրելու և հանձնվելու երկընտրանքի մտորումների առջև։

Ներկայացման ընթացքում հնչում է գլխավոր հարցը՝ ո՞վ է Առաքելը եւ ո՞վ է իր Տերը։ Թոխատյանի կերպարը պատասխանը տալիս է հենց բեմից․«Այսքան տարի սպասում ենք, որ մեկը գա ու փրկի։ Բայց փրկությունը պարտավոր ենք փնտրել մե՛ր մեր: Երբ հասկանանք, որ մեր ուժը մեր միասնության մեջ է, կյանքն էլ, պայքարն էլ ավելի հեշտ կդառնան»։

Ներկայացման առանցքում կյանքի շարունակության, հավատի և արժանապատվության գաղափարներն են, իսկ ապրելու բանաձևը հետևյալն է. «Ոչ թե հանձնվել, արտագաղթել կամ կախվել, այլ ապրել ու պայքարել։ Ու երբ հաղթենք, ամեն մեկն իր որդու գերեզմանի եռագույնը հպարտությամբ կտանի ու կդնի այն հողի վրա, որի համար որդին կյանք է տվել։ Սա՛ է արժանապատվության ուղին»։

 

Լուսինե ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930